Լրահոս
Օրվա լրահոսը

10 առասպել կրծքագեղձի քաղցկեղի մասին

Հոկտեմբեր 19,2023 09:36

Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն է, հենց այս փաստն էլ հաշվի առնելով` «Առողջ առավոտի» մի քանի հրապարակումներն այս ամիս նվիրված կլինեն կրծքագեղձի առողջությանը վերաբերող թեմաներին։ 

Սույն հրապարակումը նվիրված է կրծքագեղձի քաղցկեղի հետ կապված այն մոլորություններին, պատկերավոր ասած՝ առասպելներին, որոնք առավել տարածված են բնակչության շրջանում։

1․ Վնասվածքը կարող է կրծքագեղձի քաղցկեղ առաջացնել

Իրականում վնասվածքը ոչ թե քաղցկեղ է առաջացնում, այլ կարող է  կրծքագեղձում փոփոխություններ առաջացնել, որոնք պատկերային հետազոտության ժամանակ կարող են նմանվել քաղցկեղի՝ ունենալով անկանոն ձև՝ անհավասար եզրերով։ Այդ երևույթը կոչվում է «ճարպային նեկրոզ»։ Տարբերակելու համար արդյո՞ք դա քաղցկեղ է, թե «ճարպային նեկրոզ», նշանակվում է ասեղային բիոպսիա։

2․ Երկաթե ներդիրներով կրծկալը մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի վտանգը

Այս թեմայով մի շարք հետազոտություններ եղել են, բայց չկան հստակ ապացույցներ, որ սխալ ընտրված կամ երկաթե ներդիրներով կրծկալը կարող է հիվանդության պատճառ դառնալ։ Այնուամենայնիվ, բժիշկները խորհուրդ են տալիս ավելի ուշադիր լինել կրծկալի ընտրության հարցում՝ մաշկի վնասվածքներից, կրծքագեղձն ավելորդ տրավմաներից և քրոնիկական ցավի զարգացումից խուսափելու համար։

3․ Արտամարմնային բեղմնավորումը մեծացնում է  կրծքագեղձի քաղցկեղի վտանգը

Արտամարմնային բեղմնավորման ժամանակ բժիշկները հաճախ են նշանակում ձվարանները խթանող դեղամիջոցներ, որոնք էստրոգենային ակտիվություն են դրսևորում, ինչն էլ, ըստ որոշ փորձագետների, կարող է նպաստել կրծքագեղձի քաղցկեղի զարգացմանը։ Թեև լայնամասշտաբ հետազոտություններ չեն անցկացվել այս թեմայով, սակայն վերջին 30 տարիների ուսումնասիրությունների մետաանալիզը ցույց է տվել, որ ձվարանները խթանող դեղամիջոցներ ստացած կանանց շրջանում կրծքագեղձի քաղցկեղի զարգացման վտանգը չի մեծացել։

4․ Կրծքագեղձի քաղցկեղը հանդիպում է միայն մեծահասակների շրջանում

Թեև տարիքը մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու վտանգը, սակայն հիվանդության նոր ախտորոշումների մոտ 5 տոկոսը բաժին է ընկնում մինչև 40 տարեկան կանանց։

5․ Կրծքագեղձում շոշափվող կոշտություններն ու գոյացությունները քաղցկեղի մասին են հուշում

Կրծքագեղձում շոշափվող ոչ բոլոր գոյացություններն են վտանգավոր, դրանց 80 %-ից ավելին բարորակ է (ֆիբրոզ փոփոխություններ, կիստաներ և այլն): Սակայն ցանկացած փոփոխություն կրծքագեղձում բժշկին դիմելու ցուցում է։  

6․ Տղամարդիկ չեն հիվանդանում կրծքագեղձի քաղցկեղով

Տղամարդիկ ևս ունենում են կրծքագեղձի քաղցկեղ, և նրանց դեպքում ավելի հաճախ է հիվանդությունը պայմանավորված լինում ժառանգական նախատրամադրվածությամբ, բայց և 100-150 անգամ ավելի քիչ է հանդիպում, քան կանանց մոտ։ 

7․ Մամոգրաֆիան կարող է կրծքագեղձի քաղցկեղի տարածման պատճառ դառնալ

Ոչ մի ապացույցներ չկան, որ մամոգրաֆիան մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման կամ տարածման վտանգը։ Ճառագայթի այն չափը, որը կիրառվում է մամոգրաֆիկ քննության ժամանակ, ծայրահեղ չնչին է այդ հետազոտման կանխարգելիչ օգտակարության համեմատ: Մամոգրաֆիան կարող է հայտնաբերել վտանգավոր հիվանդությունը դեռ չշոշափվող փուլում, ինչը շատերի մոտ զգալի բարձրացնում է լիովին բուժվելու հավանականությունը:

8․ Կրծքագեղձի սիլիկոնե իմպլանտները բարձրացնում են քաղցկեղի առաջացման ռիսկը

Կատարվել են բազմաթիվ հետազոտություններ այս խնդրի շուրջ, և չի հայտնաբերվել որևէ կապ սիլիկոնե իմպլանտների ու կրծքագեղձի քաղցկեղի առաջացման միջև:

9․ Մեծ կրծքագեղձ ունեցող կանայք ավելի շատ են ենթարկվում կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու ռիսկին

Իրականում կրծքագեղձի չափերը կապ չունեն քաղցկեղի առաջացման վտանգի հետ: Բոլոր կանանց պրոֆիլակտիկ հետազոտությունների ժամանակացույցը կազմվում է առանց կրծքագեղձի չափերը հաշվի առնելու:

10. Կրծքագեղձի քաղցկեղը հայտնվում է կրծքում միայն շոշափվող գոյացության տեսքով

Մեծամասամբ քաղցկեղը հայտնվում է գոյացության տեսքով, սակայն կարող է և չշոշափվել, և հիվանդությունը կարող է դրսևորվել մաշկի այտուցով, կարմրությամբ, մաշկի փոփոխությամբ` «լիմոնի կեղևի» տեսքով, պտուկի հաստացմամբ կամ թեփոտմամբ, պտուկի ներքաշվածությամբ, պտուկից առատ արտադրությամբ և այլն: 

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031