«Սա մեր ներսում դրված պայթեցման մեխանիզմ է, որի գործարկումից ոչ ոք չի փրկվի և ոչ ոք չի շահի, նույնիսկ նրանք, ովքեր այն ներդրել են։ Բոլորը, անկախ իրենց քաղաքական հայացքներից, պիտի դեմ լինեն մեր երկրի ներքին իրավական կառույցի քանդման այս գործընթացին։ Հակառակ դեպքում մենք նմանվում ենք գժտություն ունեցող մի ընտանիքի, որի անդամներն իրար հանդեպ թշնամանքի պատճառով քանդում են սեփական տան հիմքերը՝ շարունակելով միասին ապրել այդ տանը»,- «Առավոտի» զրուցակիցն է երգչուհի-երգահան Լիլիթ Բլեյանը։
– Օգոստոսի 1-ին կայանալու է նոր ձեւավորված՝ 9-րդ գումարման խորհրդարանի անդրանիկ նիստը։ Խորհրդարան անցած ուժերի պատգամավորական ցուցակները հայտնի են եւ արդեն երկու օր է՝ հանրային բուռն քննարկումներ են այդ առիթով․ «Ուժեղ Հայաստանից» հատ ու կենտ ծանոթ եւ հայտնի անուններ, «Հայաստանից»՝ հատ ու կենտ՝ նոր անուններ, «Քաղաքացիական պայմանագրից» հայտնի կամ անհայտ անունները շատ բան չեն որոշելու, այդ ուժի մոտեցումը հստակ է եւ հայտնի։ Դուք ի՞նչ տպավորություններ, միգուցե նաեւ սպասելիքներ կամ անհաշտություններ ունեք 9-րդ գումարման խորհրդարանի կազմի հետ, քանի որ մեր քաղաքական եւ հասարակական կյանքի որակը պայմանավորված է լինելու այդ անձանց գործողություններով։
-Ես ընդհանրապես չեմ կարողանում ընկալել այս խորհրդարանը, որպես մեր ժողովրդի հավաքական կամքը ներկայացնող մարմին։ Նախ՝ այն ձևավորվեց մի գործընթացի արդյունքում, որը դժվար է «ընտրություններ» անվանել։ Բոլորի աչքի առաջ աննախադեպ, ցինիկ ընտրագողություն եղավ՝ մի ամբողջ խմբակցություն պարզապես ուղիղ հրահանգով զրկվեց իր մանդատներից, ամբողջ պետական մեքենան գործի դրվեց, որպեսզի վերաձևի խորհրդարանը՝ արհամարհելով ընտրողի կամքը։ Ամբողջ նախընտրական ու ընտրական փուլն ընթացավ անտանելի մթնոլորտում, քրեական հետապնդումների ու քաղաքական կալանավորումների ուղեկցությամբ, սպառնալիքների ու թունավոր քարոզչության պայմաններում։ Այս ամենը, իսկ հետագայում՝ ԲՀԿ-ին մանդատներից ապօրինաբար զրկելը ամբողջությամբ ձևախեղեցին ընտրողի ազատ կամքի արտահայտությունը։ Իսկ ընտրողի ազատ կամքն այն միակ բանն է, որը մեր երկրում, ըստ գործող Սահմանադրության, կարող է իշխանություն ձևավորել։ Ստացվում է՝ մենք այսօր չունենք իրական, ընտրովի, քաղաքական խորհրդարան, այլ ունենք նշանակովի վարչական մարմին, հետևաբար՝ ես այդ նշանակովի մարմնից չեմ կարող իրական քաղաքական ակնկալիքներ ունենալ։ Ես այս ԱԺ-ից կարող եմ ունենալ նույնպիսի ակնկալիքներ, ինչպես, ասենք, նշանակովի կառավարության նշանակովի անդամներից։ Դա նոնսենս է, մենք ապրում ենք քաղաքական կամ, ավելի ճիշտ, հակաքաղաքական աբսուրդի մեջ։ Քաղաքացու իմ ակնկալիքները ձևավորելիս ես ելնում եմ այդ իրողությունից։ Բոլոր ակտիվ, պատասխանատու քաղաքացիների համար այսօրվա խորհրդարանն իր «ընտրության» պատմությամբ և իր վերջնարդյունքով նշանակում է միայն, որ որպես քաղաքացի մենք ստիպված ենք լինելու ավելի ակտիվ լինել և ավելի ակտիվորեն պաշտպանել մեր քաղաքացիական և քաղաքական իրավունքները։
