Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելորդ քաշը և ճարպակալումը դեռահասների շրջանում

Դեկտեմբեր 20,2023 16:16

Առողջ մարմինը կարիք ունի փոքր քանակությամբ ճարպային հյուսվածքի: Դա անհրաժեշտ է էնդոկրին համակարգի ճիշտ գործունեության, վերարտադրողական և իմունային համակարգերի, ներքին օրգանների ջերմամեկուսացման և դրանք ցնցումներից պաշտպանելու համար: Այն, որպես նյութ, օրգանիզմին հարկավոր է բջջային կառուցվածքներ ստեղծելու և երկար ժամանակ էներգիա պահելու համար։ Սակայն անհրաժեշտ սահմանը գերազանցելու դեպքում ճարպի կուտակումն ունի բացասական հետևանքներ:

Այն՝

նվազեցնում է մարմնի շարժունակությունը և ճկունությունը,

ազդում է արտաքին տեսքի վրա,

խախտում է նյութափոխանակությունը,

նախադրյալներ է ստեղծում հիվանդությունների առաջացման և զարգացման համար։

Վերջին 30 տարիների ընթացքում, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, աշխարհում ճարպակալում ունեցող, դեռահասների թիվը աճել է երեք անգամ: Կազմակերպության՝ Եվրոպական տարածաշրջանի երկրներում մեծահասակ բնակչության կեսը և ամեն հինգերորդ երեխան ունեն ավելորդ քաշ, իսկ նրանց մեկ երրորդը տառապում է ճարպակալմամբ:

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ավելցուկային քաշն ու ճարպակալումը հանրային առողջության կարևոր հարցերից են:

Ըստ դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտության տվյալների` 11 տարեկանների շրջանում դեռահաս աղջիկների 18%-ի և տղաների 26%-ի մոտ նկատվում է ավելորդ քաշ կամ գիրություն, սակայն 15 տարեկանում այս թվերը նվազում են՝ աղջիկների շրջանում հասնելով 6%-ի, իսկ տղաների շրջանում` 15%-ի:

Դեռահասների գիրություն. ինչ է դա և ինչպես է զարգանում

Դեռահասների գիրությունը շատ չի տարբերվում մեծահասակների գիրությունից: Երկու դեպքում էլ ավելորդ քաշի և ճարպակալման հիմնական պատճառը օրգանիզմում էներգիայի անհավասարակշռությունն է, այսինքն՝ սննդակարգի կալորիականությունը գերազանցում է օրգանիզմի էներգետիկ կարիքները։

Այս հիվանդությունը կարող է առաջանալ ինչպես էնդոկրին գեղձերի աշխատանքի խանգարման, այնպես էլ սննդի քանակը գերազանցելու պատճառով։ Շատ դեպքերում գիրությունը երեխաների շրջանում զարգանում է վատ սնվելու պատճառով: Այսինքն՝ առողջ սննդի փոխարեն նրանք նախընտրում են գազավորված ըմպելիքներ, չիպսեր, շոկոլադներ և արագ ածխաջրեր պարունակող ու գրավիչ համով այլ մթերքներ: Բացի այդ, դեռահասների սննդակարգը հիմնականում անկազմակերպ է. Երբ պատահի՝ նույնիսկ դպրոցում կամ դրանից դուրս նրանք գնում են քաղցր ըմպելիքներ, աղի կամ օսլա պարունակող մթերքներ և այլ ուտելիքներ, որոնք նրանց համար համեղ են, բայց, իհարկե, ոչ առողջարար:

Երկրորդ խնդիրը, որը հանգեցնում է դեռահասների գիրության զարգացմանը, նստակյաց ապրելակերպն է: Երեխան կարող է մուտք գործել տեղեկատվության և խաղերի աշխարհ, բավարարել իր բոլոր հետաքրքրությունները՝ առանց աթոռից պոկվելու: Նա այլևս կարիք չի ունենում դրսում հանգստանալու և շփվելու: Համակարգչային խաղերը, որոնք կախվածություն են առաջացնում, որպես կանոն, դեռահասները խաղում են նաև գիշերը։ Սա ազդում է նրանց քնի վրա. քունը դառնում է ավելի կարճ, խաթարում է աշխատանքի և հանգստի ռեժիմը և, հետևաբար, ազդում է նյութափոխանակության գործընթացների և ճարպային բջիջների ձևավորման վրա: Անբավարար քունը ազդում է ֆիզիկական առողջության վրա՝ հետագայում նպաստելով շաքարախտի զարգացմանը: Բացի այդ, անբավարար քունը հանգեցնում է ախորժակի ավելացման, ամենօրյա կալորիականության, յուղոտ, քաղցր և աղի մթերքների անհրաժեշտության:

