Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի են Խաչատրյանի անվան 21-րդ մրցույթի մրցանակակիրները

Հունիս 13,2025 15:03

Կայացել է Արամ Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթի ամփոփիչ գալա համերգը, որի ընթացքում հայտարարվել են մրցույթի դափնեկիրների անունները, տեղի  է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն։

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ։

Մրցույթի փակման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Ժյուրիի որոշմամբ առաջին մրցանակին արժանացել են դիրիժորներ Ֆերնանդո Օսկար Գաջինին (Արգենտինա) և Լեոնարդ Ռայմոնդ Ուիլյամ Վայսը (Ավստրալիա)։

Խաչատրյանական մրցույթի երկրորդ մրցանակին արժանացել է Շուն Օին (Ճապոնիա)։ Երրորդ մրցանակային տեղը գրավել է Քյունտե Պակը (Հարավային Կորեա)։ Շնորհվել է նաև չորրորդ մրցանակը. այն ստացել է Օտիս Քինթա Էնոքիդո-Լայնհեմը (Մեծ Բրիտանիա)։ Ֆինալիստի դիպլոմին է արժանացել Ջեյհաք Չոյը (Հարավային Կորեա)։

Շնորհվել են հատուկ մրցանակներ՝ «Մրցույթի 1-ին փուլում դասական շրջանի սիմֆոնիայի լավագույն մեկնաբանության համար», «Մրցույթի 1-ին փուլում Արամ Խաչատրյանի ստեղծագործության մեկնաբանության համար», «Մրցույթի 1-ին փուլում Քշիշտոֆ Պենդերեցկու «Կորուսյալ դրախտ» օպերայից Ադաջետտո ստեղծագործության լավագույն մեկնաբանության համար», «Մրցույթի 2-րդ փուլում Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիայի լավագույն մեկնաբանության համար»։ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում մրցանակը շնորհվել է Ֆերնանդո Օսկար Գաջինիին։

Պարգևատրման արարողությունից հետո առաջին մրցանակի արժանացած դիրիժորներին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հնարավորություն է ընձեռել Արամ Խաչատրյանի դիրիժորական փայտիկով ղեկավարել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը:

Հիշեցնենք, որ այս տարի Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն անցկացվում էր «դիրիժորություն» մասնագիտական կարգում։ Դիրիժորական մրցույթն իրականացվում է 2016 թվականից՝ մրցույթի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ։  Խաչատրյանի անվան մրցույթը, 2023 թվականից սկսած, անցկացվում է նաև Չինաստանում՝ նպաստելով Արամ Խաչատրյանի կոմպոզիտորական ժառանգության հանրահռչակմանն Ասիայում։

Մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է։ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի նպատակն է բացահայտել երիտասարդ երաժիշտների, ինչպես նաև աշխարհում հանրահռչակել Արամ Խաչատրյանի երաժշտությունը։

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30