Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը ԵՄ-ին դիմել է եվրոպական խաղաղության գործիքակազմից օգտվելու առաջարկով, որը ներառում է նաեւ զինատեսակների տրամադրում». Արման Եղոյան

Ապրիլ 04,2024 13:13

ԵՄ-Հայաստան միջպետական խորհուրդը պայմանավորվածություն է ձեռք բերել՝ սկսել աշխատանքը ԵՄ-Հայաստան գործընկերության նոր օրակարգի վրա՝ սահմանելով ավելի հավակնոտ նոր առաջնահերթություններ։ Այս մասին «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։ Նա նշեց, որ այստեղ խոսքը քաղաքական հանձնառության ու փաստաթղթի մասին է, որն այս պահին գտնվում է մշակման փուլում։ Ակնկալվում է, որ դրա մշակումը կամբողջանա մայիս-հունիս ամիսներին։

Ըստ նրա՝ Հայաստան-Եվրամիություն համապարփակ եւ ընդլայնված համաձայնագիրը մեր հանրության մեջ ու փորձագիտական շրջանակներում որոշակիորեն թերագնահատված համաձայնագիր է։ «Նկատի ունեմ, որ գործող համաձայնագրի բոլոր դրույթներն իրականացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության եվրաինտեգրման գործընթացը կարող ենք ասել, որ մի քանի քայլ առաջ կգնա։ Այսինքն՝ սա նույն այն համաձայնագիրն է, որն ունեն Վրաստանը, Ուկրաինան ու Մոլդովան, բայց առանց ազատ առեւտրի հատվածի։ Գրեթե բոլոր ոլորտները կան այս համաձայնագրում, եւ մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի այս համաձայնագրի դրույթները, եթե նույնիսկ մի քիչ ուշացումով, ապա առավել բարձր որակով կիրարկվեն»,- ասաց նա։

Եղոյանի խոսքով՝ 2020 թվականից հետո Եվրամիությունը նկատելիորեն ավելի ակտիվացավ մեր տարածաշրջանում։ Եվ 2021 թվականին Եվրամիությունը Հայաստանին առաջարկեց նոր տնտեսական եւ ներդրումային ծրագիր՝ ընդհանուր 2,6 մլրդ եվրո աջակցության փաթեթով։ «Հայաստանին տրվող գումարից այս պահի դրությամբ արդեն իսկ տրամադրվել եւ նպատակաուղղել է 550 մլն եվրո։ Սրա մեծ մասը փոքր ու միջին բիզնեսին աջակցող արտոնյալ վարկերն են։ Կապիտալ ծախսերի ամենամեծ կտորը վերաբերում է Հյուսիս-հարավ մայրուղու Ագարակ-Սիսիան հատվածի ճանապարհին։ Այստեղ արդեն խոսքը մոտ 1 մլրդ եվրոյի մասին է։ Այս ուղղությամբ էլ աշխատանքներն արդեն բավական առաջ են գնացել»,- ասաց նա։

Արման Եղոյանի խոսքով՝ Եվրամիությունը մեծացրել է նաեւ իր աշխարհաքաղաքական ներկայությունը մեր տարածաշրջանում։ 2022 թվականին ՀՀ սուվերեն տարածքի դեմ հարձակումից հետո ԵՄ-ն շատ կարճ ժամկետներում որոշում կայացրեց Հայաստան գործուղել ժամանակավոր քաղաքացիական դիտորդական առաքելություն՝ երկու ամիս ժամկետով։ Իսկ 2022 թվականի հունվարին արդեն ԵՄ-ն որոշում կայացրեց Հայաստանում մշտական դիտորդական առաքելություն տեղակայելու մասին։ «Դժվար է գնահատել այս առաքելության դերը մեր պետության անվտանգությունն ապահովելու գործում։ Եվ վերջերս էլ Եվրամիությունը որոշում կայացրեց դիտորդների թվաքանակը ընդլայնելու մասին։

Բացի դրանից, Հայաստանը նաեւ ԵՄ-ին դիմել է եվրոպական խաղաղության գործիքակազմից օգտվելու առաջարկով։ Սա մեկ այլ գործիքակազմ է, որը տարբեր աջակցություն է տրամադրություն պետություններին՝ սկսած տեխնիկական աջակցությունից, վերջացրած զինատեսակներ տրամադրելով։ Այս հարցը հիմա գտնվում է քննարկման փուլում։ Եվ ես հույս ունեմ, որ Հայաստանը եւս այս գործիքակազմից կօգտվի»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930