Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի շարք անձինք հայտնաբերվել են եւ հրավիրվել են հարցաքննության». Փաստաբանը՝ Փաշինյանի ասուլիսից հետո լրագրողների դեմ սպառնալիքների գործի մասին

Նոյեմբեր 30,2023 19:44

Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում «Առավոտի» լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի գործով առաջին դատական նիստն էր: Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի ասուլիսից հետո լրագրողը սոցցանցերով բազմաթիվ վիրավորանքներ ու սպառնալիքներ էր ստացել իշխանության աջակից օգտատերերից, որոնցից մեկը՝ Դիանա Մարտիրոսյանը մասնավորապես գրել էր՝ «Ոնց կգցեի քեզ քացուս տակ, այ լիրբ, ասում ես  մորաքույրդ պատասխաններա տվել, իսկ հլը հարցրու էլի նավսյակի էն 30 մլրդ դոլարը աղքատ պետությունում ոնց են մտցրել քամագները…այ դու հլը հարցրու դրանք, մինչեւ մի օր դեմներս կհելնես, հարցերիդ  պատասխանները կտանք լի, կլոր աշխարհ ա, էդ հլը մի մասն եմ ասում հարցերի, տենց ձեռ առնելով էլ տնեցիքիդ հետ կխոսաս»:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Հռիփսիմե Ջեբեջյանն ասաց, որ սա կարող է դատական լավ նախադեպ լինել, որովհետեւ նախկինում լրագրողները ինչ-ինչ պատճառներով դատարան չեն  դիմել՝ իրենց պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու համար. «Շատ կարեւոր է, որ մենք անպայման ունենանք դատական ակտ, եթե որեւէ քաղաքացի այսպիսի ոտնձգությունների համար պատասխանատվություն կրի, հետագայում դա ողջ լրատվական դաշտի համար դատական նախադեպ կլինի եւ կզգոնացնի մյուս քաղաքացիներին, որ մյուս անգամ որեւէ իշխանության համար նման արջի ծառայություն չմատուցեն»:

Դիանա Մարտիրոսյանը այսօր դատական նիստին չէր եկել, պատշաճ ծանուցվել էր, բայց դատարանին տեղեկացրել էր, որ դատական նիստերին չի պատրաստվում մասնակցել: Հարցին՝ Դիանա Մարտիրոսյանը ձեզ էր փնտրում, Հռիփսիմե Ջեբեջյանը պատասխանեց. «Չգիտեմ ինչու է փնտրում, ինքը ինձ գտել է ծանոթի միջոցով, իր ասելիքը փոխանցել է: Ես իրավական ճանապարհով եմ գնում: Իսկ ինձ ցանկացած տեղ կարող են գտնել, ես հանրային գործունեություն եմ իրականացնում, ինձ գտնելը դժվար չի: Այն օգտատերերը, որոնք ֆեյք էջերով են հանդես գալիս, իրենց է դժվար գտնել, որոնք սպառնացել են, որ միկրոֆոնը «կմտցնեն համապատասխան տեղ»: Դատական հայցից հետո Դիանա Մարտիրոսյանը զանգել է լրագրողին ու ասել է, որ կյանքում ոչ մի բանից չի վախենում, բայց լրագրող Անի Գեւորգյանի հետ միջադեպի ժամանակ «դիշովկեք եք» ասելով՝ նկատի չի ունեցել Ջեբեջյանին:

Լրագրողներ Անի Գեւորգյանը եւ Հռիփսիմե Ջեբեջյանը նաեւ հաղորդում են ներկայացրել ՀՀ դատախազություն, Քննչական կոմիտե, ՆԳՆ՝ հայտնաբերելու եւ պատժելու Փաշինյանի ասուլիսից հետո սպառնալիքներ եւ վիրավորանքներ թույլ տված այլ օգտատերերին եւս:

Փաստաբան Շուշան Ավետիսյանը տեղեկացրեց, որ արդեն իսկ կա նախաձեռնված քրեական վարույթ. «Վարույթի շրջանակներում կատարվել են մի շարք քննչական գործողություններ: Փորձում են պարզել այն անձանց շրջանակը, ովքեր սպառնալիքներ էին հնչեցրել Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին: Երեկ քննիչի հետ ունեցել ենք զրույց եւ վերջինս նշեց, որ կան մի շարք անձինք, ովքեր հրավիրվել են հարցաքննության, ծանուցումներ են ուղարկվել մյուս անձանց եւս, որպեսզի հարցաքննվեն, գործն ընթացքի մեջ է: Փորձում ենք այնպես անել, որպեսզի բոլոր անձինք հայտնաբերվեն»: Փաստաբանը նշեց, որ գործում Հռիփսիմե Ջեբեջյանը ճանաչվել է տուժող, այլ կարգավիճակ ունեցողներ չկան, գործում մեղադրյալ չկա, դեռ հայտնաբերման աշխատանքներ են իրականացնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930