Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիեւի հայտարարությունը ենթադրում է կամ Հայաստանի կողմից նոր, շատ ավելի մեծ տարածքային զիջումներ, կամ Ադրբեջանը կգնա հերթական արկածախնդրության ճանապարհով»

Հունվար 15,2024 13:08

«Այն, ինչ խոսում է կամ ինչպես գործում է Ադրբեջանը, դրա մասին մշտապես խոսել ու հայտարարել է։ Այլ խնդիր է, որ հայաստանյան իշխանությունները տարբեր դրվագներում, ըստ քաղաքական նպատակահարմարության, փորձում են սեփական ձեւով մեկնաբանել իրադարձությունների ընթացքը»,- այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Ալիեւի հայտարարություններին։

«Ադրբեջանի ասածը հետեւյալն է՝ կա Ադրբեջանի կողմից կոնկրետ պահանջ, որը իջեցված է Հայաստան-Ադրբեջան բանակցային օրակարգում։ Եվ Ադրբեջանը շատ պարզ ասում է՝ ինչին կարող եմ հասնել խաղաղ ճանապարհով, գնալու եմ խաղաղ ճանապարհով, ինչին հնարավոր չեղավ հասնել խաղաղ ճանապարհով, գնալու եմ պատերազմական գործողությունների։ Այն սկզբունքը, որն Ադրբեջանը դրել է Հայաստանի հետ բանակցություններում, կարծում եմ, որոշակի փոքր փոփոխություններով արդեն մի քանի տարի է՝ առկա է։ Եվ այս ամենը տեղի է ունենում դրա շրջանակներում։ Այնպես որ, ես չեմ կարծում, թե Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությամբ տեղի է ունեցել սկզբունքների կամ ընդհանուր ճանապարհի առումով շատ մեծ փոփոխություն։ Ադրբեջանի իշխանությունները նաեւ որոշակի գաղտնազերծումներ են անում բանակցային գործընթացի տարբեր էլեմենտների հետ կապված։ Եվ պրոցեսն այնպիսին է, որ բնականաբար սա ենթադրում է կամ Հայաստանի կողմից նոր, շատ ավելի մեծ տարածքային զիջումներ, եւ երկրորդ տարբերակ՝ իհարկե, որեւէ ձեւով բացառելի չէ, որ Ադրբեջանը կգնա հերթական արկածախնդրության ճանապարհով»,- ասաց նա։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի առաջարկին, որ «խաղաղության պայմանագրի» մեջ կարող է տեղ գտնել սպառազինության վերահսկողության մասին դրույթ, Տիգրան Աբրահամյանն ասաց․ «Այդ առաջարկը շատ հեղհեղուկ է, եւ շատ բան կախված է նրանից, թե իրականության մեջ դրա տակ ինչ ես հասկանում։ Կան նաեւ միջազգային ռեեստրներ, օրինակ, ՄԱԿ-ի ռեեստրները, որ ցանկացած պետություն ներկայացնում է իր հնարավոր մատակարարումները։ Իհարկե, տարիները ցույց են տվել, որ կոնկրետ Ադրբեջանը, եւ դա միայն Ադրբեջանին չի վերաբերում, համապատասխան թվերը պատշաճ ձեւով չեն ներկայացրել։ Այսինքն՝ դա մի առաջարկ է, որ միգուցե Հայաստանի իշխանությունը փորձում է ցույց է տալ իր կառուցողական կեցվածքը, չնայած Հայաստան-Ադրբեջան հարաբերութուններում դա ընդգծելու կարեւորություն չկա, որովհետեւ ակնհայտ է ադրբեջանական ագրեսիվ պահվածքը, բայց մյուս կողմից դա չաշխատող մեխանիզմ է, եւ չեմ կարծում, որ այս իրավիճակում կարող է փոփոխություններ բերել, առավել եւս նպաստել բանակցային գործընթացին դրական իմաստով»։

Պատգամավորը նաեւ ասաց, որ վերջին 10 օրերի իրադարձություները, պաշտոնական Երեւանից եւ Բաքվից հնչող հայտարարությունները եւ տարբեր իրադրային մեկնաբանությունները ցույց են տալիս, որ իրավիճակը կարող է կտրուկ փոփոխության ենթարկվել, եւ ռազմաքաղաքական իրավիճակը կարող է կտրուկ սրվել։

«Սա բխում է այն տրամաբանությունից, որը կողմերը հնչեցնում են։ Եվ ակնհայտ է, որ բանակցային գործընթացում իրավիճակն այնպես չի զարգանում, ինչպես տարեվերջին էր, երբ իշխանական տարբեր էշելոններից որոշակի դրական ազդակներ էին փոխանցվում։ Այստեղ կան մի քանի մոտեցումներ, որի մասին պետք է նշել։ Ինչ են այս պահին իրենցից ներկայացնում Հայաստան-Ադրբեջան այսպես կոչված խաղաղության բանակցությունները։ Ընդհանուր փաստաթղթից փորձում են դուրս բերել սահմանների դելիմիտացիայի գործընթացը, ինչպես նաեւ ռեգիոնալ ապաշրջափակմանը վերաբերող դրույթը։ Սրանք Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ամենաառանցքային երկու դրույթներ են, երրորդը եղել է Արցախի հետ կապված հարցը, որը Ադրբեջանը պատերազմի միջոցով փորձեց լուծել, իսկ Հայաստանի իշխանությունը փորձում է ցույց տալ, որ, ըստ էության, այդ էջը փակ է։ Եվ այս իրավիճակում ստացվում է հետեւյալը, որ միգուցե ինչ-որ փուլում լինի փաստաթուղթ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, մարդկանց մոտ տպավորություն ստեղծվի, որ Հայաստանը գնում է վերջապես խաղաղության, որ տարածաշրջանում վերջապես խաղաղություն է հաստատվում, բայց եթե այդ կարեւոր երկու դրույթները՝ սահմանների ճշգրտման եւ ռեգիոնալ ապաշրջափակման հետ կապված, դուրս են մնում այդ փաստաթղթից, դա նշանակում է, որ եղած սպառնալիքները որեւէ ձեւով չեն փակվում։ Եվ դրանք ցանկացած պահի կարող են բերել իրավիճակի սրմանը, այդ թվում՝ ռազմական գործողությունների մեկնարկին»,- հավելեց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031