Լրահոս
Օրվա լրահոսը

18-րդ ուղտի առակը

Հուլիս 05,2023 10:00

Վարչապետը, իսկ այնուհետեւ՝ ՔՊ-ական պատգամավորները կարող են հանգիստ հայտարարել, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը, միայն մի պատճառով. նրանք կարծում են, որ հավերժ են իշխելու, եւ ՀՀ Սահմանադրության այս խախտման համար երբեք պատասխանատվություն չեն կրելու:

Ճիշտ նույն պատճառով ԲԴԽ-ն զբաղված է ռեժիմին «ոչ լոյալ» դատավորների զտմամբ, ընդ որում՝ դա անում է ստալինյան «տրոյկայի» ոճով՝ փակ դռների հետեւում: Բացի «հավերժ իշխելու» պատրանքից, այս դեպքում կա նաեւ հիմնավոր վստահություն, որ եվրոպական կառույցները, որոնք պետք է նպաստեն մեր երկրում ժողովրդավարությանը, կարձանագրեն, որ նման գործելակերպը միանգամայն նորմալ է եւ համապատասխանում է բոլոր տեսակի եվրոպական եւ համաշխարհային առաջադեմ ստանդարտներին: Այդ կառույցների թաքնված ուղերձը, որն ուղղված է քաղաքական իշխանություններին, հետևյալն է. «դուք միայն հայհոյեք ռուսներին, մնացածը ձեզ կներվի»:

Բայց պատասխան տալու պահը, միեւնույն է, վաղ թե ուշ կգա: Նույնիսկ անձնավորված (պերսոնալիստական) ավտոկրատիաները, ինչպիսիք են Պուտինի, Էրդողանի, Ալիեւի, Փաշինյանի ռեժիմները, ի վերջո, փլուզվում են: Պրիգոժինի խռովությունը Ռուսաստանում ցույց տվեց, որ նման ռեժիմները կարող են քանդվել «անսպասելի տեղերից»:

Հարցն այն է, թե ինչպես է տեղի ունենալու փլուզման գործընթացը: Ենթադրում եմ, որ Ռուսաստանում Պուտինի հեռացումից հետո սկսվելու է այն, ինչ այդ երկրում կոչվում է «խառնակ ժամանակ» («смутное время»), որը կարող է տեւել տասնամյակներ: Մենք նման շքեղություն մեզ չենք կարող թույլ տալ: Իսկ ի՞նչն է ի վիճակի կանխել անորոշության, տուրբուլենտության ժամանակաշրջանը: Գուցե իմ պատասխանը տարօրինակ հնչի, բայց, կարծում եմ, որ նման դեր կարող են խաղալ գաղափարները, որոնց զուգորդելու են մի կողմից իրական (ոչ իմիտացիոն) ազատությունը, ունիվերսալ արժեքները եւ ազգային արժանապատվությունը, ինչպես նաեւ՝ պատմության ընթացքում ձեւավորված մեր իդեալները, որոնք այժմ «պաշտոնապես» ծաղրուծանակի են ենթարկվում:

Այդ առիթով հիշեցի մի հին արաբական պատմություն (գուցե հանելո՞ւկ): Հայրը մահանում է եւ կտակում է երեք որդիներին իր 17 ուղտերին: Մեկին թողնում է այդ ժառանգության կեսը, մյուսին 1/3-ը, երրորդին՝ 1/9-ը: Որդիները տարակուսանքի մեջ են՝ ինչպես կարելի է 17-ը բաժանել 2-ի, 3-ի եւ 9-ի: Հայտնվում է ճամփորդը եւ ասում է՝ ես ձեր խնդիրը կլուծեմ՝ տրամադրելով իմ սեփական մեկ ուղտը: Որդիները բաժանում են 18 ուղտերը, ինչպես որ հայրն է կտակել, որից հետո ճամփորդը նստում է իր ուղտը եւ հեռանում:

Առաջարկում եմ ընթերցողներին լուծել այդ ոչ բարդ թվաբանական խնդիրը: Պարզապես նշեմ, որ «18-րդ ուղտը» գաղափարի այլաբանությունն է՝ այն գաղափարի, որը տալիս է խնդրի լուծումը: Եթե չկա այդ գաղափարը, ապա պետության մեջ նրանք, ում թիկունքին դատարաններն են, ոստիկանությունը, դատախազությունը, քննչական մարմինները, կշարունակեն անել այն, ինչ ուզում են:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Սահակ Հակոբյան says:

    Հարգելի պարոն Աբրահամյան
    Առաջին անգամ պետք է արձանագրեմ, որ քնաադատելով կառավարող ռեժիմին <> չեք մեջբերել։ Բրավո
    Սակայն առանց Պուտինի կրկին չեք կարողացել։
    Խնդրում եմ Ձեզ պարզաբանել, ոնց կարող են համեմատվել երկիրը փլուզումից /Չեչնյա, Թաթարստան/ փրկած, հսկողության տակ գտնվող տարածքներ ավելացրած /չասեմ տարածքեները/ ղեկավարը ևեղածը թշնամուն զիջած պոպուլիստը՞։
    Ինքներդ եք ասում արևմտյան կեղծ ժողովրդավարության ներկայացուցիչների երկերեսանության և երեսպաշտության մասին։
    Ինչու Իրաքը, Հարավսլավիան, Լիբիան, Աֆղանստանը ռմբակոծողը կայսրություն չի, իսկ իր անմիջական , մինչև ատամները զինված անմիջական հարևանի նկատմամբ նույնն անողը կայսր, ավտորիտար և նման բաներ։

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Իսկ ո՞վ ասաց, որ կայսրություն չեն: Խոսքը արդյունավետ եւ ոչ արդյունավետ կառավարման մասին է

  2. Nimar says:

    Պատմության ընթացքում ձևավորվում են նոր իդեալներ, վերաիմաստավորվում հները, դրան զուգահեռ փոխվում են հասարակական գիտակցությունն ու ավանդույթները։ Փաստորեն,
    պատմության ընթացքը, որպես երեւույթ, սա է նշանակում։
    Հիբրիդային քաղաքական ռեժիմները բնորոշ են բոլոր հետխորհրդային հանրապետություններին, բացառությամբ, թերևս, Բալթյան հանրապետությունների։
    Բանն այն չէ, որ այս ռեժիմները լավն են, թե վատը: Բնական է, որ առաջանում է մի ռեժիմ, որը պետության և հասարակության զարգացման այս փուլում կարողանում է ապահովել պետական ​​ինստիտուտների վերահսկելիությունը: Որքան պարզունակ է հասարակությունը,
    այնքան մեծ է ավտոկրատիայի և ոչ պակաս պարզունակ «ազգային գաղափարի» հավանականությունը։
    Զարգացած, բարդ հասարակության մեջ քաղաքական իշխանությունն ավելի շուտ արբիտրի դեր է խաղում, քան պետականաստեղծ ուժի: Ժամանակի ընթացքում դա տեղի կունենա նաև մեր երկրում։ Բայց սա, իմ կարծիքով, կպահանջի մի քանի սերնդափոխություն։ Մենք շատ հետ
    ենք մնացել սոցիալական զարգացումից՝ աշխարհագրական անհաջող դիրքի և աղքատ ռեսուրսների պատճառով: Հետեւաբար, գործընթացը շատ ավելի դանդաղ է ընթանում, քան մենք կցանկանայինք։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31