Տարածված սխալ կարծիք կա, որ դեռահասության շրջանում ավելորդ քաշը ժամանակավոր է: Սեռական հասունացման ընթացքում երեխան իսկապես կարող է գիրանալ, այնուհետև մեծանալ և «ձգվել»։ Բայց ամեն ինչ կախված է հանգամանքներից ու ապրելակերպից: Երեխան կարող է ունենալ անառողջ սնվելու վարք, սննդի օգտագործման անվերահսկելի ռեժիմ: Ավելին, դեռահասները շատ արագ ձեռք են բերում տարբեր հակումներ. նրանք բառացիորեն չեն կարող ապրել առանց քաղցր ըմպելիքների, նախուտեստների և այլ վնասակար մթերքների։ Եթե ​​երեխան սիստեմատիկ չափից շատ ուտելու, ֆիզիկական ակտիվության պակասի և առաջադեմ քաշի ավելացման զգացում է ունենում, ցավոք, նա խնդիրը չի հաղթահարի:

Ավելցուկային քաշից դեպի ճարպակալում

Ճարպակալումը ճարպային փոխանակության խանգարում է, որը բնութագրվում է ճարպային հյուսվածքում ճարպերի ավելցուկային կուտակմամբ: 1997թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը միմյանցից տարանջատեց մարմնի «ավելցուկային զանգված» և «ճարպակալում» հասկացողությունները: 1998թ. ԱՀԿ-ն ճարպակալումը ճանաչեց որպես քրոնիկական հիվանդություն:

Գիրության կամ ավելցուկային քաշի ախտորոշումը կատարվում է մարմնի զանգվածի ցուցանիշի (ՄԶՑ) գնահատմամբ, հաշվի առնելով երեխայի տարիքը և սեռը: ՄԶՑ-ն սահմանվում է քաշի (կգ) և հասակի քառակուսիի (մ²) քանորդով.

ՄԶՑ = քաշ (կգ) / հասակ² (մ²):

18.6-25 ՄԶՑ-ն նորմ է, 25-30 ՄԶՑ-ն՝ մարմնի ավելորդ զանգված է։ Եթե մարդու ՄԶՑ-ն 30-35 է, նա արդեն 1-ին աստիճանի ճարպակալում ունի, 35-40-ի դեպքում՝ 2-րդ աստիճանի ճարպակալում, իսկ 40 և ավելիի դեպքում՝ մորբիդային ճարպակալում։

Հայ դեռահասների շրջանում տարածված է ինչպես քաշի պակաս, այնպես էլ գիրանալու միտում: Ըստ վիճակագրության՝ Հայաստանում 11-15 տարեկան դեռահասների 13 տոկոսն ավելորդ քաշ ունի, ընդ որում՝ 2 տոկոսի դեպքում ավելորդ քաշը մոտ է ճարպակալման եզրին։ 17-ամյա պատանիների 12 տոկոսն ավելորդ քաշ ունի, 2 տոկոսը մոտ է ճարպակալման։

Ճարպակալման զարգացման ռիսկի հիմնական գործոններն են

Սննդի՝ չափից շատ օգտագործումը: Առավել ևս՝ այսօր դրա էներգետիկ հագեցվածությունը, արագ սննդի մատչելիությունը, համային գրավչությունը, անկանոն ժամերին սնվելը մեծացնում են այս գործոնի ախտածին նշանակությունը: Հայտնի է նաև, որ ուտելն ունի սթրեսը նվազեցնող ազդեցություն. թուլացնում է հոգեկան լարվածությունը: Բնականաբար, սթրեսային իրավիճակները կարող են նպաստել սննդի ավելցուկային օգտագործմանը: Կարևոր նշանակություն ունի նաև սննդի որակը. ճարպակալմանը նպաստում է պարզ ածխաջրերով և ճարպերով հարուստ սնունդը: Հայտնի է, որ հագենալու զգացումը պայմանավորված է նաև ստամոքսի ձգման աստիճանով: Պարզ ածխաջրերով և ճարպերով հարուստ մթերքները քիչ են ձգում ստամոքսը և դրանից զատ խթանում են նրա մոտորիկան. դատարկման արագությունը մեծանում է: Ճարպերով հարուստ սնունդը, ավելի համեղ է, քան ճարպազուրկը: Եվ վերջապես, ի տարբերություն բջջանքով հարուստ սննդի՝ ճարպերով հագեցած մթերքները երկար ծամել պետք չէ, ինչը նույնպես հանգեցնում է գերսնուցման:

