Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ հիշելով՝ Ալեն Սիմոնյանի դեպքը առաջին անգամ էր, որ հրապարակային ներողություն խնդրվեց, բայց դա բավարար չի». Սոնա Այվազյան

Ապրիլ 09,2023 13:30

Ինչպես հայտնի է, մի շարք ՀԿ-ներ հայտարարություն էին տարածել՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Կասկադում քաղաքացու երեսին թքելու միջադեպի հետ կապված: Նրանք պահանջել էին անհապաղ ձեւավորել ԱԺ էթիկայի հանձնաժողով եւ քննել Ալեն Սիմոնյանի վարքագիծը:

Հետո ԱԺ նախագահը ֆեյսբուքյան իր էջում ներողություն խնդրեց քաղաքացիներից, իր ձեւակերպմամբ՝ իրեն ուղղված անձնական վիրավորանքից հունից դուրս գալու համար:

«Թրանսփարենսի ինթերնեյշընըլ» հակակոռուպցիոն կենտրոնը, ի թիվս այլ ՀԿ-ների, նույնպես ստորագրել էր հայտարարության տակ ու պահանջել քննել Սիմոնյանի վարքը, ուստի Aravot.am-ը կազմակերպության գործադիր տնօրեն Սոնա Այվազյանին հարցրեց՝ բավարարվա՞ծ են արդյոք այդ ներողությամբ, թե՞ հայտարարության մեջ նշված պահանջը մնում է ուժի մեջ: Նա պատասխանեց. «Բացարձակ բավարար չէ: Միանշանակ հայտարարությունը մնում է ուժի մեջ»:

Էթիկայի հանձնաժողով նախկինում ստեղծվել է՝ նախկին իշխանությունների օրոք: Սոնա Այվազյանն ասաց, որ նախկինում ճկունություն կար, հիմա, երբ 2015-ի  սահմանադրությամբ ամրագրվել է, որ ժամանակավոր է, դրանով խութ է տեղադրվել Սահմանադրության մեջ, որ այդ հանձնաժողովը փաստացի չգործի, մինչեւ երեւի հատուկ դեպք չլինին ու քաղաքական մեծամասնությանը պետք լինի օգտագործել դա: Ըստ նրա, անկախ նրանից՝ հեղափոխություն կլիներ, թե չէ, այդ նորմը հենց այսպես էլ գործելու էր. «Ներկա իշխանությունները պարզապես օգտվում են նախկին իշխանությունների ստեղծած խութերից, սահմանադրական տարբեր խոչընդոտներից»:

Հարցին՝ եթե նույնիսկ հնչի քաղաքական գնահատական ԱԺ էթիկայի հանձնաժողովի ստեղծման արդյունքում, օրինակ, լինի եզրակացություն, որ Ալեն Սիմոնյանը խախտել է էթիկայի կանոնը եւ պետք է ներողություն խնդրի, այդ ներողությունը արդեն հնչել է եւ մեկ անգամ եւս, ասենք, կհնչի նաեւ ԱԺ ամբիոնից, բայց արդյոք դա համարժեք է արարքին, որովհետեւ շատ իրավապաշտպաններ խուլիգանության եւ այլ հոդվածներ են այստեղ տեսնում: Արդյոք քրեական իրավունքի նորմերի խախտումը կարող է այսպես ասած «մաքրվել» ու մոռացվել՝ քաղաքական գնահատական տալով եւ էթիկայի հանձնաժողովի եզրակացությամբ՝ Սոնա Այվազյանը պատասխանեց. «Չէ, իհարկե, չպետք է մաքրվի: Եթե կա քրեական հանցակազմ, ապա պետք է քրեական ճանապարհով եւս հետապնդվի տվյալ արարքը, բայց էթիկայի մասով ամեն դեպքում մենք կարծում ենք, որ մեկը մյուսին չպետք է խանգարի, որովհետեւ նմանատիպ իրավիճակներ շատ հաճախ են ստեղծվում եւ որեւէ գնահատական չի տրվում ըստ էության: Իմ հիշելով՝ սա առաջին անգամ էր, որ հրապարակային ներողություն խնդրվեց, բայց դա էլ բավարար չի: Առհասարակ պետք է ստեղծել այդ  նախադեպը, որ էթիկայի հանձնաժողովը գործի եւ պարբերաբար նմանատիպ միգուցե ավելի ուժեղ կամ ավելի մեղմ թերացումները ԱԺ պատգամավորների կողմից պետք է քննվեն: Դա քաղաքական մշակույթի մաս պետք է դառնա, որ քաղաքական գործընկերները՝ ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչները նստեն իրար հետ եւ քննեն ու քննարկեն՝ տվյալ արարքը հարի՞ր է պատգամավորին, թե՞ հարիր չէ: Անկախ ներողություններից, դա պետք է տեղի ունենա»:

GRECO-ն իր հանձնարարականների մեջ նշում է, որ ԱԺ-ն չի ստեղծում էթիկայի հանձնաժողովներ ու չի քննում պատգամավորների կողմից էթիկայի կանոնների խախտման դեպքերը, չնայած այդ դեպքերը մեր խորհրդարանում անպակաս են: Հարցին՝ դուք ի՞նչ լուծում եք տեսնում այս խնդրին՝ հաշվի առնելով, որ էթիկայի հանձնաժողով ստեղծելը թողնված է խմբակցությունների հայեցողությանը, իսկ նրանք  չեն ցանկանում դա անել, ստացվում է, որ այլ մարմին, որը կարող է քննել պատգամավորների վարքը, էթիկայի խախտումները, չկա՝ Սոնա Այվազյանը պատասխանեց. «Իրականում այդ խոչընդոտը ձեւակերպված է սահմանադրության մեջ: Սահմանադրությունը ժամանակավոր էթիկայի հանձնաժողովի հիմք է տվել: Դա է պատճառը, որ չարաշահվում է: Մշտական որպես այդպիսի գործող հանձնաժողովի պահանջ  չկա Սահմանադրության մեջ եւ դա է պատճառը, որ յուրաքանչյուր դեպքի կապակցությամբ ենթադրաբար պետք է ստեղծվեր առանձին հանձնաժողով, ինչը  չի աշխատում՝ հասկանալի պատճառներով՝ քաղաքական տարբեր շահեր են, ներկայացումներ են, ցանկություն չկա անդրադառնալ եւ բնական է, որ այդպես էլ պետք է լիներ: Նախ, միանշանակ, պետք է նոր Սահմանադրության մեջ  ամրագրվի դա, բայց, այնուամենայնիվ, մենք  առաջարկել ենք այդ խոչընդոտը շրջանցելու ուղիներ, որը, սակայն, չի իրականացվել: Մասնավորապես, օրինակ, յուրաքանչյուր նստաշրջանի համար առաջարկել ենք ստեղծել էթիկայի հանձնաժողով, որը կկարողանա  քննել այդպիսի գործերը: Դա սահմանադրությամբ ամրագրված ժամանակավոր բնույթը կապահովի, բայց միեւնույն ժամանակ հարցը առկախված չի թողնի քաղաքական նպատակահարմարություններից: Բայց դա չի արվել եւ այո, դա մեծ բաց է ու խնդիր է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930