Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատավորը բարկացավ, թղթերը խփեց սեղանին, ասաց՝ առանց դատաքննություն իրականացնելու կհրապարակի վճիռը»․ ըստ փաստաբանի՝ 33-րդ թաղամասի բնակիչների իրավունքը խախտվում է

Հունիս 07,2023 19:22

Փաստաբան Տիգրան Հայրապետյանն այսօր առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրի դատավոր Մուրադ Հովակիմյանի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազին։

Արաբկիրի նստավայրում այսօր տեղի է ունեցել 33-րդ թաղամասի (Ֆիրդուս) կառուցապատման վերաբերյալ հերթական դատական նիստը։ «Առավոտի» հետ զրույցում փաստաբան Տիգրան Հայրապետյանը, որը ներկայացնում է 33-րդ թաղամասի բնակիչներ Անահիտ եւ Մհեր Սաֆարյանների շահերը, ասաց, որ դատավորը աննախադեպ որոշում է կայացրել այսօրվա նիստում։

33-րդ թաղամասը 2018 թվականին երկրորդ անգամ ճանաչվել էր հանրային գերակա շահ, եւ մի տարածք կառուցապատման իրավունքով տրվել էր «Սիթի Սենթր Դիվելըփմենթ» ընկերությանը։ «Թաղամասում երկհարկանի ամուր կառույց կար՝ 1000 մետրից ավելի հողամասով, որի դիմաց «Սիթի Սենթր Դիվելըփմենթ»-ը կոպեկներով փոխհատուցում է առաջարկել։ Բնակելի շինության մեկ քմ համար 300 դոլարից պակաս փոխհատուցման առաջարկ է ներկայացրել։ Բնականաբար, 15 սեփականատերերը չեն համաձայնել, եւ ընկերությունը դիմել է դատարան։ Ամենահետաքրքիրն այն է, որ 2018 թվականին ՀՀ կառավարությունը լիազորել է Երեւանի քաղաքապետարանին, որպեսզի հետեւի օտարման գործընթացներին, որպեսզի որեւէ իրավունքը չխախտվի։ Երեւանի քաղաքապետարանը ճիշտ հակառակն է արել՝ իր ԾԻԳ-ին հանձնարարել է, որ ներկայացնի «Սիթի Սենթր Դիվելըփմենթ»-ի շահերը։ Սա հանցավոր գործունեություն է, օրենքին հակասող։ Պետական լիազոր մարմինը պետք է անաչառ դիտորդի, արբիտրի դեր տանի, որպեսզի կարողանա թույլ չտալ, որ քաղաքացիների իրավունքները խախտեն եւ ապահովի, որ կառուցապատողն աշխատանքները ժամանակին կատարի։ Իսկ այս դեպքում կոպտորեն խախտվել է օրենքը՝ պետական մարմինը փաստորեն ներկայացնում է կառուցապատողին, ավելի հանցավոր կոռուպցիոն սխեմա հնարավոր չէ պատկերացնել։ Այսինքն՝ ստացվում է, որ կառավարությունն ինչ-որ տարածք համարում է հանրային գերակա շահ, քաղաքապետարանի միջոցով ու ԾԻԳ-ի աշխատակիցների ձեռքով քաղաքացիների գույքը կոպեկներով վերցնում է»,- ասաց նա։

Ըստ Տիգրան Հայրապետյանի՝ դատարանը փորձաքննություն է նշանակել, եւ «դատարանի ծանոթ փորձագետները մեկ քմ շուկայական արժեքը 215 դոլար են գնահատել»։ «2005 թվականի համեմատ այսօր Երեւանում անշարժ գույքի գները 10 անգամ բարձրացել են, Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ անգամ 215 դոլար որեւէ մեկին չի առաջարկվել գույքի դիմաց։ Իսկ այսօր 215 դոլար առաջարկվում է Հրապարակին հարող տարածքի շենքի մեկ քմ համար։ Համակարգային կոռուպցիայի ավելի ցցուն օրինակ հնարավոր չէ պատկերացնել։

Տիգրան Ավինյանը, լինելով նախկին փոխվարչապետ, հայտարարել էր՝ մենք չենք կրկնում նախկին կառուցապատողների թերությունները, որ 500 դոլարով օտարենք մարդկանց գույքը։ Իր բառերը ձայնագրված կան, ասում է՝ Ֆիրդուսի թաղամասի համար մենք առաջարկում ենք 1700-2000 դոլար փոխհատուցում։ Եվ այսօր բիրտ ուժ են գործադրում, որպեսզի ոչ թե 1700 դոլարով, այլ 215 դոլարով դադարեցնեն այդ մարդկանց իրավունքները։ Հիմա ո՞վ է կանգնած սրա հետեւում, ես չգիտեմ։ Ընդ որում, այնպիսի մարդ է կանգնած, ով դատական համակարգը խեղաթյուրում է, կարողանում է դատավորի վրա ազդել այնքան, որ դատավորն ինքնուրույն որեւէ որոշում չի կայացնում»,- ասաց Տիգրան Հայրապետյանը։

