Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հայաստանի «ինքնուրույնության կորստի» սպառնալիքի ներքո

Փետրվար 22,2024 12:00

Որքան հեռու Մոսկվան կգնա պաշտոնական Երեւանին ուղղված «նախազգուշացումներով»

Հարավային Կովկասի համար մղվող Ռուսաստանի պայքարն այն աստիճան ագրեսիվ չէ, որքան ուկրաինական խնդրում, այնուամենայնիվ, Ռուսաստանի իշխանություններն իրենց հրապարակային ելույթներում չեն թաքցնում դժգոհությունը Հայաստանի եւ Արեւմուտքի հետ շփումների, համագործակցության կոնկրետ արդյունքների:

Անցյալ շաբաթ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Լեհաստանի ԱԳՆ-ները համատեղ հայտարարություն տարածեցին, որում կոչ էին անում արդար եւ կայուն խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում: Նրանք շեշտեցին, որ աջակցում են Եվրամիության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդական ջանքերին՝ նպաստելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությանը։ «Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Հարավային Կովկասի պետությունների ինքնիշխանությանը, անկախությանը եւ տարածքային ամբողջականությանը», նշվեց համատեղ հայտարարության մեջ:

Հայաստանն էլ անցյալ շաբաթ ՆԱՏՕ-ի առաքելությունում, Եվրոպայում դաշնակիցների գերագույն հրամանատարությունում եւ ԵԱՀԿ առաքելությունում ներկայացուցիչներին փոխեց պաշտպանության հարցերով կցորդներով: Որոշումը կայացվեց կառավարության նիստում։ Նշվում էր, որ միջազգային կազմակերպություններում ներկայացուցչի եւ պետական խորհրդականի փոխարեն ՀՀ պաշտպանության հարցերով կցորդ ունենալը բխում է տվյալ միջազգային կազմակերպություններում ձեւավորված միջազգային պրակտիկայով, որտեղ պետությունների պաշտպանական եւ ռազմական հարցերով ներկայացուցիչներն առավելապես զինվորականներ են։

Որոշման նախագծի ընդունմամբ կրճատվեց նաեւ ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելությունում ՀՀ ռազմական ներկայացուցչի հաստիքը, որը տեւական ժամանակ թափուր էր: «1) Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդի հաստիքը, 2) Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելությանը կից Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարությունում Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդի հաստիքը, 3) Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդի հաստիքը, 4) կրճատվեց Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելությունում Հայաստանի Հանրապետության ռազմական ներկայացուցչի հաստիքը»,- սահմանվեց նախագծի հիմնավորման մեջ, որը կառավարությանը ներկայացրել էր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Ռուսաստանին դուր չեն գալիս Հայաստանի կողմից ցուցաբերվող ինքնուրույնության որեւէ թույլ դրսեւորումները, ՌԴ իշխանություններն արդեն անթաքույց զգուշացնում են այս մասին: Վերջին ամենաթարմ ուղերձն անցյալ շաբաթ հնչեց: «Պաշտոնական Երեւանի աշխարհաքաղաքական տատանումները կարող են հանգեցնել Հայաստանի ինքնուրույնության կորստին», – «Իզվեստիա»-ում հրապարակված հարցազրույցում ասաց Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ կոչ անելով ՀՀ իշխանություններին կողմնորոշվել նախեւառաջ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ հարաբերությունների հարցում։ «Հաճախ են պնդումներ հնչում, որ ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ-ը, Ռուսաստանը կարող են կորցնել Հայաստանը։ Կարծում եմ, որ մենք պետք է խոսենք ոչ թե Ռուսաստանի կամ ՀԱՊԿ-ի հավանական կորուստների, այլ այն մասին, որ մի կողմից արեւմտյան գործոններով հրապուրվելը, մյուս կողմից տատանումները՝ արդյո՞ք պետք է լքել ՀԱՊԿ-ը, թե՞՝ ոչ, կարող են հանգեցնել Հայաստանի ինքնության եւ ինքնուրույնության կորստին», նկատել էր Գալուզինը։

Հետխորհրդային տարածքի պետությունների հետ հարաբերությունները համակարգող թիվ մեկ դիվանագետը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում նաեւ պնդել էր՝ Արեւմուտքը Կովկասում անելիք չունի. «Մենք ելնում ենք նրանից, որ Հարավային Կովկասի ապագան պետք է որոշեն այն երկրները, որոնց համար այդ տարածաշրջանն ընդհանուր տուն է հանդիսանում։ Ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ Եվրամիությունը նման երկրների թվին չեն դասվում։ Հետեւաբար, մենք կարծում ենք, որ արտատարածաշրջանային ուժերի, Արեւմուտքի ներկայացուցիչների ներքաշումն այս շրջան, ինչին վերջին շրջանում, ցավոք սրտի, հակված է պաշտոնական Երեւանը, օգտակար չէ»։

