Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Պահպանենք եւ չաղավաղենք նաեւ մեր ընդհանուր խորհրդանիշներից մեկը»

Մարտ 20,2023 13:00

Մասնագետը՝ «յան» վերջավորությամբ պարսկական ազգանունների տառադարձման մասին

«Առավոտը» Հայաստան այցելած արվեստագետների հետ  զրույցներում, իհարկե ոչ հաճախ, բայց հանդիպում է ոչ միայն իր համար անբացատրելի իրողությունների։ Պարսիկ երիտասարդ դիրիժոր Քավե Զյուլեն, որն, ի դեպ, հրաշալի տիրապետում է հայերենին, վերջերս մեզ հայտնեց, որ հայաստանյան մեդիա ոլորտում իրանական «յան» վերջավորությամբ ազգանունները, չգիտես ինչու, ներկայացվում են «իան»-ով։ Թերթելով մեր մամուլի էջերը, իսկապես հանդիպեցինք «իան»-ով վերջացող իրանցիների բազմաթիվ ազգանունների։ Այս հարցով պարզաբանում խնդրեցինք բանասիրական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող Արտակ Վարդանյանից։

Հայկական եւ պարսկական հնագույն հավատալիքների հետ են կապված մեր ուրարտական Խալդին եւ իրենց Ահուրարազդան (Արամազդը)։

Մեր զրուցակիցը նախ ներկայացրեց ժամանակին իր հետ պատահածը. «Մի ծանոթ լրագրողի հարցրի՝ ինչո՞ւ եք իրանական ազգանունների յան-ը հաճախ իան-ով տառադարձում, չէ՞ որ իրանական մյուս ժողովուրդների՝ մեր հայրենակից քրդերի եւ եզդիների համանման ազգանունները միշտ էլ յան-ով է տառադարձվում։ Նա առանց վարանելու պատասխանեց՝ որպեսզի տարբերվեն մեր ազգանուններից։ Փորձեցի առարկել՝ բայց ինչո՞ւ պետք է տարբերվեն, եթե իրականում նույնն են եւ նույն կերպ էլ արտասանվում են։ Զրուցակիցս ժպտաց, չգիտեմ՝ համոզվե՞ց, թե՞ ոչ»։ Անդրադառնալով խնդրին, պարոն Վարդանյանը հիշեցրեց, որ հայերն ու պարսիկները միեւնույն՝ հնդեվրոպական-արիական արմատներ ունեցող դրացի եւ ցեղակից ժողովուրդներ են, թեեւ տարբեր կրոններ են դավանում եւ երկու ժողովրդի լեզվում, մշակույթում, արժեհամակարգում հանդիպում են բազմաթիվ ընդհանրություններ, նմանություններ, փոխառություններ։ «Այսպիսի ընդհանրություններից է նաեւ մեր եւ պարսիկների ազգանունների «յան» վերջավորությունը։ Միանգամից ասենք, որ ե՛ւ հայերենում, ե՛ւ պարսկերենում ազգանվանակերտ այս վերջավորության հիմքում երկու լեզուներում էլ առկա հոգնակի թիվը կազմող միեւնույն «ան» կամ «յան» վերջավորությունն է։ Պարսկերենում այսօր էլ շատ կիրառական է այդ հոգնակերտ վերջավորությունը՝ դոխտար (աղջիկ)-դոխտարան (աղջիկներ), մահի (ձուկ)-մահիյան (ձկներ), խոդա (աստված)-խոդայան (աստվածներ)։ Ժամանակակից գրական հայերենը չի պահպանել այդ հոգնակերտը, սակայն այն կիրառական է եղել հին հայերենում (գրաբարում)՝ խորդ (կռունկ)-խորդեան (կռունկներ), թուղթ-թղթեան (թղթեր), բերդ-բերդեան (բերդեր) եւ այլն, որի հիմքով էլ ձեւավորվել է հայկական ամենատարածված ազգանվանակերտ մասնիկը»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։

Թվում է՝ ամեն ինչ պարզ է եւ հստակ, սակայն… ընդհատելով մեր դիտարկումը, պարոն Վարդանյանը պատասխանեց. «Սակայն պարսկական ազգանունները հայերեն տառադարձելիս հեռուստատեսությամբ եւ մամուլում հաճախ են հանդիպում իրանական ազգանունների արհեստածին «իան» վերջավորությամբ տառադարձումներ՝ Աբդոլլահիան, Հաղիղիան, Ֆարշիան եւ այլն, իսկ որ առավել զավեշտական է՝ Ռեզաիան, Փուրյաիան, Ռաֆիիան… Ձայնավորների նման առատ կուտակումները, ի դեպ, ամենեւին բնորոշ չեն ո՛չ պարսկերենին, ո՛չ էլ հայերենին։ Թեեւ պարսկերենում ի եւ յ հնչյուններին համապատասխանում է միեւնույն  ی («յե») գիրը, այնուամենայնիվ, یان ով ազգանունները միանշանակ հնչում են յան, ուստի յան-ով էլ պետք է տառադարձել, ինչպես տառադարձում ենք Հայաստանում ապրող եզդիների եւ քրդերի ազգանունները՝ Ալոյան, Ուզոյան, Մամոյան եւ այլն»։

Զրույցի ավարտին պարոն Վարդանյանը փաստելով, որ հայ եւ իրանցի ժողովուրդներն ապրում են բարեկամության օրինակելի մի ժամանակաշրջան՝ հարգում են միմյանց մշակույթն ու ինքնությունը, վերականգնում միմյանց պատմամշակութային հուշարձանները, թարգմանում եւ հրատարակում գրականության մեծերին եւ այլն, հորդորեց. «Ուրեմն նաեւ պահպանենք եւ չաղավաղենք հայ-իրանական հազարամյակների բարեկամության եւ եղբայրության խորհրդանիշներից մեկը՝ մեր ընդհանուր «յան» ազգանվանակերտ վերջավորությունը»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031