Մենք, կարելի է ասել, ապրում ենք առցանց ռեժիմով 24 ժամ շարունակ, և ապրելակերպի նման փոփոխությունները նոր խնդիրներ են առաջ բերում՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջությանը սպառնացող։ Օրինակ՝ վերջերս հատկապես արևմտյան մասնագիտական գրականության մեջ հաճախ ենք հանդիպում «դումսքրոլինգ» կամ «դումսերֆինգ» նոր եզրույթին․ այս երևույթի շուրջ էլ Aravot.am-ի «Առողջ առավոտ» նախագծի շրջանակներում զրուցել ենք Հոգեբանական գիտությունների թեկնածու Լիլիթ Խաչատրյանի հետ։
Ի՞նչ վիճակ է դումսքրոլինգը, այն ինչպիսի՞ դրսևորումներ է ունենում
Եթե դուք առավոտյան դեռ չարթնացած վերցնում եք հեռախոսը, անդադար թերթում և կանգ առնում միայն բացասական վերնագրերի վրա՝ անգիտակցորեն մեկը մյուսի հետևից ընկղմվելով վատ նորությունների հոսքի մեջ, այդ երևույթը կոչվում է դումսքրոլինգ, ինչը մի շարք ֆիզիկական և հոգեբանական լուրջ վնասներ է հասցնում: Դումսքրոլինգը մի վիճակ է, երբ մարդուն թվում է, թե ուղեղը պայթում է ինֆորմացիայից, հատկապես մեկը մյուսին հաջորդող վատ տեղեկություններից, կարծես թմբիրի մեջ է հայտնվում, սակայն կամային հրաժարումը պասիվ թերթումից անվերահսկելի է դառնում և իրական կյանք տեղափոխվելը մեծ ջանքեր է պահանջում:
Ինչո՞ւ է այդպես։ Մարդիկ հակում ունեն նայելու և ուսումնասիրելու վատ, դաժան, անհասկանալի վտանգավոր երևույթները, որով իբրև հակազդման և պաշտպանվելու փորձեր են արվում և սուր հույզեր զգալը պահանջմունք է դառնում: Վերջին տարիներին հասարակությունը թվայնացրել է տեղեկատվության տարածումը՝ հիմնականում ներառելով բամբասանքներ, ասեկոսեներ, սպանություններ, աղետներ և ուռճացված մանրամասնություններ: Իսկ մարդկության համար բացի վերը նշվածից բացասական նորությունների գրավչությունը արտասովոր փորձի ցանկությունն է, որը ցնցում է մարդուն և սովորեցնում կյանքի սուր զգացողություններին և երբեմն նաև փակում և մոռացության է տալիս առօրյայի ընթացիկ խնդիրները, ինչն արվում է առանց գիտակցելու և հանգեցնում հոգեկան և ֆիզիկական առողջության մի շարք խնդիրների:

Դումսքրոլինգն Օքսֆորդի անգլերեն բառարան է ներմուծվել 2020 թվականին՝ համավարակի ժամանակ, երբ մարդիկ տագնապած սկսեցին հետևել քովիդի զարգացումներին:
Որո՞նք են այդ խնդիրները
Վատ նորություններն անընդմեջ թերթելու հետևանքով սթրեսային հորմոնների՝ ադրենալինի, կորտիզոլի գերարտադրություն է տեղի ունենում, ինչն էլ բազմաթիվ կլինիկական դրսևորումներ է առաջացնում:
Կարդացեք նաև
Վատ նորությունների մեջ մշտապես ընկղմվելը խթանում է տարատեսակ վտանգների սպասման զգացողությունը, քանի որ ցանկացած վատ լուրին ի պատասխան ուղեղն ակտիվացնում է «պատրաստ եղիր» վտանգի ռեժիմը: Միանում է վտանգի ազդանշանը, և մարդն իրականությունը գնահատելու իրական կարողությունը կորցնում է, իր տեսած վտանգներն ուռճացվում ու թվում են իրական: Ֆիզիոլոգիական մակարդակում ևս ամիգդալան (գլխուղեղի նշաձև հատված՝ հեղ․) դառնում է գերակտիվ, ինչը մարդուն պահում է մշտական սպառնալիքի մեջ, միանում է տագնապի ազդանշանը, որը իրականությանը չի համապատասխանում: Մարդն իրեն զգում է անզոր, անկարող և թերարժեք: Գլխուղեղի կեղևի այն հատվածը, որը պատասխանատու է տրամաբանական մտածողության համար, նույնպես սկսում է ընկճվել, որը հանգեցնում է հուզական աշխարհի փոփոխությանը:
Կարող ենք ասել, որ վատանում է մտածողության որակը, հիշողությունը, երևակայությունը, ուշադրության կենտրոնացումը, երեխաները դժվար են կենտրոնանում դասերի վրա, մեծահասակները աշխատանքային պատասխանատվությունը չեն կարողանում իրականացնել:
Հուզականորեն և՛ մեծահասակները, և՛ երեխաները դառնում են անկայուն, դյուրագրգիռ, անհանգիստ, դեպրեսիվ, ագրեսիվ:
Ակտիվանում է նաև նեգատիվ մտածողությունը, քանի որ տեսած բացասական նորությունները սովորեցնում են նեգատիվ պատկերի ընտելացմանը և ակամայից մարզվում է նեգատիվ մտածողություն:
Նկատվում են քնի և ախորժակի խանգարումներ, ֆիզիկական գանգատներ՝ գլխացավեր, սրտխփոցներ, ցավեր մարմնի տարբեր հատվածներում, տեսողության խանգարումներ, նյարդային համակարգի խնդիրներ:
Վնասարար, վատ, սպառնալիքի աղբյուր փնտրելը աստիճանաբար դառնում է կախվածություն և վնասում հոգեկան առողջությանն ամբողջությամբ: Եվ պատահական չէ, որ հետազոտությունները ցույց են տալիս, որ այն մարդիկ, ովքեր առավոտյան դիտել են 3 րոպե բացասական լուրեր, 27 տոկոսով ավելի հավանական է, որ իրենց օրը կգնահատեն ավելի բացասական:
Ուսումնասիրությունները նաև ցույց են տվել, որ դեռահասների 45 տոկոսը, ովքեր նախկինում հոգեկան առողջության հետ խնդիր չեն ունեցել, պասիվ թերթումներից հետո նրանց մոտ անհանգստության մակարդակը բարձրացել է և դրսևորվել են մի շարք հոգեբանական պրոբլեմներ:
Գործնականում ի՞նչ կարող է անել մարդն այս երևույթի բացասական ազդեցություններից խուսափելու համար
Հնարավոր վտանգներից խուսափելու համար հարկավոր է նախ և առաջ գնահատել թերթելու վնասակար վարքագիծը, ընդունել վտանգներն ու կառավարման որոշում կայացնել՝
1․Առավոտյան արթնանալուց անմիջապես հետո հեռախոսը ձեռքը չվերցնելու սովորություն մշակել։
2․Ժամանակի սահմանափակում կիրառել՝ սոցցանցերում մնալով 30 րոպեից 1 ժամ։
3. Ակտիվ ընդհատումներ անել․ երբ զգում ես տագնապ, գնահատել հուզական վիճակը, քայլել մաքուր օդում, շնչառական, ֆիզիկական վարժություններ կատարել:
4. Արգելափակել լուրերի այն աղբյուրները, որոնք ողողված են բացասական ինֆորմացիայով:
5. Ուշադրության դրական թիրախավորում․ նեգատիվից անմիջապես հետո լսել սիրելի երաժշտություն, գիրք կարդալ, ֆիլմ դիտել և այլն:
6.Քնելուց 2-3 ժամ առաջ հեռու մնալ էկրանից։ Արգելափակել լուրերի այն աղբյուրները, որոնք ողողված են բացասական ինֆորմացիայով:
Զրույցը՝ Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ



















