Միխայիլ Գալուզինը նաեւ համոզված է՝ արեւմտյան պետությունների ներգրավումը հարավկովկասյան գործընթացներում ոչ թե խաղաղություն հաստատելու, այլ Ռուսաստանի համար նոր, հավելյալ խնդիրներ ստեղծելու նպատակ ունի։ Նման իրավիճակում, ըստ ռուսաստանցի դիվանագետի, Երեւանը ճիշտ կաներ հայացքը կրկին ուղղեր դեպի համագործակցության ավանդական ձեւաչափեր՝ նախեւառաջ ՀԱՊԿ. «Մենք ելնում ենք նրանից, որ անդամակցությունը ՀԱՊԿ-ին եւ վերադարձը կազմակերպության շրջանակում ընթացող լիարժեք խորհրդակցություններին եւ քննարկումներին բխում է նախեւառաջ հայ ժողովրդի եւ հայկական պետության շահերից։ Օբյեկտիվորեն, Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից ՀԱՊԿ-ի մեխանիզմին, մեր կարծիքով, որեւէ այլընտրանք չի նշմարվում»։ Ռուսաստանի ԱԳ փոխնախարարի խոսքով՝ Մոսկվան եւ ՀԱՊԿ անդամ մյուս պետություններն այսօր էլ պատրաստ են վերադառնալ Հայաստան այդ կառույցի դիտորդական առաքելություն ուղարկելու, Երեւանի հետ կապերը խորացնելու ծրագրերի քննարկմանը։ «ՀԱՊԿ անդամ երկրները միշտ էլ բաց են եղել եւ այժմ էլ բաց են Երեւանին օժանդակություն ցուցաբերելու հարցում։ Ժամանակին Հայաստանին առաջարկվել են ե՛ւ ռազմատեխնիկական բնույթի քայլեր, ե՛ւ Հայաստանի համար պրոֆիլային անձնակազմի պատրաստում, նաեւ ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելություն հայ-ադրբեջանական սահմանամերձ շրջաններում։ Բայց, ցավոք սրտի, հայկական կողմն այդ գաղափարներին ու առաջարկներին հավանություն չտվեց, եւ դրանք կյանքի չկոչվեցին», նշել էր ՌԴ ԱԳ փոխնախարարը։

Արեւմուտքի ներգրավումը հարավկովկասյան գործընթացներում` Մոսկվայի համար «նոր», «հավելյալ» խնդիր է, սա հստակ արձանագրվում է: Նշանակում է` այս ամենով հանդերձ Մոսկվայի համար խնդիր է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունները, դրանց հեռանկարում հնարավոր համաձայնությունների կայացումը` Արեւմուտքի հովանու ներքո:

Ավելին, Մոսկվայից հիշեցնում են` Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից ՀԱՊԿ-ի մեխանիզմներին տեսանելի այլընտրանք չկա, սակայն ոչ այդ կառույցը, ոչ նրա անդամ երկրները Հայաստանին անգամ բանավոր հայտարարություններով աջակցություն չեն հայտնել, դրանով իսկ իրենց վերաբերմունքն ընդգծելով Հայաստանի հակառակորդ` Ադրբեջանի նկատմամբ:

Հիմա ինչպե՞ս ու ինչո՞ւմ են Երեւանին օգնելու ՀԱՊԿ-ականները: Ի դեպ, ոչ այս կառույցը եւ ոչ էլ դաշնակից երկրները փետրվարի 13-ին Ներքին Հանդի դիրքերի ուղղությամբ ադրբեջանական հարձակումից հետո անգամ Հայաստանին չցավակցեցին: Փոխարենը մեկ օր անց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը հայտարարեց, թե ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրման մեծ հավանականություն է տեսնում ու անմիջապես Արեւմուտքին մեղադրեց Բաքվի եւ Երեւանի միջեւ կարգավորման գործընթացի վրա ազդելու փորձերի մեջ։

Այսինքն, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ցանկացած խնդրի պարագայում` Ռուսաստանից մեղադրում են եւ շարունակելու են մեղադրել հենց Արեւմուտքին:

Արեւմուտքը փորձում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում եւ միջամտել հայ-ադրբեջանական կարգավորմանը, Բիշքեկում, Աֆղանստանի հարցերով անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը դարձյալ անցյալ շաբաթ նշեց Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը։ «Մենք տեսնում ենք Արեւմուտքի ձգտումը՝ ապակայունացնելու իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաեւ միջամտելու հայ-ադրբեջանական կարգավորմանը, ինչը հանգեցրել է իրավիճակի սրմանը այս շրջաններում», – մասնավորեցրեց Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը։ Ըստ Պատրուշեւի՝ Արեւմուտքը, իբր, փորձում է` «ցնցել իրավիճակը Հարավային Կովկասում եւ միջամտել հայ-ադրբեջանական կարգավորմանը», ինչն էլ, նրա համոզմամբ` «հանգեցրել է իրադրության սրմանը երկու հանրապետության սահմանին»։

Ինչպես նկատում ենք, Ռուսաստանի կողմից մեղադրանքները գնալով հաճախակիանում են. «Երեւանի աշխարհաքաղաքական տատանումները կարող են հանգեցնել Հայաստանի ինքնուրույնության կորստին», «Արեւմուտքը միջամտում է հայ-ադրբեջանական կարգավորմանը», «Արեւմուտքը սրում է իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին», «Արեւմուտքը Կովկասում անելիք չունի»: Պետք է հասկանալ նաեւ, որ այս մեղադրանքների շարքը ինչ-որ պահից արդեն Հայաստանի համար հետեւանքներ կունենան` առավել առարկայական:

Ռուսաստանից հնչող նախազգուշացումները սկսեցին ինտենսիվանալ դեռեւս մեկ տարի առաջ, երբ Եվրամիության խորհուրդը որոշեց Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն հիմնել` անվտանգության եւ պաշտպանության ընդհանուր քաղաքականության (CSDP) շրջանակներում, եւ այնուհետեւ, երբ պաշտոնական Երեւանը հրապարակավ հայտարարեց, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը կավելացվի թե՛ քանակապես, թե՛ տեխնիկապես։

Հիշեցնենք, Եվրամիության ԱԳ նախարարների հանդիպումից հետո ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն անցյալ տարի դեկտեմբերին հայտնեց, որ ԵՄ-ն որոշել է ավելացնել Հայաստանում դիտորդական առաքելության դիտորդների թիվը՝ 138-ից հասցնելով 209-ի, ապա հավելեց. «Սա միջոց է բարձրացնելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջազգային սահմանի կայունությունը»:

Մոսկվան անմիջապես բավական կտրուկ արձագանքեց այս որոշմանը: Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության ընդլայնումը չի նպաստում հայ-ադրբեջանական կարգավորմանը եւ միայն կակտիվացնի լարվածությունը Անդրկովկասում, տարեվերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հոր՝ հանգուցյալ Հեյդար Ալիեւի հիշատակի օրվան նվիրված ընդունելության ժամանակ հայտարարեց Ռուսաստանի փոխարտգործնախարարը։ Միխայիլ Գալուզինը դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում «լիովին անօգուտ քայլ» որակեց՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու առումով. «Մենք համոզված ենք, որ ԵՄ առաքելության ընդլայնումը որեւէ արդյունք չի տա ադրբեջանա-հայկական կարգավորման տեսանկյունից, որի հիմնական սկզբունքները մշակվել են 2020թ. նոյեմբերին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների կողմից եւ ամրագրված են եռակողմ համատեղ հայտարարություններով»։

Փետրվարի 19-ին Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Եվրոպական միության արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատին, կարեւորել էր Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը: Նա շեշտել էր, որ առաքելության արդյունավետ գործունեությունը նպաստում է տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը: Կառավարության տարածած մամլո հաղորդագրությունից տեղեկացանք, որ Փաշինյանը եւ Ստեֆանո Տոմատն անդրադարձել էին ԵՄ դիտորդական առաքելության արդյունքներին, վերջինիս հետագա գործունեությանը վերաբերող հարցերի, եւ երկուստեք ընդգծել էին Հայաստան-ԵՄ բազմաոլորտ համագործակցության շարունակական զարգացման կարեւորությունը:

Որքան հեռու Մոսկվան կգնա պաշտոնական Երեւանին ուղղված իր սպառնալիքային «նախազգուշացումներով»: Եվ ամենակարեւոր հարցն այն է, թե Հայաստանի իշխանությունները, որոնք Հայաստանի ինքնիշխանության, պետականության ամրապնդման մասին հաճախակի ելույթներ են ունենում` ինչպե՞ս են պատկերացնում ռուսական ահագնացող պատժիչ գործողությունների չեզոքացումը:

Ամփոփումը` վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 21.02.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829