Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօրվա իշխանության ընտրած ճանապարհը չգիտեմ ուր կտանի մեզ». Նոյեմբերյանի տարածաշրջանի հոգեւոր հովիվ

Մարտ 31,2024 00:18

Տեր Հիսուս Քրիստոսի Վեհափառ Հարության տոնի առիթով սահմանամերձ Ոսկեւանում «Մարտական եղբայրություն» միաբանության եւ արտիստ Հայկ Պետրոսյանի համատեղ կազմակերպած «Վա՜յ, լե լե» խորագրով Կոմիտասի երգերի համերգին ներկա գտնվող Նոյեմբերյանի տարածաշրջանի հոգեւոր հովիվ տեր Հրայրը Aravot.am-ի հետ զրուցելիս ասաց. «Առաջին հերթին Սուրբ Հարության խորհրդով ապրող մարդը պիտի ինքը կարողանա իր հոգու, իր սրտի, իր մարմնի մեջ զգալ  Քրիստոսի Հարությունը եւ այնուհետեւ Ավետիս տալ մնացածներին: Այսինքն, Սուրբ Հարության խորհուրդը միայն Քրիստոսի Հարություն առնելը չէ ու միայն դրանով չի ավարտվում: Այն պիտի մեր մեջ առաջինը հարություն առնի, եւ մենք պիտի այդ հարության խորհրդով ապրենք: Մենք, նաեւ մեր ազգը Հարության այդ խորհրդով ապրելու կարիքը ունենք»,-ասաց հոգեւորականը:

Իսկ դա  ինչպե՞ս կարող է օգնել մեր ազգին, մեր երկրին այս դժվար ժամանակահատվածում, տեր Հրայրն ասաց. «Պատկերացնո՞ւմ եք, եթե հարության խորհրդով բոլորի մեջ Հիսուս Քրիստոս իրապես հարություն առնի: Երբ մարդն իրականում ապրում է Հիսուս Քրիստոսով, իր առջեւ խնդիրներն ավելի շատ մեղմանում են եւ ավելի շատ ինքը կարողանում է հաղթանակող լինել»:

Մեր դիտարկմանը, թե մենք հաղթանակած էինք, հաղթող էինք, հիմա ի՞նչ փոխվեց, որ հավատավոր ժողովուրդը դարձավ պարտվող ու պարտվողական, մի՞թե հեռացանք Քրիստոսից, հոգեւորականը պատասխանեց. «Չէի ցանկանա ասել, որ հետ է քաշվել: Ավելի շուտ, կարծես, ժողովուրդը նիրհի մեջ է: Եվ կուզեի, որ արթնանա՝ ավելի սթափ, զգոն մտածելու նաեւ այն հողերի համար, որը ոչ թե մենք  գրավել ենք, այլ ոչ, այդ հողերը պարզապես վերադարձվել են իրենց տիրոջը: Եվ մենք պիտի փորձենք արժանի զավակը լինելու թե Քրիստոսի, թե մեր հայրենիքի, թե մեր ծնողների, նրանց, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն այդ հողերի, հանուն Աստվածածին եկեղեցու, որը 7-րդ դարի եկեղեցի է: Մենք մեզ պիտի արժանի զավակը տեսնենք այդ արժեքների»:

Տեր Հրայրը չմեկնաբանեց այսօրվա իշխանության վարքագիծը, վարած քաղաքականությունը: «Գուցե իրենց տեսլականն ուրիշ է: Ես չեմ կարող իրենց մեկնաբանել: Բայց պարզ ժողովուրդը կարիք ունի: Այսօրվա իշխանության ընտրած ճանապարհը չգիտեմ ուր կտանի»,-ասաց նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031