Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանցիների վերադարձից հետո կասեն, որ ստիպված են իրենց ուժերը մտցնել Սյունիք, որից հետո կարող ենք Սյունիքին ասել՝ մնաս բարով»

Հոկտեմբեր 26,2023 14:26

«Այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի միջոցով Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են ընդլայնել իրենց ազդեցությունը տարածաշրջանում», – այս մասին «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի կազմակերպած «Առաջընթաց՝ անորոշության պայմաններում» խորագրով համաժողովի ժամանակ ասաց գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը։

Փորձագետներն այսօր քննարկեցին հարցը, թե տարածաշրջանի երկաթուղիների, նոր ճանապարհների նախագծերը ի՞նչ նշանակություն կարող են ունենալ տարածաշրջանի համար, ի՞նչ պայմաններով ու նպատակով են դրանք մշակվելու։

«2021 թվականին Էրդողանն ասաց, որ Զանգեզուրի միջանցքի բացումը քաղաքական գերակայություն է։ Թուրքիան տրամադրված է Զանգեզուրի միջանցքի բացմանը՝ սկսած 20-րդ դարի սկզբից, սա վերջին մի քանի տարվա ծրագիր չէ։ Ալիեւից մի մեջբերում անեմ, նա հայտարարել է՝ «Զանգեզուրը պատմական ադրբեջանական հող է, որի արեւմտյան մասը Հայաստանի վերահսկողության տակ է։ Եվ միջանցքի կառուցման ընթացքում մենք կվերադարձնենք մեր քաղաքացիներին մեր պատմական հողերը»։ Այսինքն՝ սա ոչ թե Հայաստանի հետ առեւտրի կամ խաղաղության մասին է, այլ ադրբեջանական ու թուրքական ազդեցության գոտին Հարավային Կովկասում ընդլայնելու մասին է»,- ասաց նա։

Սերգեյ Մելքոնյանի խոսքով՝ հայտարարվում է, որ Հայաստանն այս տարածաշրջանում կարող է դառնալ խաչմերուկ։ Բայց եթե բոլոր հաղորդակցությունները բացվեն, ոչ թե Հայաստանը կդառնա խաչմերուկ, այլ Նախիջեւանը կդառնա։ «Նախիջեւանը, Աթաթուրքի խոսքերով, թուրքական դարպասն է դեպի Հարավային Կովկաս։ Եվ եթե մենք ուշադրություն դարձնենք քարտեզին, կտեսնենք, որ միջանցքը, որը կոչվում է Զանգեզուրի միջանցք, Ադրբեջանից անցնելու է Սյունիքի, Նախիջեւանի միջով դեպի Թուրքիա։ Հայաստանն ասում է, որ մենք կապաշրջափակենք մեր հաղորդակցությունները Իրանի եւ Հայաստանի համար։ Մեր երկաթուղին Հայաստանը կկապի Իրանի հետ դարձյալ Նախիջեւանի միջոցով։ Այսինքն՝ դարձյալ կիզակետում Հայաստանը չէ, Նախիջեւանն, որը թուրքական ազդեցության գոտի է»,- ասաց նա։

Պրոֆեսոր Արթուր Խաչիկյանի խոսքով՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը գոյություն չունի, որովհետեւ այլեւս գոյություն չունի Լեռնային Ղարաբաղը։ «Ադրբեջանը չկատարեց իր պարտավորությունները, նույնն արեց նաեւ Ռուսաստանը։ Այսինքն՝ այդ հայտարարությունն այլեւս անվավեր է», – ասաց նա։ Ըստ Խաչիկյանի՝ Թուրքիան ու Ադրբեջանն ասում են, որ «Զանգեզուրի միջանցքը» պետք է լինի էքստերիտորիալ միջանցք, այսինքն՝ իրենց դիրքորոշումն այն է, որ այն պետք է լինի իրենց վերահսկողության տակ։

Անդրադառնալով հարցին, որ կարծես Թուրքիան ու Ադրբեջանը չեն շտապում ուժով բացել իրենց նշած միջանցքը, Խաչիկյանն ասաց, որ Ադրբեջանը շրջանառության մեջ է դրել այսպես կոչված ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը։

