Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է ասողը՝ Ալիեւ՞ը, թե՞ Փաշինյանը. Ինչպես ու երբ «աստվածաշնչյան ուղերձ» համարվող Անկախության հռչակագիրը վարչապետը դարձրեց «ցլի կարմիր շոր»

Փետրվար 06,2024 23:33

Այսօր ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը պնդում էր, թե վարչապետ Փաշինյանն ավելի շուտ է խոսել Սահմանադրությունը փոխելու, Անկախության հռչակագրի մասին, քան Ալիեւն է այդ մասին ասել, հետեւաբար չէին կարող ՀՀ իշխանությունները Ալիեւի ասածներն անեին:

Ստորեւ ներկայացնենք, թե երբ է Փաշինյանը խոսել Սահմանադրության մասին ու ինչ համատեքստում.

Նախ, 2018-ի օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կնախաձեռնեն սահմանադրական փոփոխություններ: Բայց այդ ժամանակ խոսքը ոչ թե նոր Սահմանադրության, այլ՝ փոփոխությունների մասին էր, ընդ որում՝ կոնկրետ խնդրի լուծման՝ Խորհրդարանը ցրելու նպատակով. «Այս փոփոխությունների իմաստը կլինի հետևյալը, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականի պայմաններում, այլև խորհրդարանն ինքը կարող է որոշում կայացնել ինքնալուծարման մասին»։

2019-ի մարտի 19-ին Նիկոլ Փաշինյանը հրավիրած մեծ ասուլիսի ժամանակ, դարձյալ խոսեց սահմանադրական փոփոխությունների մասին։ Նա ասաց, որ Սահմանադրությունը կենդանի օրգանիզմ է եւ պետք է փոխել այն դրույթները, որոնցով սահմանափակվում է սփյուռքահայերի ներգրավումը պետական համակարգում. «Ցանկացած պահի կարող է փաստարկ հնչի եւ դա այնքան ծանրակշիռ փաստարկ լինի, որ մենք ներկաներս, բոլորս ստիպված լինենք դրա հետ հաշվի նստել»:

Այդ սահմանադրական փոփոխություններն անելն էլ Փաշինյանը բացատրում էր այսպես. «Հնարավոր է լինեն դրույթներ սահմանադրության, որոնք պրոբլեմ ստեղծեն մեր նախընտրական ծրագրի այնպիսի կետերի իրականացման համար, որոնք շատ կարեւոր են եւ որոնք ժողովրդի հավանությանն են արժանացել»:

2019-ի հուլիսի 17-ին «Ազատությանը» տված հարցազրույցում Փաշինյանն ասել էր,թե ճիշտ չի համարում Սահմանադրությունը հաճախակի փոխելը, բայց հայտարարել էր, որ  Հայաստանի որեւէ Սահմանադրություն հայ ժողովրդի լեգիտիմ քվեն չի ստացել. «ՀՀ-ում պետք է լինի Սահմանադրություն, որի օգտին ժողովուրդն իրոք գնա ինքը քվեարկի, ասի՝ «ես ունեմ Սահմանադրություն, սա իմ Սահմանադրությունն է…Որպեսզի ամեն անգամ, երբ որ մենք շնորհավորենք Սահմանադրությունը, մեզ չհիշեցնեն՝ բա չե՞ք հիշում 96 թվին դա ոնց ընդունվեց։ Հետո չհիշեցնեն, բա չե՞ք հիշում 2005 թվին ինչ եղավ։ Հետո չհիշեցնեն՝ 2015 թվին ին՞չ եղավ։ Այսինքն, էս քաղաքական կեղծիքից ազատվելու էտ կոմպոնենտը մեկ ա մթնոլորտում կա։ Դա պրոբլեմ է»: Այսինքն, այս անգամ էլ Փաշինյանը թեմային անդրադարձել էր ավելի շատ «նախկինների» համատեքստում:

2019-ի դեկտեմբերի 30-ի որոշմամբ վարչապետ Փաշինյանը սահմանադրական բարեփոխումների հարցով մասնագիտական հանձնաժողով ստեղծելու գործընթաց սկսեց: Այն ժամանակ դա բացատրում էին դատաիրավական համակարգի բարեփոխման համատեքստում:

2020-ի հունիսի 15-ին կառավարությունում տեղի ունեցած Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պետք է ունենա այնպիսի Սահմանադրություն, որը կապված չէ կոնկրետ քաղաքական գործչի կամ թիմի պատկերացումները սպասարկելու հետ. «Եկել եմ այն համոզման, որ մեզ ոչ միայն պետք է իրականացնել սահմանադրական փոփոխություններ, այլ մեզ հարկավոր է դե յուրե նոր Սահմանադրություն ընդունել: Հիմա եկել եմ այն համոզման, որ ոչ թե քաղաքական անհրաժեշտություն կա՝ նոր Սահմանադրություն փոխելու, այլ կա պետական անհրաժեշտություն՝ նոր Սահմանադրություն ընդունելու… Երրորդ հանրապետության պատմության մեջ մենք չենք ունեցել այնպիսի Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություն, որ քաղաքացին իրեն մասնակից համարի այդ պրոցեսի, եւ սա մեր իրականության մեջ գոյություն ունեցող ամենակարեւոր, հայեցակարգային, փիլիսոփայական եւ բովանդակային պրոբլեմն է: Շատ կարեւոր է, որ մենք կարողանանք ստեղծել օրգանական կապ պետական կարգի եւ քաղաքացու կամքի միջեւ»:

Փաշինյանը նախաձեռնեց հանրաքվե, բայց ակնարկ անգամ չկար Անկախության հռչակագրի անհամատեղելիության, Սահմանադրության նախաբանի հետ կապված:

2020-ի հունիսի 30-ին սահմանադրական հանրաքվեն չեղարկվեց:

Տեւական ժամանակ Սահմանադրության մասին խոսք չկար: Պատերազմից հետո այսպիսի պատկեր ունեցանք.