– Մանդատները վերցնել-չվերցնելու քննարկումները երկար գնացին, բայց խնդիրն, ըստ իս, դա չէ․ կարելի է՝ եւ վերցնել, եւ չվերցնել, բայց երկու դեպքում էլ պետք է հասկանալի լինի հետագա քայլերի տրամաբանությունը։ Տվյալ դեպքում՝ հասկանալի չէ։ Մինչ օրս այդ առիթով հնչած հարցերից ու, այդ թվում նաեւ տվյալ քաղաքական ուժերի լիդերներից տրված պատասխաններից, ստացվում է մոտավորապես այսպես՝ «գնանք խորհրդարան, այնտեղ կերեւա՝ ինչ անել կամ ինչպես անել»։ Թեեւ ընդդիմությանը քննարկել-քննադատելն այս փուլում գուցե ճիշտ էլ չի, բայց այս մասին լռելն էլ ճիշտ չէ․ իբրեւ հանրային գործիչ, իբրեւ մտավորական՝ հա՞շտ եք նման անծրագիր ապագայի հետ։
Կարդացեք նաև
– Մանդատ վերցնել-չվերցնելն ինձ այնքան էլ չի հետաքրքրում, քանի որ, ինչպես ասացի, սա քաղաքական խորհրդարան չէ, հետևաբար՝ բոլոր իրական պրոցեսները մնացել են այդ կառույցից դուրս։ ԱԺ-ից դուրս այսօր ահռելի մարդկային, քաղաքացիական ռեսուրս կա, բանտերում ահռելի ռեսուրս կա, դրսում ձևավորվում են քաղաքացիական շարժումներ, իրավապաշտպան խմբեր, շահերի պաշտպանության խմբեր, և խորհրդարանական նոր ընդդիմությունն այսօր պիտի կարողանա բառի լավ իմաստով «օրգանիկ» լինել՝ օրգանապես կապված մնալ հանրությանը և իրական քաղաքական օրակարգին՝ անկախ իր գտնվելու վայրից։ Խորհրդարանական ընդդիմությունը պիտի գիտակցի, որ ինքն ընդդիմության ընդամենը մի մասն է, և որ իրենց պատգամավորական լծակներն ամբողջ քաղաքականապես ակտիվ հանրության շահերին ծառայելու համար են։ Ես հուսով եմ, որ այդ գիտակցումը կա։ Համենայնդեպս, ընդդիմության ներկայացուցիչների շատ հարցազրույցներ կամ տեքստեր խոսում են այդ մասին։ Ցանկալի է, որ արվելիք քայլերը ևս խոսեն դրա մասին։
– Իսկ Ձեր ակնկալիքները որո՞նք են․ պատկերացնո՞ւմ եք, թե ի՞նչ քայլեր են անհրաժեշտ, կամ՝ ի՞նչ կցանկանայիք, որ արվեր, ի՞նչ առաջարկներ կան։ Միգուցե դրանք օգնե՞ն ընդդիմադիր ուժերին կողմնորոշվել։
– Եկեք գնանք տրամաբանական հերթականությամբ։ Բոլորս տեսնում կամ առնվազն զգում ենք, որ Հայաստանը նոր լուրջ մարտահրավերների շեմին է։ Դա նշանակում է, որ քաղաքական ընդդիմությունն իր մտքում պիտի որ ունենա հակաքայլերի համակարգ։ Որպես հանրություն՝ մենք ակնկալում ենք, որ ունեն։ Այս առումով մեր՝ հանրության, ակնկալիքները շատ պարզ են. Հայաստանը սպառնալիքների առջև է, այդ սպառնալիքներն ու մարտահրավերները բոլորին հայտնի են, հետևաբար դրանց պետք են հստակ հակաքայլեր։ Դրա կողքին պիտի լինի նաև պոզիտիվ օրակարգ՝ հանրությանն արվող այնպիսի առողջ, հետաքրքիր առաջարկներ, որոնցից իրեն հարգող ոչ մի հանրություն հրաժարվել չի կարողանա։
