Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուս սահմանապահները դուրս կգան», բայց Մոսկվան վստահ է, որ Փաշինյանը հասկանում է ՌԴ նշանակությունը

Ապրիլ 23,2024 10:30

Սահմանազատման հանձնաժողովի 8-րդ նիստը

Ապրիլի 19-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին կայացել է երկու երկրների միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպումը՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաեւի նախագահությամբ: Հանձնաժողովները պայմանավորվել են ներքոնշյալի շուրջ. «Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) եւ Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջեւ՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով: Որոշել են, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձեւակերպվի համապատասխան Արձանագրություն-նկարագրությամբ, ինչը պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջեւ մինչեւ 2024թ. մայիսի 15-ը: Համաձայնել են, որ Կողմերը կդիմեն իրենց կառավարություններին՝ սահմանագծի համաձայնեցված հատվածներում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա եւ զուգահեռ տեղակայման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով: Համաձայնել են նաեւ, որ մինչեւ սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը, Արձանագրություն-նկարագրությունում նշված համաձայնեցված սահմանագծի հատվածները կհամարվեն սահմանազատված»:

Պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում էինք, որ զուգահեռաբար պայմանավորվածություն է ձեռք բերվել ավարտին հասցնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ Ադրբեջանի, եւ Հայաստանի միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները մինչեւ 2024թ. հուլիսի 1-ը եւ «մեկնարկել դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացը՝ Կողմերի՝ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով եւ պահանջների համաձայն»: Նշվում էր, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով: «Կողմերը պայմանավորվել են նաեւ տվյալ հիմնարար սկզբունքն ամրագրել Կանոնակարգի նախագծում (եթե հետագայում ՀՀ եւ ԱՀ միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին Համաձայնագրով կնախատեսվեն այլ կարգավորումներ, ապա կանոնակարգի համապատասխան դրույթները կհամապատասխանեցվեն տվյալ Համաձայնագրով սահմանված սկզբունքներին): Պայմանավորվել են, Կողմերի կողմից Կանոնակարգի հաստատումից հետո, համաձայնեցնել հերթականությունը եւ շարունակել սահմանի բոլոր մնացած հատվածների սահմանազատման գործընթացը՝ ներառյալ անկլավների եւ էքսկլավների հետ կապված հարցերով»: Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը, ասված է հաղորդագրությունում:

Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման, «Արմենպրես»-ին պարզաբանել էր վարչապետի ՀՀ աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը՝ պատասխանելով սահմանազատման հարցերով Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպումից հետո տարածած հաղորդագրության վերաբերյալ հարցերին: Թե ո՞ր թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում այս գործընթացը, վարչապետի աշխատակազմից պատասխանել էին, որ քարտեզագրական հիմքը ԽՍՀՄ ժամանակաշրջանի իրավական հիմնավորում ունեցող ամենաթարմ տոպոգրաֆիկ քարտեզներն են, որոնք կազմվել են նման իրավասություն ունեցող մարմինների կողմից: «Կարեւոր նրբությունն այն է, որ համաձայն Հանձնաժողովների տարածած հայտարարության, վերականգնվում են Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած, իրավական հենք ունեցող սահմանները: Այսինքն, այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի եւ Խորհրդային Ադրբեջանի միջեւ: Կարեւոր է նաեւ արձանագրել՝ Հանձնաժողովները համաձայնել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչն արձանագրվում է որպես սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք: Այս սկզբունքը պետք է արձանագրվի նաեւ Սահմանազատման գործընթացի Կանոնակարգի մեջ, որն առաջիկա ամիսներին կհամաձայնեցվի կողմերի միջեւ եւ կանցնի անհրաժեշտ ներպետական համաձայնեցումների՝ ներառյալ խորհրդարանում հաստատման գործընթաց», – նշվել էր պատասխանում:

Ռուս սահմանապահները դուրս կգան Տավուշից. «Մեր պաշտպանական պլանները հո չենք փռելու սեղաններին…», ասում է Փաշինյանը

Առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, Ստեփանավանում լրագրողների հետ ճեպազրույցում, «Ազատության» հարցին ի պատասխան, մեկ օր անց նշեց Փաշինյանը: «Ես չէի ուզի, որ մենք գերագնահատենք տեղի ունեցածը, բայց նաեւ չէի ուզի, որ թերագնահատենք, որովհետեւ շատ կարեւոր է արձանագրել, որ ըստ էության, առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց», – ասաց նա:

