Լրահոս
Տղերքի պատի մոտ
Օրվա լրահոսը

Արցախն է «մարսվել», թանկ գազն ի՞նչ է

Նոյեմբեր 03,2026 10:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Հայաստանի ֆինանսների նախարարը համարում է, որ չկա կարիք գազի գնի թանկացման հնարավոր ռիսկի մասին խոսել ապոկալիպտիկ տոնով։ Եվ իսկապես, գազի բարձր գինն ի՞նչ ապոկալիպսիս։ Իհարկե, դա կարող է բերել մուլտիպլիկատիվ գնաճի այլ ոլորտներում էլ, բայց դա ի՞նչ խնդիր է այն մարդկանց համար, որոնց աշխատավարձը հունվարի 1-ից կրկնապատկվելու է։ Իսկ ֆինանսների նախարարը այդ մարդկանց շարքում է։

Կան մարդիկ, որոնց աշխատավարձը չի՞ ավելանում։ Դե, «անկախությունն ու ինքնիշխանությունը», ինչպես ասում են, «զոհեր» են պահանջում։ Ինչ-որ մեկը պետք է վճարի՞ այդ ամենի համար։ Եթե վճարողը լինի կառավարող մեծամասնությունը, բա ո՞վ պետք է լինի այդ «անկախությունն» ու «ինքնիշխանությունը» կերտողը։ Զարմանալի մարդիկ են շարքային քաղաքացիները։ Ինչպե՞ս կարող են պետական պաշտոնյաները թե՛ կերտել անկախություն ու ինքնիշխանություն, թե՛ վճարել դրա համար։ Չի լինում այդպես։ Նրանք պետք է կերտեն ու վճարվեն այդ կերտելու համար, իսկ վճարողը պետք է լինի այն հասարակությունը, որը վայելելու է կերտածը՝ ըմբոշխնելով կառավարող մեծամասնության անդամների հանրային ինքնավստահ ելույթները։

Իսկ ապոկալիպսիսով այդ մեծամասնությանը չես վախեցնի, առավել ևս՝ զարմացնի։ Նրանք հաղթահարել են պատերազմի պարտություն, հազարավոր զոհեր, Արցախի ամբողջական կորուստ ու էլի շատ բաներ, գազի գնի բարձրացումն ի՞նչ է, որ աչք թարթեն։ Տնտեսությունը կտուժի՞, ծա՞նր կլինի շատ տնտեսվարողների համար։ Ոչինչ։ Ադրբեջանը պատրաստ է օգնել։ Ի վերջո, մեր տնտեսությունը «կոնֆլիկտային» ու «հակապետական» է, ինչպես Անկախության հռչակագիրը։ Եթե ձգտում ենք ունենալ Ադրբեջանից հնարավորինս քիչ կախված տնտեսություն, դրանով հրահրում ենք Ադրբեջանին։ Ադրբեջանից չկախված տնտեսությամբ հնարավոր չէ ունենալ անկախ պետություն։

Որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ այդ ամենը կարող է հնչել դեմքի վստահ և համոզված արտահայտությամբ։ Իսկ որևէ մեկը ենթադրո՞ւմ էր, որ երբևէ Հայաստանի Հանրապետությունում պետական բարձր մակարդակով կարող են նույն «մտքերը» հնչել Անկախության հռչակագրի ու Արցախի մասին։ Վստահաբար՝ ոչ։ Ըստ այդմ, պետք չէ կասկածել, որ նույնը կարող է հնչել գազի թանկ գնի դեպքում։ Ըստ այդմ՝ մտածել, թե Արցախի հետ տեղի ունեցածը «քաղաքականապես մարսած» կառավարող ուժը չի մարսի գազի գնի թանկացումը, թերևս քաղաքական իրողությունների թյուրընկալում է։

 

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել