Սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի տարելիցի օրը, Հանրային հեռուստաընկերության կողմից ցուցաբերված անհարգալից վարքագծի վերաբերյալ ՀայաՔվե ազգային քաղաքացիական նախաձեռնությունը ներկայացրել էր հանրային բաց նամակ՝ Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանի և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի անհապաղ հրաժարականի պահանջով:
Հայաքվեի ներկայացուցիչները հանրագիր են նախատեսել՝ ուղղված Հանրային հեռարձակողի ղեկավարությանը՝ հանրային կյանքի տարբեր ոլորտների շուրջ 300 հանրային գործիչների և քաղաքացիների ստորագրությամբ։
«Այսօր հավաքվել ենք հանրային հեռարձակողի շենքի դիմաց հետևյալ խնդրով: Բոլորդ հիշում եք, թե ինչպես սեպտեմբերի 27-ին հանրային հեռարձակողը ոչ միայն անուշադրության մատնեց այդ շատ կարևոր օրվա խորհուրդը և փաստացի չլուսաբանեց այն ամենը, ինչ այդ օրը տեղի էր ունենում, մասնավորապես՝ Եռաբլուրում: Նաև, որպեսզի ինչ-որ իմաստով ավելացնի դրան՝ վիրավորանք մեր ցավին, նաև երեկոյան ժամանցային համերգ դրեց, որը բացարձակ անպատեհ և անտեղի էր, նաև ինչ-որ իմաստով բազմահազար հայ ընտանիքների ցավին, որոնք ունեն կորստի ցավ, տուն, զավակ, ընտանիքի անդամ են կորցրել, ավելացրեց նաև վիրավորանքը»,- լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը:
Նրա ձևակերպմամբ. «Հանրային հեռուստատեսությունը դրան նախորդող և հաջորդող ժամանակաշրջանում հանդես չի գալիս որպես հանրային հեռուստաընկերություն, որն աշխատում է ամբողջ հանրության համար, նա հանդես է գալիս որպես գործող վարչախմբի կուսակցական հեռուստաալիք՝ բացարձակ կողմնակալ հեռարձակում իրականացնելով և՛ ընտրական փուլում, և՛ ընտրություններից հետո, և՛ ԱԺ աշխատանքները լուսաբանելիս՝ փորձելով այնպես ներկայացնել, կարծես գործող վարչախումբը և նրան ներկայացնող «Քաղաքացիական պայմանագիրը» Հայաստանում գործող միակ քաղաքական կազմակերպությունն է, միակ քաղաքական մտքի աղբյուրն է, միակ ճիշտ գիծը տանողն է»: Ավետիք Չալաբյանը փաստեց, որ, ի թիվս այլնի, Հանրայինի եթեր են բերվում տիրադավ, եկեղեցական նվիրապետությունն ու ազգային, հոգևոր արժեքները պառակտող անձինք:
Կարդացեք նաև
Տեսանյութն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































