Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիսից սեպտեմբեր լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտման 49 դեպք է արձանագրվել. զեկույց

Հոկտեմբեր 24,2023 16:12

 Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2023 թվականի երրորդ եռամսյակային զեկույցի մասին

2023թ հուլիս-սեպտեմբեր ամիսներին արձանագրվել է լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 49 դեպք։ Դրանցից  3-ը ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ֆիզիկական բռնություններ են, 13-ը՝ տարատեսակ այլ ճնշումներ, 33-ը՝ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների։ Ընդդեմ լրատվամիջոցների ներկայացվել է 6 դատական նոր հայց՝ զրպարտության և վիրավորանքի հիմքով։

Դիտարկվող ժամանակահատվածը հայաստանյան լրատվամիջոցների համար գերլարված ժամանակաշրջան էր՝ պայմանավորված Հայաստանում ու Արցախում տեղի ունեցող ճակատագրական իրադարձություններով։ Արցախի շրջափակմանն ու այնտեղ հումանիտար սուր ճգնաժամին հաջորդած ադրբեջանական ռազմական ագրեսիան, դրա հետևանքով գրեթե ամբողջ արցախահայության արտագաղթը Հայաստան, այստեղ տասնյակ հազարավոր ընտանիքներ ընդունելու, տեղավորելու ու ապրուստի գոնե նվազագույն պայմաններ ստեղծելու հետ կապված գործընթացները լուսաբանելը մեծագույն ջանքեր պահանջեցին խմբագրություններից։ Դիտարկվող ժամանակահատվածում տեղի ունեցան նաև Երևանի ավագանու ընտրությունները՝ անզիջում նախընտրական պայքարով ու հետընտրական զարգացումներով։ Ինչպես միշտ, այս գործընթացները, այդ թվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները, զուգորդվեցին երկրում հասարակական-քաղաքական իրավիճակի սրացումներով։ Այդ պայմաններում, երբ անհրաժեշտ էր լուսաբանել զանգվածային բողոքի ակցիաները և ոստիկանական գործողությունները, էլ ավելի էր բարդանում լրագրողների և օպերատորների աշխատանքը։

Հենց անհանդուրժողականության և թշնամանքի մթնոլորտում անցկացվող ցույցերի, հավաքների, այլ միջոցառումների ընթացքում գրանցվել են ֆիզիկական բռնությունների և տարատեսակ այլ ճնշումների՝ ատելության արտահայտման, ոչ բարեկիրթ վերաբերմունքի դեպքեր լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ։ Այսպես, եթե տարվա սկզբից ի վեր լրագրողների դեմ ոչ մի բռնություն տեղի չէր ունեցել, ապա երրորդ եռամսյակում արձանագրվել է 3 այդպիսի դեպք․ 1-ը Ստեփանակերտում, 2-ը՝ Երևանում, ավագանու ընտրությունների քարոզարշավի ու հետընտրական բողոքի ակցիաների լուսաբանման ընթացքում։

Արձանագրված այլ տեսակի ճնշումների, այդ թվում՝ վիրավորանքների ու սպառնալիքների դեպքերն այս եռամսյակում, նախորդի համեմատ, նվազել են 5-ով․ դրանք 13-ն են։ Ուշագրավ է, որ որոշ դեպքերում լրագրողները համացանցում իրենց հասցեին ատելության խոսքի, պատիվն ու արժանապատվությունն արատավորող արտահայտությունների տարածման առնչությամբ դատական հայցեր են ներկայացրել ընդդեմ այդպիսի գրառումների հեղինակների։ Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի տվյալների՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում վարույթ է ընդունվել 3 այդպիսի գործ։

Ինչ վերաբերում է ընդդեմ լրագրողների ու լրատվամիջոցների ներկայացված նոր հայցերի թվին, ապա դրանք 6-ն են, որոնցից 2-ը իշխանության, 3-ը գործարար շրջանակների ներկայացուցիչների կողմից են, 1-ը՝ այլ քաղաքացուց։ Մտահոգիչ է այն փաստը, որ դատական պրակտիկայում շարունակվում են նկատվել գործընթացներ, երբ հայցվորները, բացի հայցային պահանջներից, նաև միջնորդություններ են ներկայացնում ԶԼՄ-ի և/կամ լրագրողի գույքի ու բանկային հաշիվների վրա արգելանք կիրառելու համար՝ որպես հայցի ապահովման միջոց, և դատարանները բավարարում են դրանք, ինչը, ըստ էության, լրատվամիջոցի նկատմամբ լրացուցիչ ճնշում գործադրել է նշանակում և հակասում է միջազգային նորմերին։

Խնդրահարույց է մնում իրավիճակը նաև տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների առումով։ Հուլիս-սեպտեմբեր ամիսներին գրանցվել է 33 դեպք, ինչը 9-ով ավելի է նախորդ եռամսյակի և 13-ով ավելի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Լրագրողների կողմից ներկայացված բողոքները վերաբերել են ՀՀ կառավարության աշխատակազմին, Պաշտպանության, Արտաքին գործերի, Ներքին գործերի նախարարություններին, Երևանի քաղաքապետարանին և այլ պետական մարմինների, որոնք տարբեր անհիմն պատճառաբանություններով կամ խուսափել են գրավոր հարցումներին պատասխանելուց, կամ ուղարկել են հարցերի էությանը չհամապատասխանող, «լղոզված» բովանդակությամբ գրություններ։

ԶԼՄ-ների և լրագրողների հանդեպ արձանագրված խախտումներից առավել աղմկահարույցների առնչությամբ հայաստանյան 11 լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել համատեղ հայտարարություններով։

Ստորև ներկայացնում ենք 2023 թ 1-ին, 2-րդ և 3-րդ եռամսյակների տվյալները՝ արձանագրված խախտումների դասակարգմամբ

Խախտումների տեսակները 2023 թ. 1-ին եռամսյակ

 

2023 թ. 2-րդ եռամսյակ

 

2023 թ. 3-րդ եռամսյակ

 

Ընդամենը
Ֆիզիկական բռնություններ` լրագրողների նկատմամբ 0 0 3 3
Ճնշումներ` ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ 16 18 13 47
Տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ 49 24 33 106

2023 թ 1-ին, 2-րդ և 3-րդ եռամսյակների ընթացքում ԶԼՄ-ների և լրագրողների դեմ ներկայացված դատական գործեր

Դատական գործերի տեսակները 2023 թ. 1-ին եռամսյակ 2023թ. 2-րդ եռամսյակ 2023թ. 3-րդ եռամսյակ Ընդամենը
Վիրավորանքի և զրպարտության հիմքով 8 15 6 29
Տնտեսական կամ այլ վեճեր 0 1 0 1

 

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031