Լրահոս
Օրվա լրահոսը

«Ակնկալում ենք միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիմքով Արցախի ճանաչում՝ հանուն փրկության». Նելլի Բաղդասարյան

Հուլիս 18,2023 16:32

«Միջազգային դերակատարներն իրենց խոսույթով և գործնական մեխանիզմներով չպետք է նպաստեն Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ժողովրդի բռնի հպատակեցման համակարգված քաղաքական օրակարգին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի հանրապետության նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանն՝ անդրադառնալով օրերս Բրյուսելում կայացած Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ –Շառլ Միշել եռակողմ հանդիպումից հետո ԵԽ նախագահի արած հայտարարություններին:

ԵԽ նախագահը, հիշեցնենք, ասել էր, որ վարչապետ Փաշինյանն ու նախագահ Ալիևը վերահաստատել են հարգանքը մյուս երկրի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության նկատմամբ. «Հետևաբար՝ Հայաստանի տարածքը կազմում է 29 800 քառակուսի կմ, իսկ Ադրբեջանինը՝ 86 600։ Երկու առաջնորդներն էլ հաստատեցին իրենց միանշանակ հավատարմությունը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որն ընդունում են որպես սահմանազատման համար քաղաքական հիմք։ Այս առիթով մենք ողջունում ենք երկու երկրների սահմանային հանձնաժողովների հուլիսի 12-ի հանդիպումը։ Այս հանձնաժողովների կանոնադրության և դելիմիտացիայի հիմքերի շուրջ աշխատանքն առաջ է գնացել։ Եվ դա շատ կարևոր է, ղեկավարները համաձայնեցին արագացնել հանձնաժողովների աշխատանքը»: Նաեւ՝ ապաշրջափակման՝ ապագա տրանսպորտային համաձայնագրերի դետալներն են քննարկվել, ԵՄ-ն կֆինանսավորի շինարարությունը: Արցախի բնակչության իրավունքների ու անվտանգության մասով էլ, եվրոպացի պաշտոնյան ասաց՝ «…ես արտահայտել եմ Եվրամիության աջակցությունը Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար շրջանի և Բաքվի ուղիղ երկխոսությանը։ Այս երկխոսությունը պետք է ապահովի բոլոր կողմերի համար այդքան անհրաժեշտ վստահությունը»: Ադրբեջանն էլ պատրաստ է Աղդամով hումանիտար «աջակցություն ցուցաբերել» արցախցիներին: Քննարկվել է նաեւ Արցախի ապառազմականացման հարցը:

«Կարծում եմ, որ ԵԽ նախագահ Շառլ Միշելն ունի բավականաչափ քաղաքական, իրավական և խորհրդատվական մանդատ՝ ստացված եվրոպական կառույցներից, պնդելու առաջին հերթին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղի շրջափակման վերացման փաստը: Դրա փոխարեն հայտարարության տեքստում Արցախի հանրապետությունում առկա հումանիտար ճգնաժամը, որը հետևողականորեն վերաճում է հումանիտար աղետի, առանձին կետով առանձնացված է ընդամենը որպես «մարդասիրական բեռներ», փաստացի Լաչինի միջանցքի ապաշրջափակման խնդիրը ներկայացված է նրա միայն մեկ բաղադրիչով»,- ասաց մեր զրուցակիցը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ ԵԽ նախագահի հայտարարության տեքստում, մեկ դեպքում օգտագործվել է «Լաչինի միջանցք» ձևակերպումը, ինչն արտահայտում է միջանցքի միջազգային իրավական կարգավիճակը, իսկ դրան հաջորդող դեպքում «Լաչինի ճանապարհ»:

«Ընդ որում, հայտարարությամբ Ակնա/Աղդամի ճանապարհ-Լաչինի ճանապարհ վտանգավոր հարաբերակցություն ստեղծվեց: Դժվար չէ տրամաբանել, թե Ադրբեջանն այս կետն ինչպե՞ս կարող է օգտագործել՝ առաջին հերթին Ակնայով/Աղդամով մատակարարումներ իրականացնելու առաջարկը դարձնելով որպես լրացուցիչ նախապայման Լաչինի միջանցքի վերաբացման: Կարծում ենք, դժվար չէ նաև տրամաբանել, թե նման ձևաչափն ինչպիսի՞ ռեժիմով է պատրաստվում իրականացնել Ադրբեջանը: Արցախի հանրապետությունը հաստատուն է իր դիրքորոշման մեջ, որ Լաչինի միջանցքը պետք է վերագործարկվի 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ կողմերի ստանձնած պարտավորությունների շրջանակում՝ առանց նախապայմանների»,- վստահեցնում է Նելլի Բաղդասարյանը:

Aravot.am-ի խնդրանքով՝ անդրադառնալով նաեւ նույն օրը, եռակողմ հանդիպմանն ընդառաջ, ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարությանը, որը բավական ոչ դիվանագիտական ձեւակերպումներ էր պարունակում, արցախցի պաշտոնյան ասաց. «ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ հղում կատարվեց ՀՀ դիրքորոշմանը: ՀՀ վարչապետի կողմից արված հայտարարությունները Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին՝ Արցախն Ադրբեջանի կազմում ներառյալ, ծանր հարված էին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը, ազատագրական պայքարին, նրա ապագայի տեսլականին: Այս դիրքորոշումը Արցախի ժողովրդի կողմից չի ընդունվել և երբևէ չի ընդունվելու: Արցախի հանրապետության ժողովրդի դիրքորոշումը և կամքը պետք է ելակետային լինի ՀՀ, ՌԴ և ընդհանրապես միջազգային դերակատարների համար»:

Նելլի Բաղդասարյանը հստակեցնում է. «Խաղաղապահ առաքելության ներկայությամբ և «գետնի վրա» առկա իրողություններով պայմանավորված՝ ՌԴ-ն տիրապետում է Արցախում առկա իրավիճակին, ուստի սպասում ենք գործնական քայլերի»:

ՌԴ ԱԳՆ հայտարարությունում կոչը՝ Ադրբեջանին՝ շտապ միջոցներ ձեռնարկելու Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ, ըստ մեր զրուցակցի, պայմանավորված է նաև Արցախից հնչող ահազանգերով, այդ թվում՝ վերջին ամսվա ընթացքում երկու անգամ Արցախի նախագահի կողմից՝ ահազանգային բովանդակությամբ:

Խոսելով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ընթացող համաժողովրդական բողոքի ցույցերի մասին եւ արձագանքելով այն պնդումներին, թե դրանք ուղղորդվում են հայաստանյան քաղաքական իշխանության կողմից եւ դրանք առավելապես ուղղված են Արցախում գտնվող ռուս խաղաղապահ առաքելության դեմ՝ Նելլի Բաղդասարյանն ասաց. «Արցախի ժողովրդի ճնշող մեծամասնությունը կարծում է, որ աղետալի վիճակի ելքերից մեկը միջազգային հանրության ուշադրությունը Արցախի հանրապետության շրջափակման վրա կենտրոնացնելն է, ինչով պայմանավորված՝ համաժողովրդական ակցիաների նոր ալիք է սկսվել: Արցախի ժողովուրդն արժանապատիվ է դիմակայում հասունացող հումանիտար աղետին, ինչն արտաքին աշխարհի համար երբեմն տպավորություն է ստեղծում, որ տանելի իրավիճակ է, իսկ իրականում տանելիության գծերն արդեն վաղուց հատել ենք, առկա է սովի մատնվելու ահագնացող վտանգ»:

Մեր զրուցակցի արձանագրմամբ, Արցախում ստեղծված ծայրահեղ ծանր անվտանգային և հումանիտար իրավիճակը հետևողականորեն վատթարանում է, իսկ միջազգային դերակատարների հայտարարություններն ու մտահոգ կոչերը գործնական դրսևորումներ չեն ստանում: Ադրբեջանը շարունակում է չկատարել 2022 թվականի դեկտեմբերի 21-ին ՄԻԵԴ-ի կողմից կիրառված միջանկյալ միջոցը և ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումները:

«Արցախի շրջափակման 7-ից ավելի ամիսների ընթացքում միջազգային հանրության կողմից որևէ գործնական քայլ չի ձեռնարկվել միջազգային իրավակարգի առանցքային բաղադրիչների՝ պաշտպանության համընդհանուր պատասխանատվության և միջազգային մարդասիրական աջակցության իրագործման ուղղությամբ: Ստեղծված ծայրահեղ ծանր իրավիճակը կարող է հանգուցալուծվել միջազգային առանձին և կոլեկտիվ հանրության ճնշման և միջազգային պատասխանատվության համակարգված գործնական մեխանիզմների կիրառման արդյունքում: Պետք է բացառել ուժի և ուժի սպառնալիքի կիրառման և մարդկային անտանելի պայմանների ճնշման տակ քաղաքական լուծումներ թելադրելու Ադրբեջանի օրակարգը: Ակնկալում ենք միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիմքով Արցախի ճանաչում հանուն փրկության»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31