Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոշ ընկերությունների հետ բավական խոշոր պայմանագրեր են կնքվում, Երեւանի քաղաքապետարանը 1 մլրդ դրամի ոչ մրցակցային գնում է կատարել»

Դեկտեմբեր 15,2023 11:54

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում պետական գնումների մեջ կոռուպցիոն հիմնական ռիսկերը ոչ մրցակցային գնումների առկայությունն է։ Ոչ մրցակցային գնումների ծավալը 2022 թվականի համեմատ այս տարի ընդամենը երկու տոկոսային կետով է նվազել։ Այս մասին այսօր «Մեդիա» կենտրոնում հրավիրված քննարկման ժամանակ ասաց «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանը։

«Սակայն այստեղ պետք է հաշվի առնենք այլընտրանքի առկայության եւ բացակայության ոչ մրցակցային գնումները։ Այսինքն՝ այն դեպքում, երբ չենք կարող խուսափել ոչ մրցակցային ընթացակարգի կիրառությունից, բնականաբար այդ ընթացակարգերը չենք կարող հաշվարկել որպես վիճակի բարելավում կամ վատթարացում։ Եվ այս առումով պետք է հաշվի առնենք 2023 թվականի իրողությունները, որոնք մղել են ոչ մրցակցային ընթացակարգի կիրառմանը։ Ոչ մրցակցային ընթացակարգերի շատ ավելի կիրառության գլխավոր պատճառը եղել են Արցախի Հանրապետության հետ կապված խնդիրները։ Տարվա սկզբին Լաչինի միջանցքի հետ կապված խնդիրներն էին, որի հետեւանքով Արցախի քաղաքացիների կեցության խնդիրները պետք է լուծվեին։ Եվ այդ առումով հիմնականում կիրառվել էր հրատապ մեկ անձից ընթացակարգը։ Եվ արդեն տարվա վերջին Արցախի քաղաքացիներին ավելի խոշոր ծավալներով աջակցություն է ցուցաբերվել։ Եվ այս առումով մոտավորապես 3,4 մլրդ դրամի ոչ մրցակցային ընթացակարգեր են կիրառվել։ Այդ ընթացակարգերը կարելի է համարել օբյեկտիվորեն պայմանավորված, քանի որ դա եղել է արտակարգ իրավիճակ։ Սակայն ընդհանուր պատկերի մեջ կարող ենք արձանագրել, որ ոչ մրցակցային ընթացակարգերի փոփոխությունը տոկոսային առումով այնքան էլ մեծ չի եղել։ Այսինքն՝ եթե 2022 11 ամիսների ընթացքում եղել է մոտավորապես 42 տոկոս, ապա 2023 թվականի այդ տոկոսն ընդամենը 2 կետով է նվազել։ Այստեղ տեսնում ենք որոշակի խնդիրներ, որոնք կապված են, օրինակ, միջոցառումների կազմակերպման հետ, որոնց դեպքում եւս շարունակում են կիրառվել ոչ մրցակցային ընթացակարգեր։ Մենք ակնհայտ տեսնում ենք, որ որոշ ընկերությունների հետ բավական խոշոր պայմանագրեր են կնքվում»,- ասաց նա։

Արմենուհի Բուռնազյանը նշեց, որ, օրինակ, 2023 թվականին Երեւանի քաղաքապետարանի կողմից շուրջ 1 մլրդ դրամ արժողությամբ ոչ մրցակցային ընթացակարգեր են կիրառվել՝ միջոցառումների կազմակերպման նպատակով։ «Ընդհանուր պատկերի մեջ մենք տեսնում ենք, որ կիրառվում են նաեւ մրցակցային ընթացակարգեր, այսինքն՝ միջոցառումների կազմակերպումը ամբողջությամբ չի իրականացվում ոչ մրցակցային ընթացակարգերով։ Բայց, չգիտես ինչու, որոշակի միջոցառումներ, եւ հատկապես խոշոր ծավալի միջոցառումների դեպքում հիմնականում կիրառվում է հենց մեկ անձից գնման ընթացակարգը։ Իրենք իրենց դիրքորոշումն ունեն, ցանկանում են գին-որակ տեսանկյունից լավ միջոցառում ունենալ, սակայն հանրության տեսակետից այդքան խոշոր ծավալի պայմանագրեր շնորհել կոնկրետ մի քանի ընկերությունների, որոշակի ռիսկայնություն է պարունակում»,- ասաց նա։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031