Այդ հակաքայլերից և պոզիտիվ օրակարգից ընդդիմությանը շեղելու և մեկուսացնելու նպատակով այսօր ընդդիմությանը և քաղաքականապես ակտիվ հանրությանը փորձում են կոտրել շինծու քրեական գործերով, կալանքներով և այլ տիպի հետապնդումներով։ Նույնիսկ հակասահմանադրական օրենքներ են ընդունում՝ քաղաքացիների մի մասին զրկելով ընտրական իրավունքից։ Հետևաբար՝ ընդդիմությունը և հանրությունը պիտի ձևավորեն իրավական պաշտպանության համակարգեր, քանի որ այդ ներքին, քաղաքացիական ինքնապաշտպանությունն այսօր մեր երկրի ընդհանուր պաշտպանության կարևոր մասն է կազմում։ Սա այսօր պիտի լինի ընդդիմության օրակարգի կարևորագույն կետերից, եթե ոչ՝ ամենակարևորը։
– Ռեպրեսիաները Հայաստանում ավելի լայն թափով են ընթանում, ինչը սպասելի էր, առավել եւս՝ ընդդիմության նման հարմարվողականության պարագայում։ Բռնաճնշումները միանշանակ մերժելի են, բայց հասարակական տարբեր շրջանակներ արդեն ավելի լոյալ են այդ ամենին վերաբերվում․ դատապարտե՞լ, քննադատե՞լ նրանց, թե՝ ըմբռնումով վերաբերվել, մանավանդ որ, ընդդիմադիր քաղաքական ուժերն իրենք օրակարգ չեն ձեւավորում ու մի քիչ էլ բնական է, որ դրա հանրային ազդեցությունը պետք է այսպիսինը լինի։
– Ֆիքսենք, որ ռեպրեսիաներն այսօր վերաբերում են կամ կարող են վերաբերել բոլորին՝ առանց բացառության։ Մարդիկ սկսել են աստիճանաբար հասկանալ դա։ Քաղաքական գործիչ ես, բժիշկ ես, ուսուցիչ ես, թե անհատ ֆերմեր, այսօր չես կարող ունենալ որևէ երաշխիք, որ այդ ռեպրեսիաների պատժիչ մեքենան քեզ չի հասնի՝ այս կամ այն ճանապարհով։ Արդեն համատարած բնույթ են կրում աշխատանքից ազատումները կամ սպառնալիքները՝ ամենաչնչին տարաձայնության պատճառով։ Ընդլայնվել է այդ «տարաձայնությունների» շրջանակը։ Ի վերջո, այսօր նույնիսկ Արարատի նկարը սոցցանցերում տարածելը կամ ասենք՝ արցախյան թեմայով որևէ ակնարկը կամ Ֆեյսբուքում արված նույնիսկ մի անմեղ «լայքը» կարող է ազդել մարդու աշխատանքային կարիերայի վրա։ Այս ամենն արդեն հեռացել է մաքուր քաղաքական ու նույնիսկ քաղաքացիական թեմատիկայից և մտել է զուտ մարդկային, զգացմունքային դաշտ։ Անձնական էմոցիաները, մարդկային համակրանքները, հոգևոր հովվի ընտրությունը. ամեն բան արդեն կարող է ազդել մարդու ճակատագրի վրա և հիմք դառնալ հետապնդման համար։ Սա իրոք աննախադեպ վիճակ է։ Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում խնդիրներ միշտ են եղել, բայց այսօր կատարվողը վտանգավոր է մեր երկրի՝ որպես միասնական օրգանիզմի գոյության համար։ Սա ինքնաքայքայում է, որի շարունակվելը սպառնալիք է մեր երկրի համար։ Սա մեր ներսում դրված պայթեցման մեխանիզմ է, որի գործարկումից ոչ ոք չի փրկվի և ոչ ոք չի շահի, նույնիսկ նրանք, ովքեր այն ներդրել են։ Բոլորը, անկախ իրենց քաղաքական հայացքներից, պիտի դեմ լինեն մեր երկրի ներքին իրավական կառույցի քանդման այս գործընթացին։ Հակառակ դեպքում մենք նմանվում ենք գժտություն ունեցող մի ընտանիքի, որի անդամներն իրար հանդեպ թշնամանքի պատճառով քանդում են սեփական տան հիմքերը՝ շարունակելով միասին ապրել այդ տանը։
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
24.07.2026


















