Մեկ այլ կարեւոր նորություն… Փաշինյանը փաստացի հաստատեց՝ Ադրբեջանի հետ սահմանազատումից ու սահմանագծումից հետո ռուս սահմանապահները դուրս կգան Տավուշի մարզից։ «Ազատության» հարցին ի պատասխան նա ասաց՝ «ռուսական հենակետերն այնտեղ հայտնվել են մի իրադրության բերումով եւ այն, ինչ տեղի է ունենում հիմա, իհարկե իրադրության էական փոփոխություն է եւ այդ փոփոխությունը պետք է իր ազդեցությունն ունենա բոլոր ուղղություններում»։ «Դա նշանակում է, որ մենք առաջնագիծ չունենք եւ մենք ունենք սահման, իսկ սահմանը խաղաղության նշան է, իսկ դա նշանակելու է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանապահներն իրար հետ փոխգործակցելով ինքնուրույն ի վիճակի են լինելու իրականացնել սահմանի պահպանությունը», – պարզաբանեց նա։

Փաշինյանը նաեւ տեղեկացրեց, որ արդեն Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները կապի մեջ են իրար հետ եւ նրանք պետք է պայմանավորվեն նաեւ ծառայությունն իրականացնելու շուրջ։ Ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը՝ ըստ Փաշինյանի, «դա արդեն բոլորովին ուրիշ խնդիր է»։ «Այստեղ խնդրում եմ սադրանքների չտրվել։ Մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չենք փռելու սեղաններին եւ տեսախցիկների առաջ ցույց տանք։ Բայց մեր ակնկալիքը եւ մեր ընկալումն այն է, որ մենք խաղաղության ենք գնում։ Սա նաեւ խաղաղության գործընթացի համար շատ կարեւոր անկյունաքար է», – ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ-ում ՌԴ-ի դեսպան Սերգեյ Կոպիրկինն ավելի վաղ հայտարարել էր, թե Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ռուս սահմանապահների դիտակետերը տեղադրվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական խնդրանքով։ Նա նշել էր, որ դրանք տեղադրվել են Ռուսաստանի հաշվին Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, որպեսզի օգնեն կայունացնել իրավիճակը 2020-ին։ Կոպիրկինը նաեւ ընդգծել էր, որ հայկական կողմը երբեք չի որոշել օրինականացնել ռուսական դիտակետերի տեղակայումը։ Դեռ 1997-ին Հայաստանն ու Ռուսաստանը Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագիր են կնքել եւ հենց այս պայմանագրով՝ ՌԴ-ն պարտավորվել է Հայաստանի հանդեպ ագրեսիայի դեպքում միջամտել։

Ապրիլի 22-ին արդեն հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի որոշմամբ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ներառվել են ՀՀ ՊՆ, ԶՈՒ ԳՇ, ԱԱԾ, ՏԿԵՆ եւ Կադաստրի կոմիտեի ներկայացուցիչներ։ Խմբի աշխատանքների համակարգումը վերապահվել է ԱԱԾ դեպարտամենտի պետ Դավիթ Սանամյանին։ Խմբի կազմում են նաեւ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը, ՏԿԵ փոխնախարար Հովհաննես Հարությունյանը, ԳՇ պետի տեղակալ Կարեն Գրիգորյանը, ԱԱԾ սահմանապահ ծառայության զորքերի հրամանատար Էդգար Հունանյանը եւ այլք։

Լավրովը` Փաշինյանի «շատ կարեւոր խոսքերի» մասին. «Այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են ՌԴ-ի նշանակությունը ՀՀ անվտանգության ու տնտեսական զարգացման համար»

Ռուսաստանի արտգործնախարարն օրերս չբացառեց, որ Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ առաջիկայում կլինեն շփումներ՝ երկկողմ հարաբերությունների վիճահարույց հարցերը քննարկելու համար։ Թե կոնկրետ երբ կարող են Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը հանդիպել, Լավրովը չի հստակեցրել։ Պուտինի եւ Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ կարճաժամկետ հեռանկարում, ապրիլի 22-ին նշել է Կրեմլի խոսնակը` մեկնաբանելով ՀՀ-ից ռուսական ռազմակայանի դուրսբերման հնարավորությունը:

Նշենք, որ անցյալ շաբաթվա վերջին Կրեմլը հայտնեց, որ ապրիլի 22-ին Ադրբեջանի նախագահն է մեկնում Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. «Նախատեսվում է քննարկել ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման առանցքային հարցերը, ինչպես նաեւ մտքերի հանգամանալից փոխանակում անցկացնել տարածաշրջանի արդիական խնդիրների շուրջ»։

