Լրահոս
Օրվա լրահոսը

Ջազի և Խաչատրյանի երաժշտության ինքնատիպ սինթեզ. ներկայացվեց «Սիմֆոնիկ ջազ. Խաչատրյան» համերգային ծրագիրը

Դեկտեմբեր 15,2023 14:24

Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնի շրջանակում ներկայացվեց «Սիմֆոնիկ ջազ. Խաչատրյան» համերգային ծրագիրը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ‚ կատարեց Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները ջազային գործիքավորմամբ։

Հնչեցին Վարդագույն աղջիկների պարը «Գայանե» բալետից‚ Էգինայի վարիացիան և խրախճանքի տեսարանը «Սպարտակ» բալետից‚ Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոն «Սպարտակ» բալետից‚ Վալսը «Դիմակահանդես» դրամայի համար գրված երաժշտությունից‚ Լեզգինկան «Գայանե» բալետից‚ Սուսերով պարը «Գայանե» բալետից‚ ինչպես նաև այլ ստեղծագործություններ։

Ջազային մշակումները կատարել են Արմեն Հյուսնունցը, Մարտին Ուլիխանյանը և Անդրանիկ Բերբերյանը։

«Սիմֆոնիկ ջազ. Խաչատրյանը» ունկնդրի կողմից սիրված ու սպասված համերգային ծրագիր է‚ այն միշտ անցնում է լեփ-լեցուն դահլիճում։ Հանդիսատեսը մեծ ընդունելության է արժանացնում ջազի և Խաչատրյանի երաժշտության ինքնատիպ սինթեզը։ Ինքը՝ Արամ Խաչատրյանը‚ այսպես է արտահայտվել է ջազի մասին. «Ջազը համամարդկային նշանակություն ունեցող երևույթ է: Ջազը մեր էության անվիճելի մասնիկն է, որը չէր կարող ինքնուրույն գոյատևել: Այն կյանքի կոչվեց հանրային խորքային պահանջմունքով: Այն ապրում է, քանի որ սիրված է միլիոնավոր մարդկանց կողմից: Հենց սա է ամենակարևորը: Առանց սիրո ոչինչ չի ծնվում – այո՛, ես սիրում եմ ջազը: Այն ինձ հետաքրքիր է»։

Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ մենակատարմամբ հանդես եկան սաքսոֆոնահար Դավիթ Մելքոնյանը‚ Արցախի պետական ջազ նվագախմբի երիտասարդ շեփորահար Արսեն Սաֆարյանը։ Վերջինս Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարեց Ալեքսանդր Հարությունյանի «Քարավանը» և Առնո Բաբաջանյանի Սերենադը։

Նշենք նաև‚ որ Խաչատրյանի անվան փառատոնի համերգներին ունկնդիրներին հնարավորություն է ընձեռվում միանալ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությանը‚ որն ուղղված է հաջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-ի։ Ունկնդիրները, նվագախմբի գործընկերներն ու բոլոր բարեկամները իրենց նվիրատվություններով հնարավորություն են ստանում հոգալ արցախցի երեխաների ամենաառաջնային կարիքները և նպաստել նրանց մատուցվող սոցիալ-հոգեբանական, առողջապահական, երեխաների պաշտպանության, վաղ մանկական կրթական և այլ ծառայությունների հասանելիությունը: Փառատոնի համերգների տոմսերը վաճառվում են նվազագույն արժեքով՝ բոլորին քաջալերելով հաճախել համերգներին և նվագախմբի հետ տեղում կատարել հանգանակություններ կանխիկ ու անկանխիկ եղանակներով։

Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնը կազմակերպվել է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ ջանքերով։ Փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարությունը։ Երևանի քաղաքապետարանը փառատոնի գլխավոր հովանավորն է։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031