«Ասում են՝ վերադառնալու են ոչ միայն իրենք, այլ նաեւ իրենց զավակները։ Եվ այդ դեպքում արդեն նրանց անվտանգությունը պետք է ապահովի ադրբեջանական ոստիկանությունը։ Թուրքիան Սիրիայում 30 կմ լայնությամբ անվտանգության գոտի ստեղծեց, եւ սա արվեց միջազգային հանրության աչքի առաջ, որը ձեւ է տալիս, թե չի տեսել դա։ Սյունիքը 20-30 կմ է, այսինքն՝ սա Թուրքիայի եւ Ադրբեջանի համար եւս մեկ պոտենցիալ «անվտանգության գոտի» է, որը նրանք կարող են զավթել։ Կարող է լինել մի միջադեպ կամ ինչ- որ սադրանք, որից հետո նրանք կբերեն փաստարկներ, որ Ադրբեջանն ու Թուրքիան ստիպված են եղել իրենց ուժերը մտցնել Սյունիք, որովհետեւ Հայաստանը չի պահել իր խոստումները։ Դրանից հետո արդեն կարող ենք Սյունիքին ասել՝ մնաս բարով»,- հավելեց նա։

Ըստ Արթուր Խաչիկյանի՝ բացի դա, Հայաստանը կարող է հաղորդակցության խնդիր ունենալ նաեւ Վրաստանի հետ։ Եվ Հայաստանը կհայտնվի լրիվ շրջափակման մեջ։ Թեեւ Իրանը հայտարարում է, որ թույլ չի տա տարածաշրջանում սահմանների փոփոխություն, սակայն, Խաչիկյանն ասաց, որ կասկածում է, թե Իրանը կդիմի զինված գործողության։ «Երեւի Թուրքիային ու Ադրբեջանին ինչ-որ բան է առաջարկվել, եւ որոշակի զիջումներ են արվել։ Բայց ես սա չեմ տեսնում որպես երկարատեւ լուծում, չեմ կարծում, թե Թուրքիան կհրաժարվի այս ծրագրից, որովհետեւ այս տարածաշրջանը կոչվում է թյուրքական աշխարհի դուռ։ Էրդողանը կառուցում է նոր օսմանյան կայսրություն, աշխարհը դիտում է, ու ոչ ոք չի օգտագործում էթնիկ զտում արտահայտությունը։ Բացահայտ ասում են, որ՝ մենք Ադրբեջանի հետ ունենք կարեւոր նավթային եւ գազային գործարքներ։ Այսինքն՝ շատ մեծ է հավանականությունը, որ այս կոնֆլիկտը նորից կբռնկվի»,- ընդգծեց նա։

Theraxios-ի գլխավոր գործադիր տնօրեն Քրիստին Առաքելեանն էլ նշեց, որ այսօր Հայաստանի հիմնական խնդիրն այն է, որ վերածվի դերակատարություն ունեցող խաղացողի, ինչը ենթադրում է, որ Հայաստանը պետք է դառնա արժեք ձեւավորող երկիր։ «Հիմա բավական լուրջ խաղեր են գնում ՌԴ, Չինաստանի, Իրանի, Իրաքի, Եգիպտոսի, Թուրքիայի, մի շարք այլ պետությունների միջեւ, թե ինչ տնտեսական կոնֆիգուրացիա պետք է ստանա այս ամենը։ Մեր հիմնական նպատակը պետք է դառնա այն, որ մեր տնտեսական կարկանդակը լինի հնարավորինս մեծ, եւ յուրաքանչյուր մասնակցի բաժինը դրա հաշվին մեծանա։ Կասկածից վեր է, որ Զանգեզուրի միջանցքի պետք է լինի ՀՀ տնտեսական, քաղաքական եւ աշխարհաքաղաքական օրակարգի մի մասը։ ՀՀ խնդիրն այն է, որ ոչ թե այդ ռիսկերը վերցնի իր վրա, այլ պետք է մշակել այնպիսի մոտեցում, որ ՀՀ-ն կարողանա բացառել ռիսկերը եւ առավելագույնի հասցնել այն օգուտները, որոնք կարելի է քաղել այդ միջանցքի բացումից», – ասաց Քրիստին Առաքելեանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031