Մինչ Պուտին-Ալիեւ հանդիպումը, ռուսական պետական լրատվամիջոցների ղեկավարներին տված հարցազրույցում Լավրովը խոսեց Հայաստանի հետ հարաբերություններից, կրկին պնդելով, թե ԵՄ-ն ու ԱՄՆ-ը փորձում են դուրս մղել ռուսներին տարածաշրջանից։ Փաշինյանի մասին խոսելիս նա երկու անգամ հիշատակել էր նրա ելույթը ԱԺ-ում, որտեղ Փաշինյանն ասել էր, թե Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի պետականության, տնտեսության զարգացման ու ինքնիշխանության վրա դժվար է թերագնահատել: «Նա ասաց, որ գնահատում են այն դրականը, որ եղել է եւ կա երկկողմ հարաբերություններում։ Կարծում եմ՝ սրանք շատ կարեւոր խոսքեր են: Ինձ թվում է, որ դրանք շատ կարեւոր խոսքեր են, քանի որ սա ինչ-որ չափով արձագանք է Արեւմուտքի՝ ԱՄՆ-ի եւ Եվրամիության, նախ եւ առաջ՝ Հայաստանին Ռուսաստանի Դաշնությունից արագացված տեմպերով պոկելու անպատկառ գործողություններին», – ասել է ՌԴ ԱԳ նախարարը: «Մենք ամեն դեպքում Հայաստանի հետ դաշնակիցներ ենք», պնդեց Լավրովը: «Նախ՝ իրավաբանորեն է այդպես, եւ ես կարծում եմ, որ ոչ միայն իրավաբանորեն։ Կարծում եմ, որ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են Ռուսաստանի նշանակությունը Հայաստանի անվտանգության ու տնտեսական զարգացման համար», շեշտեց Լավրովը: Այնուհետեւ նա անցավ թվերին ու տնտեսական վիճակագրությանը՝ առեւտրաշրջանառությունից մինչեւ գազի գին, Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի վճարած հարկեր: Ըստ «Ազատության», Լավրովն ասել է. «Անցած տարի՝ Հայաստանի ապրանքաշրջանառությունը եղել է 20 եւ մի փոքր ավելի միլիարդ դոլար, որից 37 տոկոսը ԵԱՏՄ-ն է, 13 տոկոսը՝ ԵՄ-ն, 3 տոկոսը՝ ԱՄՆ-ը։ «Գազպրոմ Արմենիա»-ն 1000 խմ գազի դիմաց 177 դոլար է սահմանել, Արեւմուտքում երկու-երեք անգամ ավելի են վճարում, եւ եթե ուզում են Հայաստանն իրենց գազով տաքացնել, չգիտեմ՝ ինչպես կլինի։ Եթե, ինչպես ամերիկացիներն ասացին, ուզում են փակել ատոմակայանը եւ փոխարինել արեւմտյան փոքր, մոդուլային ռեակտորներով…

Հուսով եմ, որ հայերը հասկանում են Մեծամորի ատոմակայանում արտադրվող էներգիայի կարեւորությունը։ Հարավկովկասյան երկաթուղին բոլոր այս տարիների ընթացքում ուղեւորների փոխադրման համար գործել է արտոնյալ գներով։ Իսկ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը Հայաստանի բյուջեի գլխավոր հարկատուն է»:

Նկատենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների միջեւ ապրիլի 19-ին ձեռք բերված համաձայնությունից մեկ օր առաջ պաշտոնական Մոսկվան ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մակարդակով, Հայաստանին մեղադրում էր` «Արեւմուտքի գործիք լինելու» մեջ: «Ինչպիսի գեղեցիկ խոսքեր էլ, որ ասեն Հարավային Կովկասում խաղաղության մասին հոգ տանելու շուրջ, Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր, որի օգնությամբ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն ցանկանում են նոր մեծ կրակ վառել», – ասել էր Զախարովան։

Երեւանը պետք է որոշի, թե` «որտեղով են անցնում ՀՀ սահմանները»

Լավրովը նույն հարցազրույցում կրկնեց Մոսկվայից պարբերաբար հնչող մեղադրանքները, թե ՀԱՊԿ-ը պատրաստ էր Հայաստանի սահմանի պահպանության համար լրացուցիչ սպառազինություն փոխանցել, զորավարժություն անցկացնել, ինչպես նաեւ սահմանին առաքելություն տեղակայել։ Հայաստանը մերժել էր այդ առաջարկը՝ պահանջելով, որ ռազմական կառույցը հստակ հայտարարի՝ որն է իր պատասխանատվության գոտին Հայաստանում։ «Դրա համար Երեւանը պետք է նախ որոշի, թե որտեղով են անցնում Հայաստանի սահմանները», – նշեց նա՝ հավելելով, որ Հայաստանի իշխանությունն այժմ ակտիվորեն զբաղվում է այդ հարցով։ «Իհարկե, երբ ասում են, որ ՀԱՊԿ-ը չի կարողանում որոշել, թե որտեղ է գտնվում իր պատասխանատվության գոտին Հայաստանում, Հայաստանն ինքը դեռ չի որոշել», – հայտարարել էր Լավրովը:

Մոսկվան պնդում է՝ Երեւանը ինքը չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ տարածքում: «Երեւանը Բաքվի հետ հայտարարել է, որ պատրաստ է հարգել 1991 թ. սահմանները ՝ համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի, սակայն զուգահեռաբար ստեղծվել է սահմանազատման հանձնաժողով։ Իսկ Փաշինյանը վերջերս հայտարարեց 4 ոչ անկլավային գյուղերի մասին, որոնք պատրաստ է հանձնել: Իսկ 1991 թվականի սահմանները, որոնք Փաշինյանը ցանկանում էր, որ ՀԱՊԿ-ը պաշտպանի, հաշվի չեն առնվում։ Դրանք դելիմիտացիայի եւ միակողմանի քայլերի ընթացքում դառնում են շարժական։ Ուստի, նախքան ասելը, թե ՀԱՊԿ-ը պետք է նշի պատասխանատվության գոտին, նախ պետք է նշի Հայաստանի սահմանը եւ ավարտին հասցնի սահմանազատումը», – ասում է Լավրովը։ «ՀԱՊԿ-ը 2022-ին Երեւանում կայացած գագաթնաժողովում ամբողջությամբ համաձայնեցրել էր սահմանի պահպանության համար լրացուցիչ սպառազինությունների փոխանցման, հատուկ զորավարժությունների անցկացման եւ սահմանին կազմակերպության առաքելության տեղակայման մասին փաստաթուղթը, հիշեցրել է ՌԴ ԱԳ նախարարը։ Բոլոր նախարարները, ներառյալ հայ նախարարը, վավերացրել էին այդ փաստաթուղթը։ Բայց առավոտյան, երբ գագաթնաժողովը բացում էր վարչապետ Փաշինյանը, ասաց, որ կոնսենսուս չի եղել։ Իսկ ահա Եվրամիության առաքելության շուրջ, որը խոստացել էին 2 ամսով տեղակայել, կոնսենսուսը ստացվել է։ Այժմ այն դարձել է անժամկետ, այնտեղ արդեն կանադացիներ են հայտնվել, ՆԱՏՕ-ի մյուս անդամներն էլ են ցանկանում հայտնվել։ Դա արդեն Եվրամիության առաքելությունը չէ, դա արդեն կլինի ՆԱՏՕ-ի առաքելությունը»,- ասաց Լավրովը:

Բոլորը գոհ են

Ապրիլի 19-ին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին երկու երկրների միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներին Հայաստանի միջազգային գործընկերները բավական դրական արձագանքեցին: Նույնիսկ որոշակի ոգեւորություն նկատվեց:

Վաշինգտոնը ողջունում է 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երեւանի եւ Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը, որպես երկու երկրների միջեւ սահմանների սահմանազատման հիմք, X-ի իր էջում գրել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Նա այն կարեւոր քայլ էր համարել կայուն եւ արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման համար։

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների միջեւ ձեռք բերված համաձայնությունը ողջունեց Բրյուսելը: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը նշել էր, որ երկու երկրի տարածքային ամբողջականության միանշանակ ճանաչման վրա հիմնված սահմանազատումը եղել է նաեւ Բրյուսելում քննարկումների առանցքում: Միշելի խոսքով՝ դա կարեւոր քայլ է կարգավորման եւ տարածաշրջանի խաղաղ բացման ուղղությամբ։

«Հուսադրող լուրեր կան Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային հանձնաժողովների աշխատանքի, իրավական փաստաթղթերի եւ 1991թ. Ալմաթիի համաձայնագրի հիման վրա սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ», – նշել էր Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ բանագնաց Տոյվո Կլաարը: Եվրամիությունը լիովին աջակցում է բանակցային գործընթացին, ընդգծել էր ԵՄ հատուկ ներկայացուցիչը:

«Ողջունում ենք 1991-ին Ալմա–Աթայի հռչակագրի վերաբերյալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված համաձայնագիրը՝ որպես սահմանների սահմանազատման հիմք։ Երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչումն առանցքային սկզբունք է։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը տարածաշրջան կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է կարգավորման ջանքերին», – գրել էր Կոլոմինան X-ի իր էջում։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930