2021-ի մարտի 24-ին ԱԺ նիստում Փաշինյանը հայտարարեց, որ Սահմանադրական փոփոխությունների հարցը մնում է Հայաստանի իշխանությունների օրակարգում: Այստեղ նույնպես խոսքը զուտ փոփոխությունների մասին էր:

2021-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը թուրքական Anadolu գործակալությանը տված հարցազրույցում ասաց. «Հայաստանը պետք է մշակի եւ ընդունի նոր Սահմանադրություն՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Հայաստանի Սահմանադրության տեքստը հղումներ է պարունակում Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներին: Նրանք պետք է հրաժարվեն դրանից: Նրանք առաջին հերթին պետք է մշակեն և ընդունեն նոր սահմանադրություն: Ինչպե՞ս կարող է Հայաստանի նման թույլ և ամբողջովին քանդված երկիրը տարածքային պահանջներ ներկայացնել այնպիսի հզոր երկրի նկատմամբ, ինչպիսին Թուրքիան է: Դա նման է հոգեկան հիվանդության: Հետևաբար, նրանք պետք է հրաժարվեն դրանից»:

2023-ի օգոստոսի 23-ին Անկախության հռչակագրի ընդունման 33-րդ տարեդարձի առթիվ իր ելույթում Փաշինյանն արդեն սկսեց հող նախապատրաստել՝ ասելով. «2020 թվականի պատերազմից առաջ ու հատկապես պատերազմից հետո բազմիցս եմ ընթերցել և վերընթերցել Հռչակագրի տեքստը: Եվ պետք է խոստովանեմ, ետպատերազմյան ընթերցումներս որոշակիորեն տարբերվել են նախապատերազմյան ընթերցումներից: Հռչակագրի տեքստի քննական վերլուծությունն ի ցույց է դնում, որ մենք ի վերջո ընտրել ենք այնպիսի խոսույթ և բովանդակություն, որի հիմքում դրված է մեզ Խորհրդային Միության մաս դարձրած բանաձևը. խոսքը տարածաշրջանային միջավայրի հետ կոնֆրոնտացիոն խոսույթի մասին է, որ մեզ անընդհատ կոնֆլիկտների մեջ էր պահելու մեր հարևանների հետ:

2018 թվականին ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելուց առաջ և դրանից հետո Հայաստանի անկախության Հռչակագրին վերաբերվել եմ ինչպես «աստվածաշնչյան ուղերձի», մինչդեռ Հռչակագիրը որքան էլ հիմնարար փաստաթուղթ է, կարիք ուներ և կարիք ունի խորը քննության, որովհետև, այնուամենայնիվ, քաղաքական փաստաթուղթ է, սրանից բխող բոլոր հետևություններով: Եվ հիմա, անկախության Հռչակագրի 33-րդ տարեդարձի օրն ուզում եմ ընդգծել, որ մեր կառավարության որդեգրած խաղաղության օրակարգը՝ անկախության օրակարգն է, որովհետև եթե ունենանք խաղաղություն, կունենանք անկախություն: Քանի դեռ չունենք խաղաղություն, ԽՍՀՄ ուրվականը թևածելու է մեր երկնքում, մեր տարածաշրջանի երկնքում»:

2024-ի հունվարի 19-ին արդեն Նիկոլ Փաշինյանը ավելի բաց տեքստով հայտարարում է. «Պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական նոր պայմաններում»։

2024-ի հունվարի 23-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ասուլիսի ժամանակ հաստատել էր, որ Ադրբեջանը խնդիրներ է տեսել ՀՀ Սահմանադրությունում․ «Երկու կողմն էլ իրավական խնդիրներ տեսել են այս առումով, այդ խնդիրները ներկայացրել են միմյանց և երկու կողմն էլ տվել են համապատասխան պարզաբանումներ»:

2024-ի փետրվարի 1-ին հրապարակվեց վարչապետ Փաշինյանի հարցազրույցը Հանրային ռադիոյին, որտեղ նա, անդրադարձավ նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտությանը՝ արդեն անվտանգության տեսանկյունից:

Նույն օրը՝ 2024-ի փետրվարի 1-ին Ալիեւը այսպես ասած «պեչատեց» Փաշինյանի հայտարարությունը՝ ասելով, թե՝ խաղաղության հասնելու համար Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ և այլ իրավական փաստաթղթերում: Նա դրական էր որակել այդ թեմայի շուրջ Հայաստանում ծավալվող քննարկումները. «Հայաստանի իրավական փաստաթղթերում Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներ են առկա։ Բազմաթիվ վերապահումներ կան, որոնք չեն ճանաչում Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հարգելի Հռիփսիմե,

    Շնորհակալություն այս աշխատանքի համար:
    Մեծագույն հարգանքներ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829