Արցախի Վանք գյուղից (Գանձասարից) բռնի տեղահանված Նարեկ Թևոսյանը կալանավորվեց 1 ամիս ժամկետով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը: Նարեկ Թեւոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել էր հանրային քրեական հետապնդում: Հոդված 236-ի 2-րդ մասն է՝ «Օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը` պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով»:
Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ «Ֆեյսբուք» սոցիալական կայքի համապատասխան էջում հրապարակվել է երկու տղամարդու միջև հեռախոսային խոսակցություն, որտեղ նրանք զրուցում են կազմակերպվող բողոքի ակցիաներին մասնակցելու համար որոշ անձանց գումարներ բաժանելու, մասնակցության և արված ծախսերի համեմատ դրանց սակավ լինելու, այլ անձանց կողմից ավելի շատ գումար վերցնելու, իսկ իրենց դրանից անհամեմատ քիչ տրամադրելու, գումարային հարցերի շուրջ քննարկում ունենալու վերաբերյալ։
Այդ առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված վերոնշյալ քրեական վարույթի նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2024թ. մայիս ամսին Կոտայքի մարզում բնակվող 29-ամյա երիտասարդը «Տավուշը հանուն հայրենիքի» և «սրբազան շարժում» անվանումներով հավաքներին, անհնազանդության ակցիաներին մասնակցող անձանց նյութապես շահագրգռելու նպատակով, ձեռնարկել է համապատասխան միջոցներ։ Նրա կազմակերպմամբ 2024թ. մայիս ամսվա ընթացքում հիշատակված հավաքներին բազմամարդություն ապահովելու նպատակով առնվազն 4 անձի՝ յուրաքանչյուրին մեկանգամյա մասնակցության համար, վճարվել է շուրջ 5.000 ՀՀ դրամ և այդ կերպ ապահովվել նրանց ֆիզիկական մասնակցությունը հավաքներին»:
Քննչական կոմիտեն ավելի վաղ նաեւ ձայնագրություն էր հրապարակել, որը Հանրային հեռուստաընկերությունը երեկ հրապարակել էր վերնագրով՝ «2200 դրամ են տվել, որ կյանքումս 40 հազարից պակասի համար գնացած չկամ. ՔԿ ձայնագրություն»: Ձայնագրության մեջ մի տղամարդ ասում է՝ «Պատկերացնում ը՞ս, երեգի 2200 դրամ ըմ տվալ, մին վըննաման ինք կալալ, վեր կյանքում 40 հըզարա պակաս վըննաման կեցած չում»:
Կարդացեք նաև
Թարգմանությունն է՝ կպատկերացնե՞ս, երեկ 2200 դրամ եմ տվել ու կոշիկ գնել, որ կյանքում 40 հազարից պակաս արժեցող կոշիկ հագած չկամ։
Եվ այս տեքստը Հանրայինը թարգմանել է ՝ 2200 դրամ են տվել, որ կյանքումս 40 հազարից պակասի համար գնացած չկամ:
Լրացում. Հանրային հեռուստաընկերությունն ավելի ուշ ներողություն խնդրեց:


















































