Լրահոս
Օրվա լրահոսը

«Գեղարդ»-ը դատապարտում է Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների միակողմանի հայտարարություններն ու ընդունված հռչակագրի՝ Հայաստանին առնչվող հիմնազուրկ դրույթները

Հունիս 23,2025 18:02

Հայաստանին առնչվող դատապարտելի դրույթներն Իսլամական համագործակցության կազմակերպության հռչակագրում

Հունիսի 21-22-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի է ունեցել միջազգային ամենամեծ ու ազդեցիկ մուսուլմանական կազմակերպության՝ Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ պետությունների Արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳԽ) 51-րդ նստաշրջանը, որի ավարտին ընդունվել է «Ստամբուլի հռչակագիրը»։ Վերջինս վերահաստատում է երկրների հավատարմությունը կազմակերպության նպատակներին, խնդիրներին, սկզբունքներն, ինչպես նաև՝ ԻՀԿ գագաթնաժողովի ու ԱԳ նախարարների խորհրդի կողմից ընդունված բոլոր բանաձևերին։

Հռչակագրի դրույթներից երկուսը վերաբերում են Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին։ Մասնավորապես՝ բանաձևով Հայաստանին կոչ է արվում «հաղթահարել խաղաղության համաձայնագրի ստորագրմանը խոչընդոտող իրավական ու քաղաքական արգելքները»։ ԻՀԿ անդամ երկրներին և իսլամական ֆինանսական հաստատություններին կոչ է արվում աջակցել «ազատագրված տարածքների վերականգնման և ականազերծման աշխատանքներին»։

Անդրադարձ է եղել, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» համայնքին՝ վերահաստատելով «ներկայիս Հայաստանի տարածքից բռնի տեղահանված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը»։

Կազմակերպությունը, դատապարտելով «Հայաստանի տարածքում գտնվող իսլամական մշակութային ժառանգության ոչնչացումը», անտեսում է այն իրողությունը, որ Ադրբեջանի տարածքում մուսուլմանական բազմաթիվ սրբավայրեր և մզկիթներ տարիներ շարունակ վերածվել են աղբավայրերի կամ անասնագոմերի։ Մինչդեռ Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ միայն պահպանվել, այլև վերականգնվել և գործում է Երևանի՝ իրանական Կապույտ մզկիթը։ Ավելին՝ այն դարձել է կրոնական և մշակութային կենտրոն Հայաստան այցելող իրանցիների համար։

Իսլամաֆոբիայի դեմ դրսևորումները դատապարտող ու միջազգային կառույցներին դրա դեմ արդյունավետ միջոցներ ձեռնարկելու կոչերով հանդես եկող անդամ պետությունները, այդ թվում՝ Ադրբեջանը, մոռացության են տալիս այն փաստը, որ հենց Ադրբեջանում են մուսուլման հոգևորականները հետապնդվում, կեղծ մեղադրանքներով դատապարտվում՝ բանտերում ենթարկվելով ֆիզիկական ու սեռական բռնության։

Նշենք, որ հաջորդ տարի Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը կայանալու է Ադրբեջանում։

«Գեղարդ» հիմնադրամը խստորեն դատապարտում է Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ պետությունների միակողմանի հայտարարություններն ու ընդունված հռչակագրի՝ Հայաստանին առնչվող հիմնազուրկ դրույթները, որոնք առաջ են քաշվել Ադրբեջանի կողմից և միտված են իրականության խեղաթյուրմանը, սեփական ագրեսիվ քաղաքականության արդարացմանն ու տարածաշրջանային կայունության խաթարմանը։

«Գեղարդ» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30