Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավոր Դավիթ Հարությունյան․ «Կարեն Անդրեասյանը չի խորշում պետությանը մարտահրավերների առաջ կանգնեցնելուց»

Հուլիս 03,2023 13:25

«Այդ անձնավորությունը դատարանում երբեք նույնիսկ ներկայացուցիչ չէի եղել, կողմ չի եղել, էլ ուր մնաց՝ դատավոր։ Այդ պատմուճանը հագցնելով կամ հրամանագիր ստորագրելով՝ անձը դատավոր չի դառնում»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի մասին։

Այսօր ԲԴԽ-ն որոշում կայացրեց դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորություններն էական  կարգապահական խախտման հիմքով դադարեցնելու մասին։

Դավիթ Հարությունյանն ասաց, որ նախ՝ ԲԴԽ-ն դատավորների համար պետք է օրինակ ծառայի, սակայն հակառակն է տեղի ունենում։

Հարությունյանը պատրաստվում է ԲԴԽ-ի որոշման դեմ ավելի ակտիվացնել ՄԻԵԴ-ին հասցեագրված բողոքի աշխատանքները, նաեւ Կարեն Անդրեասյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար հաղորդումներ ներկայացնելու հարցը քննարկել։

ԲԴԽ անդամների քվեարկության վերաբերյալ էլ Դավիթ Հարությունյանն ասաց․ «Հնարավոր է՝ մեկ հոգի դեմ եղած լինի, չեմ բացառում, որ երկու-երեք հոգի դեմ եղած լինեն նման որոշմանը։ Փաստն այն է, որ առնվազն երկու-երեք հոգի, իսկ ըստ հրապարակման՝ բոլորը կողմ են եղել։ Մինչ օրս ես միջնորդության վերաբերյալ ինձ վերաբերող ենթադրյալ խախտման մասին կարծիք հայտնելու հնարավորություն չեմ ունեցել, իսկ եթե ես հայտնեի՝ բոլորի համար պարզ կլիներ, թե ինչի են այդ գործողությունները ծրագրել ու իրականացնում»։

Հարությունյանի ներկայացմամբ՝ ԲԴԽ-ի որեւէ անդամ իր միջնորդությանը չի արձագանքել․ «Դա ենթադրվում էր, որ որոշման տեսքով պետք է լիներ։ Կարեն Անդրեասյանը նույնիսկ իրենց չի հարգել, չի արձանագրել դատական նիստում փաստաբանների ներկա գտնվելու հանգամանքը՝ փաստաբանների ցանկությունը, որ ուզում են վերեւ բարձրանալ։ Նույնիսկ դատական խորհրդի մյուս անդամներից թաքցնելով այդ հանգամանքը, նշել է՝ ցավում եմ, որ փաստաբանները ներկա չեն, հետեւաբար դատական նիստը կարելի է շարունակել։ Միակ մարդը չի եղել, որ դրա մասին իմացել է, հետագայում կպարզվի, թե ով էր այդ երկրորդ մարդը, ով եւս հստակ գիտեր, որ փաստաբանները ժամանել են»։

Հարությունյանը պնդում է՝ ԲԴԽ-ում արդար դատաքննության, սահմանադրական իրավունքների, ՄԻԵԴ-ով նախատեսված բոլոր իրավունքների անհասկանալի սահմանափակումներ են տեղի ունեցել․ «Ես քսան տարվա քրեական դատավարության ոլորտում աշխատանքի փորձ ունեմ։ Բացի խրախուսանքներից, երբեք չեմ արժանացել որեւէ նույնիսկ բանավոր նկատողության՝ մինչեւ դատավոր աշխատելը։ Դատավոր աշխատելու 12 տարիներին նույնիսկ կարգապահական վարույթ իմ նկատմամբ չի նախաձեռնվել»։

Կարեն Անդրեասյանի եւ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի սրճարանում հանդիպման մասին էլ դատավորն ասաց՝ դա անէական բան է, հաշվի առնելով, թե այս օրերի ընթացքում ինչեր են տեղի ունեցել․ «Մենք ականատես եղանք այնպիսի իրադարձությունների, փաստերի, իրենց կողմից ստորագրած ու վավերեցրած փաստաթղթերի, որ այդ մի հանդիպումը որեւէ կանխորոշող նշանակություն չէր կարող ունենալ։ Իհարկե, այդ հանդիպումն ինքին դատական օրենսգրքի կանոնների խախտում է, երբ դատավորը հանդիպում է միջնորդող անձի հետ ու դրա մասին չի հրապարակում, դա վարքագծի կանոնների խախտում է, գուցե կարգապահական խախտում է, բայց դա շատ փոքր խախտում է։ Խնդիրն այն է, որ մենք այս օրերին ականատես եղանք, որ այդ անձինք միմյանց միջեւ շահույթ են բաշխում առավել, քան տարեկան աշխատավարձի կրկնապատիկը գերազանցող շահույթ են բաշխում եւ միասին մեկ դատավարության են մասնակցում»։

Թե ինչո՞ւ են իր հանդեպ նման գործողություններ տեղի ունենում, դատավորն ասաց․ «Իմ տեղեկություններով՝ Կարեն Անդրեասյանը երբ նախարար էր, այդ ժամանակ օրենքի նախագիծ էին (նկատի ունի անձի վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ տալու մասին օրենքը, Ն․Բ․) ներկայացնում հանրությանը, ուղարկել էին մեզ։ Մի շարք դատավորներ նախագծի վերաբերյալ կարծիք հայտնեցինք, ուղարկեցինք, չարձագանքեցին, հրապարակեցինք։ Վերջում նա նշեց, թե իրեն ճնշում են դատավորները, դատավորներին մեղադրեց քաղաքականությամբ զբաղվելու մեջ։ Նա նշեց, որ նույն նախագծի վերաբերյալ դիմել է Վենետիկի հանձնաժողով, որտեղից ստացվեց ավելի խիստ քննադատական կարծիք, որի հետ նույնիսկ նա հաշվի չնստեց, նշելով, թե Վենետիկի հանձնաժողովը չի արգելել նման օրենսդրական փոփոխություններ կատարել»։

Ըստ Հարությունյանի իր եւ այսօր երեք դատավորների լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը հենց այդ օրենքի հիմքով է եղել։

«Վենետիկի հանձնաժողովը նշել էր, որ նման նախագծի ընդունումը կարող է պետությանը կանգնեցել մարտահրավերների առջեւ։ ԲԴԽ այսօրվա որոշումները՝ իմ եւ այլ դատավորների նկատմամբ, ցույց տվեցին, որ Կարեն Անդրեասյանը չի խորշում պետությանը մարտահրավերների առաջ կանգնեցնելուց, այդ մասին չի էլ մտածում»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31