Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք սպանում եք մեր ժողովրդին, մեր պետականությունը՝ կեղծ թեզերով, Արցախը դավադրաբար թշնամուն հանձնելով»․ Արծվիկ Մինասյան

Փետրվար 06,2024 13:28

Ազգային ժողովի նստաշրջանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն արձագանքեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանին․«Դուք ձեր էությամբ եւ կարծում եմ՝ շատերը ձեր խմբակցությունից եւ քաղաքական թիմից ոչնչով չի տարբերվում բոլշեւիկյան, ԿԳԲ-ական մոտեցումից՝ ազգայինի նկատմամբ ձեր հարձակվողական, ոչնչացման գնացող վարքագծից։ Պատահական չէ այն, որ պետականության հիմքերը քանդում եք, հետո ասում եք՝ մենք պաշտպանում ենք պետականության հիմքերը։ Որեւէ քաղաքական, իրավական, սոցիալական իրավունք դուք չունեք՝ խոսելու այդ մասին»։

Մինասյանը նշեց, որ կառավարության ծրագրում Արցախը դեօկուպացնելու, Արցախը պաշտպանելու, ցեղասպանության միջազգային ճանաչման դատապարտումը հետապնդելու մասին է խոսվում։ «Եվ հիմա օրակարգ եք սարքել այս բոլոր ազգային հարցերը հանելու հարցը։ Եվ դա էլ իրականացնում եք երկու տարի առաջ Ալիեւի եւ Էրդողանի պահանջին համահունչ։ Եվ հետո մեղադրում եք ազգային ուժին։ Սա խոսում է դեգրադացիայի այն մակարդակի մասին, երբ մարդասպանը փորձում է զոհին մեղադրել սպանվելու մեջ։ Դուք սպանում եք մեր ժողովրդին, մեր պետականությունը՝ կեղծ թեզերով, Արցախի թիկունքը բացելով, Արցախը դավադրաբար թշնամուն հանձնելով։ Եկել եք այստեղ ու ասում եք, որ մենք Արցախում իշխանություն ենք ունեցել։ Կեղծիք, սուտ, այդ մակարդակի՞։ Լավ, հանրությանը չեք հարգում, գոնե ձեզ հարգեք, ձեր նվազագույն արժանապատվությունը հարգեք։ Հերիք է կեղծիք ու սուտ տարածեք, մինչեւ ե՞րբ, մինչեւ հայոց այս հանրապետությունն էլ ոչնչացնե՞ք»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը արձագանքեց․ «Զուտ ֆիքսենք, որ Հայաստանի Հանրապետությունը Հայաստանի պատմության մեջ ոչնչացել է մեկ անգամ, եւ դա եղել է Դաշնակցության կառավարման օրոք»։

Նշենք, որ Վահագն Ալեքսանյանն իր ելույթում ընդդիմությանն էր մեղադրել Արցախը հայաթափվելու հարցում։ «Երկու շաբաթ չանցավ, որ Լեռնային Ղարաբաղում իշխանություն վերցրեցիք, ամբողջությամբ դատարկվեց, մի մարդ չմնաց»,- ասել էր նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829