Ըստ նրա՝ այս փուլում դատարանը ընթացակարգային հարցեր էր քննարկում, եւ դատավորը ամեն անգամ կես ժամով ընդմիջել է դատական նիստը։ «Հավանաբար գնացել, ինչ-որ մեկին զեկուցել է, հետ է եկել եւ սեփականատերերի իրավունքները խախտելու որոշումներ է կայացրել»,- հավելեց փաստաբանը։

«Այսօրվա դատական նիստն սկսվել է ժամը 09։30-ին, ընթացել է մինչեւ 14։00-ն։ Եվ այն, ինչ արեց դատավորը, աննախադեպ էր։ Դատական նիստերի դահլիճում էր Ֆիրդուսի թաղամասի մեկ այլ բնակիչ, նա դատավորին ասաց՝ ինչո՞ւ եք այդքան ուշադիր լսում ԾԻԳ-ի ներկայացուցիչներին։ Այս մի նախադասության հիմա վրա դատավորը կարգադրիչներին ասաց՝ դուրս հրավիրեք այս անձին, որովհետեւ խախտում է դատավարության կարգը։ Դատավորը բարկացավ, թղթերը խփեց սեղանին, ասաց՝ դատարանը դատական նիստը հայտարարում է փակված։ Եվ ասաց՝ դատարանը հրաժարվում է դատաքննություն իրականացնելուց ու հայտարարում է վճռի հրապարակման օր։ Եվ հայտարարեց, որ հունիսի 20-ին դատական ակտ պետք է հրապարակվի»,- ասաց փաստաբանը։

Տիգրան Հայրապետյանի խոսքով՝ 1991 թվականից հետո այդպիսի դեպք տեղի չէր ունեցել Հայաստանի դատական համակարգի պատմության մեջ։ «Մեկ անգամ էր նման դեպք եղել, այն էլ քրեական գործով, երբ արդեն դատաքննության 80 տոկոսն ավարտված էր։ Իսկ այս դեպքում դատաքննությունը դեռ չէր սկսվել, անգամ 4 միջնորդություն էր ներկայացվել, եւս 2 միջնորդություն պետք է ներկայացնեինք։ Դատարանը հայտարարեց, որ բոլոր միջնորդությունները մերժում է, հայտարարեց, որ հրաժարվում է դատաքննություն իրականացնել, գնաց, որպեսզի վճիռը հրապարակի։ Փաստորեն, դա հանցագործության դեպք է, դատարանը հրաժարվում է արդարադատություն իրականացնելուց եւ դատարանը յուրացրել է դատական իշխանությունը։ Այս երկու արարքն էլ քրեորեն պատժելի արարք է։ Ամենայն հավանականությամբ դատավորի ձեռքի տակ է վճիռը՝ 215 դոլարով քաղաքացու իրավունքը դադարեցնելու մասին։ Մենք հանցագործության մասին հաղորդում ներկայացրեինք Գլխավոր դատախազին եւ գնացինք Բարձրագույն դատական խորհուրդ, մեկ օրինակ էլ տվեցին ԲԴԽ-ին։ Բնակիչներն ուզում էին հանդիպել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հետ, ասացին, որ տեղում չէ։ Որոշ ժամանակ անց Կարեն Անդրեասյանը թիկանապահների հետ դուրս եկավ շենքից, մեզ հաջողվեց նրան հետեւյալն ասել՝ արդարադատության ոչ մի բարձրագույն մարմնի օրոք չի եղել 215 դոլարով քաղաքացու իրավունքի այսպիսի ոտնահարում։ Ասացինք՝ դու ինքդ իմացիր, որ քո պաշտոնավարման պատճառով է, որ դատական իշխանություն այդքան լկտի է դարձել, որ ՀՀ անունից կայացնում է այդքան ստոր ու ակնհայտ անարդար դատական ակտեր»,- ասաց Տիգրան Հայրապետյանը։

Փաստաբանը նշեց, որ, իր կարծիքով, բացի դատավոր Մուրադ Հովակիմյանից, այս գործի համար պատասխանատու են նաեւ Մարդու իրավունքների պաշտպանը, ԲԴԽ նախագահը, Գլխավոր դատախազը, Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Նիկոլ Փաշինյանը թող իմանա, որ իր օրոք այսօր Հրապարակին հարող տարածքի մեկ քմ համար 85 հազար դրամ փոխհատուցում է տրվում։ Եվ իր իշխանության օրոք մարմիններ կան, որոնք խախտելով օրենքը՝ կառուցապատողի կողքին են կանգնած»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930