Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ի՞նչը հիշել եւ ի՞նչը մոռանալ պատմության մեջ

Փետրվար 07,2024 14:00

Առանց միֆերի հնարավոր չէ, հարց է, թե ո՞ր միֆն ենք ընտրում

19-րդ դարի ֆրանսիացի պատմաբան Էռնեստ Ռենանը գրում էր. «Մոռացությունը կամ, ավելի ճիշտ՝ պատմական մոլորությունը, ազգի ստեղծման հիմնական գործոններից է, եւ այդ պատճառով պատմագիտական հետազոտությունների առաջընթացը հաճախ վտանգ է ներկայացնում ազգերի համար»: Որպես օրինակ նա բերում է Բարդուղիմեոսյան գիշերը, երբ 1572 թվականի օգոստոսի 24-ին Փարիզում կաթոլիկները կոտորեցին մոտ 30 հազար բողոքականների: Երկու կողմերում էլ ֆրանսիացիներ էին, եւ այդ փաստն ամենեւին պատիվ չի բերում ազգին, ու, հետեւաբար, այն պետք է հնարավորինս շրջանցել եւ ուշադրություն դարձնել այն փաստերի վրա, որոնցով ֆրանսիացիները կարող են հպարտանալ:

Պատմաբանն, անշուշտ, ազգայնականության տեսության մեջ կարեւոր արձանագրում է արել եւ, այդ առումով, առաջ է անցել իր ժամանակից: Ռենանի «Ի՞նչ է ազգը» (1886 թ.) դասախոսությունից մեկ դար հետո բրիտանացի պատմաբան Բենեդիկտ Անդերսոնը 1983 թվական հրապարակեց իր՝ «Երեւակայական հանրություններ» (Imagined Communities) գիրքը, որտեղ հսկայական նյութ է ամփոփել՝ Հարավ-Արեւմտյան Ասիայից մինչեւ Արգենտինա: Հիմնական միտքն այն է, որ ազգերը ձեւավորվում են ընդհանուր դրական պատկերացումների հիման վրա:

Անդերսոնը որպես օրինակ բերում է անհայտ զինվորի խորհրդանիշը: Որեւէ երկրում չկա, նշում է հեղինակը, անհայտ մարքսիստի կամ անհայտ լիբերալի հուշարձան: Բայց, երբ խոսվում է անհայտ զինվորի մասին, բոլորի համար պարզ է, որ խոսքը կոնկրետ գերմանացի, ամերիկացի կամ արգենտինացի զինվորի մասին է: Այստեղից հետազոտողը հետեւություն է անում, որ ազգի գաղափարը կառուցվում է որոշակի պայմանականությունների, ընդհանուր պատկերացումների, պատումերի շուրջ:

Այդ երեւակայական հանրությունը ստեղծելու կարեւոր բաղադրիչներից է պատմությունը, երբ կոնսենսուս կա, թե ինչը պետք է հիշել եւ ինչը՝ մոռանալ: Պատմաբանները (եթե նրանք լուրջ գիտնականներ են, ոչ թե քարոզիչներ) վիճում են կամ համաձայնում են փաստերի շուրջ: Երբ գործը հասնում է քաղաքական գործիչներին, լրագրողներին եւ «հասարակ ժողովրդին», ապա վեճի կամ համաձայնության առարկան ոչ թե բուն փաստերն են, այլ այն սկզբունքը, որով այդ փաստերն ընտրվում են:

Լավ օրինակ են վեճերն անվանումների մասին: Մեծ հայրենական պատերա՞զմ, թե Երկրորդ համաշխարհային պատերազմ: Կարծես թե, պարզ է, որ առաջինը երկրորդի մասն է: Բայց նրանք, ովքեր ցանկանում են ինչ-որ հակառուսական ուղերձ ձեւավորել, խուսափում են «Մեծ հայրենական» ձեւակերպումից՝ «արանքից հանելով» խորհրդային բանակի ներդրումը նացիզմի դեմ հաղթանակի մեջ: Հակառակ կողմից նույնպես կան «մոռանալու բաներ»՝ պատերազմի ժամանակ նույն խորհրդային բանակի դաժանությունները, խաղաղ բնակիչների սպանությունները եւ այլն: Պատմության այդ «մասնակի հիշողություններով» կերտվում է մի կողմից «ազատական ինտերնացիոնալը» (նույնպես երեւակայական հանրություն է), մյուս կողմից՝ ռուսական «Z-հայրենասիրությունը»:

«Հայոց պատմությո՞ւն», թե՞ «Հայաստանի պատմություն»: Զուտ գիտական առումով կարծում եմ, մեծ տարբերություն չկա: Համենայնդեպս, լուրջ պատմաբանները դա՛ են պնդում: Բայց մենք հո հասկանում ենք, որ խնդիրը ակադեմիական վեճը չէ: «Տակից» խնդիր է դրվում պատմության «արանքից հանել» ազգային ազատագրական շարժումները, որոնք «հակապետական էին», «հրահրված էին» օտարի կողմից, լավագույն դեպքում՝ «իդեալիստական ցնդաբանություններ» էին: Այդ «անհարմար» մասը ջնջենք, թողնենք միայն հարմարը:

Այսօր Հայաստանում պաշտոնական տեսակետն այն է, որ բոլոր ազգային միֆերը ստերի հավաքածուներ են, դատարկ լացուկոծ ու նվնվոց, պաթոսախեղդ կենացներ եւ վտանգավոր մոլորություններ: Այ, եթե մենք այդ «հետամնաց գաղափարներից» հրաժարվենք, ապա շատ արագ կհայտնվենք «քաղաքակիրթ ազգերի ընտանիքում» ու «ժողովրդավարության բարձրագույն լիգիայում»: Ո՞վ կարող է ինձ ապացուցել, որ դա ճիշտ նույնպիսի միֆ չէ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.02.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ruben says:

    2018 թվականին գրել էի մի մեկնաբանություն, որտեղ բարձրացրել էի ՀՀ տարածքում գործող օտարերկրյա գիտական լաբորատորիաների հարցը։ Բայց, ցավոք, չտպեցին։ Տեխնոլոգիաները, որոնք իշխանության բերեցին 1,2,3,4 թյուրիմացություններին թողնենք իրենց ու իրենց շրջապատին: Ռուսները մի ասացվածք ունեն. «Клин клином вышибают»: Բայց ինչպես?
    Կլոր սեղանի շուրջ հավաքվում են՝ ֆիզիկոս, երաժիշտ (թմբկահար), զանգակահար, ժամագործ, էլեկտրիկ, դիրիժոր, ճանապարհային ոստիկան, կոմպոզիտոր, խաչագող, սրտաբան, հաքեր և հովիվ։ Համաձայնեցնում են մեկ գործողություն միաժամանակ եւ մեկ օրվա ընթացքում Փոքր Մհերը դուրս կգա Ագռավաքարից։
    Մեկ մաթեմատիկական բանաձեւ եւ ամեն ինչ իր տեղը կընկնի։
    «Ցախավելի բանաձեւ». Ժամագործի «Մուրճը» օպերան Խաչագողի կատարմամբ 24 ժամ Անլռելի զանգակներով: Ավելի հստակ կգրեմ 24.04.2024թ.
    Սակուրայի բուրմունք Կիոտոյի համալսարանից:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829