Լրահոս
Օրվա լրահոսը

Մասիս Շիրոյան. «Մեր դեմ ոչ միայն սահմանով են կռիվ անում, այլեւ պատերազմում են մեր մշակույթի դեմ»

Մարտ 30,2024 23:20

Հայ Առաքելական եղեղեցու հինգ տաղավար տոներից մեկի՝ Հիսուս Քրիստոսի  Վեհափառ Հարության  տոնին ընդառաջ «Մարտական եղբայրություն» միաբանությունը Հայկ Պետրոսյանի հետ համատեղ Նոյեմբերյան համայնքում այսօր կազմակերպել էր Կոմիտասի երգերի համերգ՝ «Վա՜յ, լե լե» խորագրով:

«Համատեղ քննարկման ժամանակ Հայկ Պետրոսյանը, որը արվեստի ներկայացուցիչ լինելուց զատ, նաեւ 44-օրյա պատերազմի մասնակից է, ասաց, որ ունի Կոմիտասի երգերին նվիրված համերգային ծրագիր, որը դեռ ամբողջությամբ պատրաստ չէ: Հենց այդ ժամանակ էլ միտք ծագեց այդ համերգի պրեմիերան սահմանում անել: Իսկ թե որտե՞ղ, մեր համար տարբերություն չկար՝ Ոսկեպար, Բաղանիս կամ մի այլ սահմանապահ գյուղում, առավել եւս, որ դրանք բոլորն էլ նույն համայնքում են: Այս պահին Ոսկեւանի մշակույթի տունն էր ամենահարմար տեղը:

Մեր նպատակն է՝ ցույց տալ, թե առհասարակ ինչի համար ենք մենք կռվում, ինչն ենք ուզում պահել: Հայն իր ինքնությունն է ուզում պահել: Ինքնությունը մեր մշակույթն է, մեր տեսակն է: Չունե՞ս այդ ինքնությունը, չունե՞ս քո մշակույթը, մեծ հաշվով չկա պահելու ոչինչ: Հարցը միայն հողը չէ, այլ այն, թե այդ հողում ինչ ես անում, քեզ ոնց ես պահում ու հոգեբանորեն ինչ ես ուզում զգալ:

Մեր դեմ ոչ միայն սահմանով են կռիվ արել: Պատերազմել են մեր մշակույթի դեմ, փորձել ոչնչացնել մեր հզոր մշակույթը՝ երգը, երաժշտությունը: Այսօր օրինակներից մեկն էր, որ մենք ունենք Կոմիտաս, ումով կարող ենք աշխարհին ներկայանալ ու հպարտանալ, որ մենք այս ենք, տարբերվում ենք մյուսներից, մերը ճիշտն է, մերը գեղեցիկն  ու պարզն է: Ու հենց այդ ինքնության համար մենք այստեղ կանգնած ենք ու պայքարելու ենք: Պայքարելու ենք, որ այս հողին ոչ մեկը մոտ չգա, որ այս հողում հնի հիմքի վրա նոր մշակույթ զարգացնենք: Այլ կերպ ասած, մշակութային պատերազմ էլ ենք անում:

Մենք բոլորս պատրաստ ենք մեր հողն ու մշակույթը պահել մեր կյանքի գնով: Բայց առաջին հերթին՝ թշնամու կյանքի գնով»,-Aravot.am-ին ասաց Մարտական եղբայրության անդամ Մասիս Շիրոյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031