«Կրթության տեսչական մարմինը 2025թ ընթացքում իրականացրել է աշխատանքային գործունեության եւ տարեկան ստուգումների ծրագրերով նախատեսված բոլոր գործառույթները, իրականացվել է 101 ստուգում: Դրանցից 17-ն իրականացվել է նախադպրոցական կրթության ոլորտում, 67 ստուգում՝ դպրոցներում եւ 17-ը՝ մասնագիտական կրթության ոլորտում» ,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը՝ ներկայացնելով կրթության տեսչական մարմնի 2025 թ. աշխատանքները եւ 2026-ի անելիքները։
Մատիկյանը տեղեկացրեց, որ 2025թ տեսչական մարմինը ստացել է 195 դիմում-բողոք, որոնցից 159-ը վերաբերել է դպրոցներին, դիմում-բողոքներից 77-ը բավարարվել է, 42-ը վերահասցեագրվել է այլ մարմինների, 64-ի ուղղությամբ տրվել են պարզաբանումներ:
«Վերահասցեագրված դիմումների մի մասն ուղարկվել է ուժային կառույցներ: Դրանք հիմնականում կապված են ուսումնական հաստատություններում բռնությունների, դրամահավաքի եւ այլ դեպքերի հետ, որոնք դուրս են տեսչական մարմնի լիազորությունների շրջանակից»,-ընդգծեց Կրթության տեսչական մարմնի ղեկավարը:
Հավելեց, որ 2025-ին աճել է այն խախտումների թիվը, որոնց ուղղությամբ 2024-ին տրվել էին հանձնարարականներ. «2024թ խախտումները եղել են 6%, 2025-ին`37%, նախադպրոցական ուսումնական հաստատությունների մասով 2024թ խախտումները եղել են 48%, 2025-ին՝ 72%, մասնագիտական կրթության ոլորտում 2024թ խախտումները եղել են 3%, 2025-ին՝ 42% հանձնարարական է տրվել հայտնաբերված խախտումների ուղղությամբ»:
Կարդացեք նաև
Վաղարշակ Մատիկյանի ձեւակերպմամբ, իրենք շեշտը դնում են վերահսկողության որակի, եւ ոչ թե քանակի վրա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































