Կառավարության այսօրվա նիստից հետո Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական քարոզչությանը։
Հարցին, թե Սփյուռքում ի՞նչ արձագանք ունի եկեղեցի-իշխանություն այս հակամարտությունը, Սինանյանը պատասխանեց․ «Սփյուռքը մեկ միասնություն չէ, Սփյուռքում կան տարբեր խմբեր, անհատներ, ամեն տեսակի մոտեցումներ կան։ Կան մոտեցումներ, որոնք անվերապահորեն համաձայն են վարչապետի արտահայտած մտքերի հետ, կան կազմակերպություններ, որոնք տարակուսանք ունեն»։
Սինանյանն ասաց, որ եկեղեցին ժողովուրդն է, որը ձեւավորում է եկեղեցին։ Այսինքն՝ եկեղեցին ինչ-որ շինություն չէ, հիերարխիկ վերնախավը չէ, եկեղեցին ժողովուրդն է։ «Հետեւաբար, նման քննարկումները չեն կարող հարված հասցնել եկեղեցուն։ Եկեղեցուն հարված են հասցնում այն մարդիկ, որոնք ընդգրկվելով այդ հիերարխիայում, վարկաբեկում են եկեղեցին, արհամարհում են հենց եկեղեցու ներքին կանոնակարգերը»,- հավելեց նա։
Սինանյանն ասաց, որ այս գործընթացը նաեւ պետության կայացման անհրաժեշտ փուլերից մեկն է։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