Լրահոս
Օրվա լրահոսը

Երկաթն ու վիտամին C-ն՝ լավագույն ընկերներ

Հոկտեմբեր 28,2026 09:30 Share
Աջակցեք aravot.am-ին

Կան ընկերներ, որոնք անբաժան են, և այդպիսի «ընկերների» թվում են երկաթն ու վիտամին C-ն։ Պատկերավոր ասած՝ եթե երկաթը Դոն Կիխոտն է, ապա վիտամին C-ն՝ Սանչո Պանսան։ Լիովին հասկանալով, թե որքան շատ հակափաստարկներ կունենան գրականագետներն ու բժիշկներն այս համեմատության դեմ, մենք այն չենք ջնջում, քանի որ մեր օրերում, երբ օդի, ջրի, սննդի աղտոտվածությունը սերտորեն ընկերացել է սթրեսի հետ, սեփական առողջության համար պայքարը երբեմն հողմաղացների դեմ կռիվ է հիշեցնում։ Ինչևէ, մի կողմ թողնելով լիրիկական զեղումները՝ վերադառնանք մեր «հերոսներին»։

Երկաթն օրգանիզմին անհրաժեշտ կարևորագույն տարրերից է․ այն մի շարք կենսական գործառույթներ է կատարում՝ բառիս բուն իմաստով գունավորելով մարդու կյանքը։ Հենց երկաթն է օգնում օրգանիզմին արտադրել հեմոգլոբին՝ արյան կարմիր բջիջներում՝ էրիթրոցիտներում պարունակվող սպիտակուցը, որն էլ թթվածինը թոքերից տեղափոխում է մարմնի մյուս հյուսվածքներ։ Երկաթը նաև մասնակցում է միոգլոբինի՝ մկաններին թթվածին մատակարարող սպիտակուցի առաջացմանը։

Երկաթը նաև ապահովում օրգանիզմն էներգիայով՝ օգնելով մարդուն դիմակայել օրվա պահանջներին։ Այս հանքանյութը բարելավում գլխուղեղի աշխատանքը, իմունային համակարգի գործունեությունը, անգամ հոգ տանում մարդու մազերի վիճակի համար։ Իսկ ի՞նչ դեր ունի այս ամենի մեջ վիտամին C-ն․  այս վիտամինը հենց այն օգնականն է, որի շնորհիվ օրգանիզմը կարողանում է բավարար չափով երկաթ յուրացնել։

Հարցն այն է, որ թեև շատ սննդամթերքներ են հարուստ երկաթով, այն միշտ չէ, որ լավ է մարսվում օրգանիզմի կողմից։ Սննդի միջոցով ստացվող երկաթի երկու տեսակ կա․ հեմային երկաթ, որը պարունակվում է կենդանական ծագման մթերքների կազմում, օրինակ՝ մսի, թռչնամսի, ծովամթերքի․ այս տեսակն ավելի լավ է յուրացվում օրգանիզմի կողմից։ Իսկ բուսական ծագման մթերքներում առկա տեսակը՝ ոչ հեմային երկաթն ավելի դժվար է յուրացվում, և այս դեպքում օգնության է գալիս վիտամին C-ն, որը բարձրացնում է այս մթերքներից ստացվող երկաթի կենսահասանելիությունն օրգանիզմի համար։

Ահա թե ինչու է խորհուրդ տրվում երկաթով հարուստ մթերքներն անպայման համադրել վիտամին C-ով հարուստ մթերքների հետ․ այդպիսիք են ցիտրուսային մրգերը, խաչածաղկավոր բանջարեղենը, կարմիր պղպեղը, լոլիկը, ելակը և այլն։

Բուսակերները, վեգանները կամ մարդիկ, որոնք միս չեն օգտագործում, իրենց սննդակարգը կարող են հարստացնել ոչ հեմային երկաթով հարուստ հետևյալ մթերքներով՝ լոբի, ոլոռ, սիսեռ, տոֆու, տեմպե, կանաչ տերևավոր բանջարեղեն, ոսպ, երկաթով հարստացված հաց ու հացահատիկեղեն։

Սննդակարգում երկաթով հարուստ մթերքների անբավարարությունը կարող է հանգեցնել երկաթպակասորդային սակավարյունության զարգացման․ այս վիճակը դրսևորվում է հոգնածությամբ, գլխապտույտով և այլ ախտանշաններով։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ երկաթի պակասով պայմանավորված անեմիան աշխարհում սննդային անբավարարության ամենատարածված տեսակն է։ Կազմակերպության գնահատմամբ՝ այն հանդիպում է աշխարհի բնակչության մոտ 30%-ի շրջանում։

Եթե կասկածում եք, որ սննդի միջոցով բավարար չափով երկաթ չեք ստանում, ունեք հոգնածություն, թուլություն կամ գլխապտույտ, ապա կարող եք խորհրդակցել բժշկի հետ՝ քննարկելով երկաթի հավելումներ ստանալու հնարավորությունը․ ընդ որում այդ հավելումները խորհուրդ է տրվում ընդունել մեկ բաժակ նարնջի կամ վիտամին C-ով հարուստ այլ հյութի հետ։ Կարևոր է նաև իմանալ, որ երկաթի հավելումների ընդունումը կարող է մարսողության խանգարում կամ փորկապություն առաջացնել։

Երկաթի հավելումների ընդունմանը պետք է մոտենալ լրջորեն, քանի որ դրանք ոչ բոլորին են անհրաժեշտ։ Երկաթի ընդունման համար սահմանված է առավելագույն թույլատրելի չափաբաժին։ Երկաթի հավելումների գերդոզավորումը կարող է խանգարել օրգանիզմում ցինկի ներծծմանը, դրանից բացի կարող է առաջացնել աղեստամոքսային խնդիրներ՝ սրտխառնոցից և փսխումից մինչև մարսողական համակարգի լուրջ վնասումներ։

Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և չի կարող հիմք ծառայել ախտորոշման համար։

Նյութը պատրաստվել է Քլիվլենդի կլինիկայի տվյալների հիման վրա

Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031