Լրահոս
Օրվա լրահոսը

Չարը պարզունակ է և համառ: Նա, ով բարկանում է անօրենությունների պատճառով՝ ենթարկվում է հետապնդումների և բանտարկության է տարվում. Տեր Փառեն քահանա Առաքելյան

Հուլիս 10,2025 13:04

Քրիստոնեական Եկեղեցու համար հալածանքը` իր բոլոր դրսևորումներով երբեք խորթ չի եղել։ Քրիստոնեության ողջ պատմության ընթացքի և որևէ դարաշրջան չի շրջանցել հալածանքը` սկսած Հիսուս Քրիստոսի երկրավոր կյանքի օրերից մինչև այսօր։ Ասել է թե` չարը երբեք հանգիստ չի նստում և երբեք էլ իր ձեռագիրը չի փոխում։ Ի դեպ հալածանքների են ենթարկվել Աստծուն հավատարիմներն ու քաջերը` թե’ հոգևորական, թե’ աշխարհիկ։

Խոսենք օրինակներով։
Ի՞նչ էր անում Հովհաննես Մկրտիչը. Քարոզում էր Աստծո Արքայությունը, կոչ էր անում ապաշխարության և հանդիմանում էր մեղավորներին։ Ի՞նչ կատարվեց նրա հետ. բանտարկվեց և գլխատվեց (Մատթ.14։1-12)։
Ստեփաննոս Նախավկան քարկոծվելով նահատակվեց` մեղադրվելով Աստծո և Մովսեսի դեմ հայհոյական խոսքեր ասելու մեջ (Գործք.6։11)։

Սուրբ Գևորգը աննահանջ քրիստոնյա էր։ Երբ նրան հարցնում են, թե. «Ի՞նչ է քո անունը, և կամ ո՞վ ես դու, որ այսքան հանդգնություն ունես», սուրբը պատասխանում է. «Նախ և առաջ իմ անունը քրիստոնյա է, բայց մարդկանցից կոչվում եմ Գեորգիոս»։ Այս դեպքից հետո սուրբը ևս ընդունում է նահատակության պսակը։

Ի՞նչ էին արել Հռիփսիմյանց կույսերը։
Պարզապես Դիոկղետիանոս կայսեր հալածանքներից խուսափելով` եկել էին Հայաստան (Քանի որ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների միջոցով Հայաստանը քրիստոնեության լույսն էր հագել) ապաստան գտնելու։ Վախճանը` նահատակություն։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչը ենթարկվեց տարատեսակ չարչարանքների և 13 տարիներ տառապեց Խոր Վիրապում քանի որ հրաժարվել էր Անահիտ չաստվածուհու կուռքին զոհ մատուցել և քանի որ Տրդատ արքան անձնական վերաբերմունք ուներ նրա նկատմամբ։

Ի՞ նչ էր արել Սուրբ Վահան Գողթնցին (8-րդ դ.)։ 15 տարի Արաբական Խալիֆայությունում գերությունից հետո Սբ. Հովհան Օձնեցու շնորհիվ վերադարձել էր իր հայրենիք և ուզում էր քրիստոնեությունն ազատորեն ապրել։ Հետևանքը` նահատակություն։

Ի՞նչ էին արել Գր. Զոհրապը, Սիամանթոն, Ռուբեն Սևակը, Դանիել Վարուժանը… Պարզապես հայ էին և քրիստոնյա։

Իսկ 1938թ.-ին Խորեն Մուրադբեկյան կաթողիկոսը Վեհարանում խեղդամահ արվեց, որովհետև անձնդիր Հայրապետ էր և սիրում էր իր Եկեղեցին և հայրենիքը։

Այսօր որևէ բան, ցավոք, չի փոխվել։ Նա, ով համարձակորեն ճշմարտությունն է բարձրաձայնում, բարկանում է անօրենությունների պատճառով, ցավում է սիրտը իր Եկեղեցու համար, նա, ով համարձակորեն ասում է, որ կանգնած է իր հավատի և արժեքների կողքին և դրանց կրողն է, ենթարկվում է հետապնդումների և բանտարկության է տարվում։ Չարը պարզունակ է և համառ։ Սակայն ընկրկել պետք չէ, քանզի Քրիստոս ասում է. «…ա’յս է ձեր ժամը և խավարի իշխանության զորություն» (Ղուկ.22։53)։ Իսկ Պողոս առաքյալն ասում է. «Մեր պատերազմը մարմնի ու արյան դեմ չէ, այլ իշխանությունների ու պետությունների, այս խավար աշխարհի տիրակալների և երկնքի տակ գտնվող չար ոգիների դեմ» (Եփես.6։12)։

Եվ չպետք է մոռանալ Տերտուղիանոսի խոսքը. «Մարտիրոսաց արյունը եկեղեցու սերմն է»:
Սուրբ Հարությունը հաղթում է մահվանը:

Տեր Փառեն քահանա Առաքելյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031