«Հրապարակի» զրուցակիցն Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Կարեն Միրզոյանն է:
– Հայաստանի իշխանությունն ակնհայտ վախեր ունի Ռուսաստանի Դաշնությունից: Ըստ նրանց խոսույթի, հայտարարությունների՝ բոլոր տեսակի վտանգները գալիս են հյուսիսից: Անգամ ռուսական հեռուստաալիքներն արգելափակելու մտադրություն ունեն: Կասկածներ ունեն, որ իրենց իշխանության դեմ Ռուսաստանը տեռոր է նախապատրաստում: Իսկապե՞ս Հայաստանին ռուսական կողմից վտանգ է սպառնում, թե՞ պարզապես Ռուսաստանից եկող վտանգները մտահոգիչ են, քանի որ ՀՀ իշխանությունը թուրքական կողմնորոշում է որդեգրել:
– Հիշեցի մի հայտնի ռուսական ասացվածք՝ վատ պարողի մասին: Վատ պարողը, որը ջանում էր ներկայանալ որպես հմուտ մասնագետ, բոլորին մեղադրում էր իր վատ պարի համար: Ես, անկեղծ ասած, չեմ հասկանում, թե ՌԴ-ի հետ կապված այդ մտավախությունները որտեղից են գալիս: Տպավորություն է, որ Հայաստանին առիթներ, պատճառներ են պետք, որպեսզի որոշակի հարցերում արդարանան: Այն, որ պետությունը ցանկանում է ոչ պրոֆեսիոնալ լուրերից, ցածրորակ հաղորդումներից ազատվել, դա շատ լավ է, բայց դա պետք է սկսի անել տեղական արտադրանքից: Մենք ամեն օր տեսնում ենք, թե ինչ կարգի անորակ, ցածրաճաշակ հաղորդումներ են եթեր հեռարձակվում, չենք խոսում կեղծիք տարածողների մասին` հասկացողը հասկանում է, թե որ TV-ների մասին է խոսքը: Այդ երեւույթը գնալով խորանում է:
– Անգամ Հայ առաքելական եկեղեցին են ՀՀ իշխանությունները եւ նրանց արբանյակները համարում ռուսամետ: Ասում են` ինչո՞ւ կաթողիկոս Գարեգին Բ-ն Ռուսաստանի նախագահից շքանշան ստացավ, ուրեմն նա ռուսական գործակալ է: Եկեղեցու դեմ հարձակումն էլ, կարծես, հենց այդ տրամաբանության մեջ է:
Կարդացեք նաև
– Հասարակ մարդու տրամաբանությունը պարզապես ի զորու չէ հասկանալու, թե ինչ ասել է՝ հայկական եկեղեցին պրոռուսական է, կամ ինչ ասել է` կաթողիկոսն ինչու Ռուսաստանից շքանշան ստացավ: Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ մեծ ազդեցություն ունի Ռուսաստանը: Ուզենք, թե ոչ, Ռուսաստանը մեզ հետ ունի պատմական, տնտեսական, մշակութային, եւ ժամերով կարող ենք թվարկել, թե էլ ինչ կապեր: Հայ-ռուսական հարաբերությունները երբեք էլ չեն եղել մաքուր ու ջինջ` առանց խնդիրների, սակայն, հակառակ ամեն ինչի, այդ հարաբերությունները զարգացել են: Այսօր ուղղակի հայ-ռուսական հարաբերությունները կասկածի տակ են վերցրել եւ դրան նայում են սեւ-սպիտակ պրիզմայով: Ես կարծում եմ, որ այստեղ կա երկու տարբերակ` հիմարություն կամ դիտավորություն:
Ինչ վերաբերում է Եկեղեցուն, ապա Հայ առաքելական եկեղեցին չի կարող լինել ռուսամետ կամ եվրոպամետ, մեր Եկեղեցին հայկական է, եղել է հայկական, կա հայկական եւ լինելու է հայկական: Այն մարդիկ, ովքեր այդ պարզ իրողությունը չեն կարողանում հասկանալ, հավանաբար, ունեն ուղեղի հետ կապված լուրջ խնդիրներ: Ծիծաղս գալիս է, երբ լսում եմ հարցը, թե ինչու կաթողիկոսը Ռուսաստանից շքանշանով պարգեւատրվեց: Եկեք նման հարցադրումներ անողների մակարդակին չհավասարվենք, ես չեմ ուզում իջնել նրանց մակարդակին:
– Սամվել Կարապետյանը, որ կալանավորվեց 2 ամսով, կրկին սերտ կապեր ունի Ռուսաստանի հետ: Իշխանությունները պնդում են, որ Կարապետյանը ցանկացել է իշխանությունը զավթել` ռուսական կողմի աջակցությամբ, ուստի նրան կալանավորեցին մեկ անմեղ արտահայտության պատճառով:
– Սամվել Կարապետյանին կալանքի տանելու մասին խոսելն ավելորդ է: Նա կալանավորվել է լրիվ անարդար պայմաններում, այն, ինչ ասել է Սամվել Կարապետյանը, ասում են բոլորը, բացառությամբ մի քանի իշխանական պատգամավորների: Ցանկացած ՀՀ քաղաքացի, հայ մարդ աջակցում է Հայ առաքելական եկեղեցուն: Իշխանություններին հաջողվեց ընդդիմադիր դաշտում միակարծություն ստեղծել, այսօր բոլոր ընդդիմադիր ուժերը միահամուռ պնդում են, որ այն, ինչ տեղի է ունեցել, մեծագույն անարդարության արդյունք է: Եկեղեցու հանդեպ այս սարսափելի ոտնձգությունները նույնպես համախմբում են թե՛ ընդդիմությանը, թե՛ հասարակությանը: Այդ առումով իշխանություններին միայն մնում է շնորհավորել: Նրանց մոտ ստացվեց կոնսոլիդացնել ընդդիմադիր զանգվածին:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում