Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Աջակիցներս իմ պրոֆեսորներն ու ընկերներն են»

Ապրիլ 29,2023 12:00

Հարցազրույց փոփ երգիչ Մարկ Հայրապետյանի հետ

– Մարկ, տարբեր առիթներով ձեր անունը հոլովվում է ժամանակակից երգարվեստի ոլորտի մասնագետների շրջանում, ձեզ հանդիպել ենք կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյանին նվիրված, Ռոբերտ Ամիրխանյանի հեղինակային երեկոներին, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի՝ Ֆրենկ Սինատրայի հիթերից կազմված համերգին եւ այլն։ Ե՞րբ եւ ինչպե՞ս սկսվեց այդ ամենը՝ երգչի կարիերան։

– Ամենը սկսվեց Երեւանի կոնսերվատորիայից, որտեղ ուսանում եմ, իսկ առաջին բեմելս 2016-ին էր. Ռոբերտ Ամիրխանյանի հեղինակային երեկոյին կոմպոզիտորն ինձ վստահել էր իր սիրված երգերից երեքի կատարումը՝ «Աշնան մեղեդի», «Կարմիր ծաղիկ մը գարունի», «Անանձնություն»։ Ինձ համար պատիվ էր երգերը մատուցել հեղինակի նվագակցությամբ։ Դրանից հետո մեկնեցի պարտադիր զինվորական ծառայության, վերադարձա ու ընդունվեցի կոնսերվատորիա։ Այստեղ՝ կոնսերվատորիայում, առաջին օրվանից շրջապատվեցի իսկապես աննկարագրելի հոգատարությամբ։ Բարձրաձայնեմ վոկալի դասախոսիս՝ սիրված երգչուհի Էմմա Պետրոսյանի, կոմպոզիտորներ՝ փոփ-ջազ ամբիոնի ղեկավար Նարինե Զարիֆյանի, Երվանդ Երզնկյանի անունները։ 2021-ին դեռ առաջին կուրսում էի, որ մասնակցեցի Առնո Բաբաջանյանին նվիրված երեկոյին՝ համագործակցելով Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի հետ, հետո ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, որի ծրագրում բացառապես Ֆրենկ Սինատրայի հիթերն էին, երկու համերգներն էլ ղեկավարում էր Երվանդ Երզնկյանը։ Ինձ համար արժանահիշատակ են կոնսերվատորիայում կայացած համերգները եւս, այդ թվում՝ Էմմա Պետրոսյանի հոբելյանական երեկոն։
2022թ. իմ հիմնած էստրադային-սիմֆոնիկ երիտասարդական նվագախմբի հետ «Միշտ մեր Ազնավուր» խորագրով համերգով հանդես եկանք Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի դահլիճում։ Չմոռանամ նշել, որ մինչ այդ նույն նախագծով հանդես էինք եկել Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայում եւ այդ համերգից հետո կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Սոնա Հովհաննիսյանի աջակցության շնորհիվ էր, որ իրականություն դարձավ Գյումրիում համերգը։ Ասեմ նաեւ, որ էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի ելույթներին մասնակցում են երգիչներ Սոլանժ Սարգսյանը, Ավետ Թաշչյանը, Լիլյան Շահբազյանը, Արմա Գալոյանը։ Նվագախմբի կազմում հիանալի երաժիշտներ են՝ եւ կոնսերվատորիայի ուսանողներ, եւ արդեն ուսումն ավարտած, դիրիժորն էլ է դեռեւս ուսանող՝ Վաչագան Մամիկոնյանը, նաեւ հրավիրում ենք հայաստանաբնակ իրանցի դիրիժոր Քավե Զուլեին։

– Էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի ծրագրում, բացի հայ կոմպոզիտորներից, ո՞ւմ ստեղծագործություններն եք հնչեցնում եւ ամենակարեւորը՝ նման կազմով նվագախմբին առաջին հերթին անհրաժեշտ է փորձասենյակ, էլ չենք խոսում պարտիտուրների մասին, որ շոշափելի գումար արժե։

– Հնչեցնում ենք ոչ միայն հայ կոմպոզիտորների երգեր, այլեւ համաշխարհային հիթեր։ Ձեր թվարկածների մասով բախտս բերել է. փորձասենյակ տրամադրել է կոնսերվատորիան, իսկ պարտիտուրների մասով «ձեռք է մեկնում» հարգարժան Երվանդ Երզնկյանը։

– Դուք ոչ միայն բախտավոր եք, այլեւ հաջողակ։ Նախկինում՝ նկատի ունենք խորհրդային տարիներին, ո՞վ էր տեսել, որ ուսանողը հանդիսատեսին ներկայանա ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի, ֆիլհարմոնիկի հետ, չենք զարմանա, եթե հայտարարեք, թե պրոդյուսեր էլ ունեք…

– Չէ, պրոդյուսեր չունեմ, ո՞ւր է ինձ նման  բախտ (ժպտում է- Ս. Դ.)։ Աջակիցներս իմ պրոֆեսորներն ու ընկերներն են։
– Փաստորեն, շուրջ երեք տարի է՝ պրոֆեսիոնալ բեմում եք, հետաքրքիր է՝ հանդիսացե՞լ եք որեւէ երգի առաջին կատարող։

– Գուցե առաջին կատարող՝ ոչ, բայց իրենց երգերի կատարումներն են ինձ վստահել Ռոբերտ Ամիրխանյանը, Նարինե Զարիֆյանը, Էմմա Պետրոսյանը, Լիանա Անդրեասյանը։

– Ասում են, որ հեղինակած երգեր էլ ունեք…

– Այո, ունեմ։ Շատ լավ եմ հիշում. 2016 թվականն էր, մի տեսակ էմոցիոնալ փոթորիկ էր ներսումս, մյուս կողմից էլ այն շրջանն էր, երբ սկսվել էին փորձերը Ռոբերտ Ամիրխանյանի հետ… Չգիտեմ՝ գուցե կոմպոզիտորի հետ շփումն էր պատճառը կամ երկուսը միասին… Կարճ ասած՝ ստեղծվեց առաջին երգը, հետո մյուսները։ Ի դեպ, երգերիս մեծ մասը ստեղծված են մեր դասականների՝ Տերյանի, Չարենցի, Իսահակյանի, Սեւակի բանաստեղծություններով։ Առայժմ մեկ տեսահոլովակ ունեմ՝ Սեւակի բանաստեղծությամբ։

– Դուք նշեցիք, որ բախտավոր եք, մենք ավելացրինք՝ նաեւ հաջողակ։ Ցանկացած ստեղծագործողի համար, բացի շնորհալի կամ տաղանդավոր լինելուց, այդ երկու հանգամանքը ոչ պակաս կարեւոր են հաճախակի ելույթներ, նախագծեր իրականացնելու համար։ Եթե չենք սխալվում՝ այս տարի արդեն հասցրել եք հանդես գալ Հանրային ռադիոյի ձայնագրման ստուդիայում, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, օրերս էլ՝ Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի պալատում, նվագախումբ ունեք, դասախոսներն աջակցում են, կա գործին նվիրյալ ընկերների հանգամանքը… Բայց կավարտեք կոնսերվատորիան, նվագախմբի երաժիշտներից ոմանք կընտրեն ստեղծագործելու, ինքնաբացահայտման նոր ճանապարհներ… Այս առիթով մտավախություն չունե՞ք։

– Արդեն ասացի, որ նվագախումբը զուտ ուսանող երաժիշտներից չէ կազմված, ուսանողական չէ։ Ո՞վ գիտե, գուցե ասածս ամպագոռգոռ հնչի, բայց չի բացառվում, չէ՞, որ մեր հանրապետությունում գործող միակ պետական էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի կողքին հայտնվի նաեւ երկրորդը, մանավանդ՝ այսօր փոփ ժանրի երգիչների առատություն է։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930