Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն քաղաքացի, եթե հասկանա՝ իր, իր ընտանիքի, պետության հետ ինչ է լինելու Նիկոլից հետո, կդադարի վախենալ անորոշությունից»․ Վահե Հովհաննիսյան

Փետրվար 09,2024 19:20

«Ե′վ աշխարհում են արագ փոխակերպումներ գնում, և′ տարածաշրջանում։ Եթե աշխարհի մասշտաբով կարող ենք ասել՝ փոքր ենք, մեր ռեսուրսները սահմանափակ են, ոչինչ մեզնից կախված չէ, բայց գոնե տարածաշրջանի կտրվածքով, եթե այդպես մտածենք, փոփոխությունների սուբյեկտը լինելու ենք մենք։ Միանշանակ է, որ մենք գոնե տարածաշրջանային խոշոր փոխակերպումներին պետք է մասնակցենք»,-«Հայկական օրակարգ» նախագծի շրջանակներում անցկացված «Հայաստանի հեռանկարը նոր տարածաշրջանում» թեմայով պանելային քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը։

Ըստ Վահե Հովհաննիսյանի՝ Ադրբեջանը փորձ է անում ձևակերպել իր նոր ազգային իդեաները, քանի որ Իլհամ Ալիևը գիտնականների, սոցիոլոգների առաջ նման պահանջ դրեց՝ ձևակերպել Ադրբեջանի նոր ազգային իդեաները նոր դարաշրջանում․ «Ես վստահ եմ՝ ինքն այդ ձևակերպումներն ունի և առաջիկայում կհրապարակի, բայց ինքն այդ քայլն անում է՝ ազդարարելով, որ Ադրբեջանը նոր բանաձևով պիտի խոսի ռեգիոնում և աշխարհում։ Վրաստանում նոր վարչապետը ներկայացրեց եվրոպական պետություն կառուցելու ծրագիրը, դրեց Վրաստանի նոր ազգային իդեաները՝ ԵՄ անդամակցություն, ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորում, Աբխազիայի և Օսեթիայի վերադարձ բացառապես խաղաղ ճանապարհով։ Ծանր քաշային պետությունները՝ Իրան, Թուրքիա հազարամյակներով իրենց ազգային շահերը ձևակերպել են և մի միլիմետր անգամ չեն վերանայել»։

Վահե Հովհաննիսյանը ձևակերպեց, թե ինչի մասին է մեր պետությունն այսօր․ «Այսօր ՀՀ-ն մի քանի բանի մասին է՝ մարդ բռնելու․ ՀՀ-ն մեծ դատախազություն է, ՀՀ-ն այսօր անվերջ զիջումների գաղափարախոսություն է, արդեն քեզնից չեն էլ պահանջում, քանի որ տեսնում են՝ ինքնակամ ես զիջում և երրորդը՝ անհեռանկարայնությունն է, որն իսկապես պարուրել է մեր ժողովրդին։ Դա է պատճառը, որ հայ ժողովուրդը գտնվում է ատոմիզացված վիճակում, մեր կյանքի պլանավորման հեռանկարը մեկ շաբաթ, մեկ ամիս է։ Ի՞նչ պիտի անենք, որ դառնանք աշխարհում Կովկասում տեղի ունեցող։ ՀՀ-ում կա այսօր մի մեծ բաց՝ դա ՀՀ-ի հետպատերազմյան վերականգնման ռազմավարական պլանավորման փաթեթն է։ Մինչև դա չանենք, էս իշխանությունը մնալու է, էնքան է մնալու, մինչև իր հետ տանի էս պետությունը։ Եթե նստում, սպասում ենք՝ երբ կգնա Նիկոլը, չի լինելու այդ գործընթացն այնքան ժամանակ, քանի դեռ չենք առաջարկում ժողովրդին, թե ինչ է լինելու Նիկոլ չունենալուց հետո»։ Ըստ Վահե Հովհաննիսյանի՝ լուծումը նոր քաղաքական միտքն է՝ ՀՀ-ի հետպատերազմյան վերականգնման նոր տեսլականը, որը պետք է ներկայացնեն այն ուժերը, որոնք հայտ են ներկայացնում վերցնել պատասխնատվություն։ Այն մարդիկ, որոնք այդ հայտը ներկայացնում են, պետք է նոր ասելիքով ու գաղափարներով խոսեն իրար և հասարակության հետ։ Ամեն քաղաքացի, եթե հասկանա՝ իր, իր ընտանիքի, պետության հետ ինչ է լինելու Նիկոլից հետո, կդադարի վախենալ անորոշությունից»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829