ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոնի փոխտնօրեն Ջյոտի Հոսագրահարի պահվածքը Մատենադարանում բուռն դժգոհություն է առաջացրել Հայաստանում: Արցախում հայկական եկեղեցիների և պատմամշակութային հուշարձանների ոչնչացման մասին News.am-ի հարցին ի պատասխան՝ նա հայտարարել էր, որ չի կարող մեկնաբանել այդ դեպքերը, քանի որ տեղյակ չէ դրանց մասին։ Իսկ երբ լրագրողը կրկին բարձրացրել էր հարցը՝ վկայակոչելով կոնկրետ օրինակներ, Հոսագրահարը խուսափողական պատասխան էր տվել. «Կներեք, ես պետք է գնամ»։ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը ևս անդրադարձել էր թեմային՝ ընդգծելով, որ նրա հնչեցրած պատասխանը լուրջ հարցեր է առաջացնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ իր մանդատի, մասնագիտական պատասխանատվության և մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտում ստանձնած պարտավորությունների իրականացման վերաբերյալ։
Aravot.am-ը բաց, հասանելի աղբյուրներից փորձել է պարզել Ջյոտի Հոսագրահարի առնչությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոնի ներկայացուցիչ: Նրա առնչությունները Թուրքիայի և թուրքական պաշտոնական ու գիտական շրջանակների հետ փաստվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական փաստաթղթերով, միջազգային համաժողովների արձանագրություններով և հրատարակություններով: Օրինակ, վերցնենք «Թուրքիան և Մետաքսի ճանապարհը» նախագիծը․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ Հոսագրահարն ընդգրկված է եղել Թուրքիայում Մետաքսի ճանապարհի պատմամշակութային ժառանգությանն ու քարավանատների պահպանությանը նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ ծրագրերի համակարգող և խմբագրական կազմում: 2017 թ. Փարիզում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջկառավարական կոմիտեի բացման իր պաշտոնական ելույթում Հոսագրահարը հատուկ ընդգծել է Թուրքիայի դերը մշակութային արտահայտչաձևերի բազմազանության պաշտպանության կոնվենցիայի շրջանակում և ողջունել Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունը: Նա համագործակցել է թուրքական գիտական և մշակութային ինստիտուտների հետ:
Ջյոտի Հոսագրահարը՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչ, մասնակցել և աջակցել է Թուրքիայում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող Անատոլիական հնագիտական ինստիտուտի հիմնադրման ու զարգացման միջազգային ծրագրերին: Նաև որպես հիմնական բանախոս և փորձագետ՝ պարբերաբար մասնակցում է ICOMOS Թուրքիայի և թուրքական բուհերի կողմից կազմակերպվող՝ քաղաքային ժառանգության պահպանմանն ու կայուն զարգացմանը նվիրված համաժողովներին:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նստաշրջանների պաշտոնական արձանագրությունները փաստում են, որ Հոսագրահարն իր լիազորությունների շրջանակում կանոնավոր աշխատանքային հանդիպումներ է ունենում ՅՈՒՆԵՍԿՕ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչների և Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության պատվիրակությունների հետ՝ Թուրքիայում գտնվող հուշարձանները Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու հայտերի վերաբերյալ:
Կարդացեք նաև
Ջյոտի Հոսագրահարի առնչությունները Ադրբեջանի և ադրբեջանական պաշտոնական շրջանակների հետ փաստվում են միջազգային, պաշտոնական և լրատվական բաց աղբյուրներում առկա հետևյալ տվյալներով: Տիկինը՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակության ղեկավար կազմի ներկայացուցիչ, 2019 թ. մասնակցել է Բաքվում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 43-րդ նստաշրջանին: Միջոցառումը հյուրընկալվել էր Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության, այդ թվում՝ Ադրբեջանի փոխնախագահ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան Մեհրիբան Ալիևայի կողմից: Հոսագրահարն ընդգրկված է եղել Ադրբեջանի մշակութային ժառանգությանը (օրինակ՝ Բաքվի Իչերի Շեհերին) նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական զեկույցների և հրատարակությունների պատրաստման ու համակարգման աշխատանքներում:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական արձանագրությունների համաձայն՝ Հոսագրահարը պարբերաբար մասնակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության և Փարիզում ադրբեջանցի դիվանագետների կողմից կազմակերպվող աշխատանքային հանդիպումներին, որոնք վերաբերում են Ադրբեջանում Համաշխարհային ժառանգության ցանկի ընդլայնմանը և համատեղ ծրագրերին:
Ըստ էության, բաց աղբյուրներում չեն գտնվել ապացույցներ Ջյոտի Հոսագրահարի անձնական, ֆինանսական կամ ոչ ֆորմալ գաղտնի կապերի մասին Ադրբեջանի կամ Թուրքիայի իշխանությունների հետ. համացանցում առկա են միայն փաստացի ապացույցներ նրա պաշտոնեական և ծրագրային առնչությունների մասին՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրաստիճան պաշտոնյայի, ով համակարգում է այդ երկրներին վերաբերող հայտերն ու հրատարակությունները: Ինչ վերաբերում է Մատենադարանում կայացած միջադեպին, այն ցույց է տալիս, որ Ջյոտի Հոսագրահարը հետևում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական գծին՝ խուսափելով Ադրբեջանին հասցեագրված քննադատությունից, ինչը հայկական միջավայրում արդարացիորեն ընկալվում է որպես անգործություն կամ կողմնակալություն:
Նշենք, որ թեև ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս պաշտոնյայի մասին ոչինչ չի հայտնաբերվել համացանցում, այլ պաշտոնյաների մասին նման փաստեր առկա են: Օրինակ, միջազգային հետաքննական լրագրության և բաց աղբյուրների (OCCRP, The Guardian, ESI) ստուգված տվյալներով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրաստիճան այլ պաշտոնյաների և Ադրբեջանի միջև կապերը հիմնականում առնչվում են «Ադրբեջանական լվացքատան» և «Խավիարային դիվանագիտության» աղմկահարույց սկանդալներին։ Organized Crime and Corruption Reporting Project-ի և The Guardian-ի հետաքննությունը պարզել էր, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2009–2017 թթ. գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի ամուսինը՝ Կալին Միտրևը, 2012–2014 թթ. ադրբեջանական «լվացքատան» միջոցով (Մեծ Բրիտանիայում գրանցված կեղծ ընկերություններով) ստացել է շուրջ 425,000 եվրո՝ որպես «խորհրդատվական ծառայությունների» վճար։ Այդ նույն ժամանակահատվածում ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել էր Ադրբեջանի կառավարությունից 5 միլիոն դոլարի նվիրատվություն։ Բոկովան Փարիզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կազմակերպել էր «Ադրբեջան՝ հանդուրժողականության երկիր» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը՝ Հեյդար Ալիևի հիմնադրամի հետ համատեղ, և Ադրբեջանի իշխանություններին հանձնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրագույն պարգևներ։ Տեղին է հիշեցնել, որ Մեհրիբան Ալիևան 18 տարի զբաղեցրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպանի պաշտոնը և միայն 2022 թ. նոյեմբերին է հրաժարական տվել, ինչը պաշտոնական Բաքուն պատճառաբանել է Ադրբեջանի «նոր առաջնահերթություններով», սակայն իրականում դա տեղի ունեցավ 44-օրյա պատերազմից հետո Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ միջազգային ճնշման և Ֆրանսիայի հասարակական-քաղաքական շրջանակների քննադատությունների ֆոնին: 2017-ին էլ Ադրբեջանը Բյուլբյուլօղլուին էր առաջադրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի պաշտոնում, սակայն, երբ 2017-ի սեպտեմբերին բացահայտվեց «Ադրբեջանական լվացքատան» սկանդալը, նրա թեկնածությունը ձախողվեց քվեարկության առաջին իսկ փուլերում։
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ



















