Ճարպակալման անմիջական պատճառներից է քաղցրի չարաշահումը: Մի շարք ուսումնասիրություններ փաստում են, որ ճարպակալումը կապ ունի քաղցր գազավորված ըմպելիքների չարաշահման հետ:

Գիրությանը և ճարպակալմանը նպաստող մեկ այլ գործոն է մեծ քանակությամբ աղ պարունակող մթերքների, այդ թվում՝ կիսաֆաբրիկատների, պատրաստի ուտեստների, ապխտած մթերքի, տարատեսակ պատրաստի սոուսների և նմանատիպ այլ մթերքների չարաշահումը:

Ճարպակալման զարգացման հարցում զգալի նշանակություն ունի ժառանգականությունը: Գենետիկ հետազոտությունները ցույց են տվել, որ նորմալ մարմնի զանգվածով ծնողների երեխաների դեպքում ճարպակալման հավանականությունը 14 %-ից չի անցնում: Սակայն եթե ծնողներից մեկը տառապում է այդ հիվանդությամբ, ապա ժառանգելու հավանականությունը 56% է, իսկ երկուսի դեպքում՝ 76-80%:

Էնդոկրին որոշ խաթարումներ ուժեղացնում են ածխաջրերից ճարպերի սինթեզը. սովորաբար օրգանիզմ մուտք գործած գլյուկոզայի 30%-ը ինսուլինի ազդեցությամբ վերածվում է ճարպերի:

Ցածր ֆիզիկական ակտիվությունը: Այս գործոնի նշանակության մեծացումը պայմանավորված է գիտատեխնիկական առաջընթացով: Ներկայումս դժվար է պատկերացնել կյանքն առանց համակարգիչների, հեռակառավարման վահանակների, մեքենաների և այլն: Այդ իսկ պատճառով ժամանակակից մարդը կարծես դատապարտված է սակավաշարժության: Ճարպային հյուսվածքում ճարպի ավելցուկային կուտակում է զարգանում, երբ օրգանիզմ մուտք գործող էներգիան գերազանցում է նրա ծախսերը: Իսկ մենք գիտենք, որ օրգանիզմի էներգետիկ ծախսերը մեծանում են մկանային աշխատանքի և մարմնի ջերմաստիճանի բարձրացման դեպքերում: Ընդ որում՝ ձևավորվում է արատավոր շրջան՝ սակավաշարժություն→ճարպակալում→սակավաշարժություն:

Ավելորդ քաշի և ճարպակալման ամենատարածված հետևանքները

Սիրտ-անոթային հիվանդություններ, հիմնականում սրտի հիվանդություն և ինսուլտ,

շաքարային դիաբետ,

մկանային-կմախքային համակարգի խանգարումներ, հատկապես օստեոարթրիտ, հոդերի խիստ դեգեներատիվ հիվանդություն,

որոշ քաղցկեղներ՝ ներառյալ էնդոմետրիալ, կրծքագեղձի, ձվարանների, շագանակագեղձի, լյարդի, լեղապարկի, երիկամների և հաստ աղիքի քաղցկեղ:

Որքան աճում է Մարմնի զանգվածի ցուցիչը, այնքան մեծանում է այս հիվանդությունների առաջացման վտանգը:

Մանկական ճարպակալումը մեծացնում է հասուն տարիքում հաշմանդամության, նաև վաղաժամ մահվան հավանականությունը: Բացի այդ, գեր երեխաները ունեն շնչահեղձություն, կոտրվածքների մեծ ռիսկ, հակված են հիպերտոնիայի, սրտանոթային հիվանդության նշանները վաղ են ի հայտ գալիս:

Առկա են նաև հոգեբանական ազդեցություններ, ինչպիսիք են` ցածր ինքնագնահատականը, դեպրեսիան և սոցիալական մեկուսացումը:

Դեռահասների մոտ գիրության զարգացման հետևանքները դրսևորվում են նաև հորմոնալ մակարդակում։ Սա հատկապես նկատելի է տղաների մոտ՝ նրանց տեստոստերոնի արտազատումը խանգարված է։ Ճարպային հյուսվածքում կա ֆերմենտ, որը քայքայում է այս հորմոնը։ Արդյունքում տղաների մոտ տեստոստերոնի քանակությունը նվազում է և իգական տիպի գիրություն է զարգանում. ճարպը կուտակվում է կոնքերի, կրծքավանդակի և որովայնի վրա։

Ինչպե՞ս է բուժվում դեռահասների ճարպակալումը

 Երեխաների և դեռահասների ճարպակալումը կանխարգելու լավագույն միջոցը առողջ ապրելակերպի ձևավորումն է ընտանիքում:

1-ին և 2-րդ աստիճանի ճարպակալման բուժումը հիմնականում ներառում է դիետա և ֆիզիկական ակտիվություն: Փոքր տարիքում նյութափոխանակությունը շատ ավելի ինտենսիվ է, քան մեծ տարիքում, ուստի՝ սնուցման հիմնական կանոններին հետևելը երաշխավորում է հաջողությունը։

Կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը ոչ միայն կարագացնի քաշի կորուստը, այլև կձգի մաշկը, կամրապնդի մկանները։ Խորհուրդ է տրվում բուժական ֆիզկուլտուրա, զբոսանք, բացօթյա խաղեր, վարժություններ, պարեր, ամենօրյա մարմնամարզություն կամ ուժային վարժություններ:

ֆիզիկական ակտիվությունը և մարզանքը զարգացնում են մկաններ, ամրապնդում ոսկրերը, կարգավորում քաշը, նվազեցնում սրտանոթային հիվանդությունների, շաքարախտի, ճարպակալման զարգացման վտանգը: Դպրոցական տարիքից մարզվելը, սպորտով զբաղվելը հիմք են դնում առողջ ու օգտակար սովորությունների, որոնք սովորաբար պահպանվում են հասուն կյանքում: Ֆիզիկական ակտիվությունը բարենպաստ է անդրադառնում նաև հոգեկան առողջության վրա: Ըստ ԱՀԿ չափանիշների՝ 5-17 տարեկաններին ցուցված է օրական առնվազն 60 րոպե ակտիվ ֆիզիկական վարժություններ:

Ծանր ճարպակալման բուժումը, բացի սպորտից և սննդակարգից, ներառում է դեղամիջոցներ, հորմոնալ և այլ խանգարումների շտկում։

Ստամոքսի ծավալը նվազեցնելու վիրահատությունները և բարիատրիկ վիրաբուժության այլ մեթոդները թույլատրվում են միայն 18 տարեկանից հետո:

Մի քանի գործնական խորհուրդ ծնողներին.

Հետևե՛ք ձեր սննդակարգին. ձեր օգտագործած սննդի որակն ու քանակն են որոշում, թե ինչ է ուտելու ձեր երեխան: Օրինակով ցույց տվեք, թե ինչպես պետք է սնվել, և որ առողջ սնունդը կարող է համեղ լինել:

Սահմանափակեք հեռուստացույցի, համակարգչային խաղերի վրա ծախսվող ժամանակը: Նման զբաղմունքները «զոմբիացնում են» երեխային, և նա հետագայում նախապատվությունը կտա հանգստի այս տեսակին։

Փորձեք վերահսկել ձեր երեխայի սննդակարգը նաև դպրոցում: Ընդգծեք սննդարար ճաշի կարևորությունը: Այստեղ կարևորը ձեր աջակցությունն է: Բացատրեք, թե ինչու է առողջ սնունդը ավելի լավ նրա առողջության համար:

Եվ գլխավորը՝ երեխային չմեղադրել, չբարդույթավորել, փոխարենը ապահովել առողջ սննդակարգ և մղել նրան ֆիզիկական ակտիվության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031