Լրահոս
Օրվա լրահոսը

Թեհրանը Երեւանին ու Բաքվին դրդում է արագ գործել

Հուլիս 31,2025 12:00

Իրանի հոգեւոր առաջնորդի գլխավոր խորհրդականն այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցքի» շահառու է մատնանշում պանթուրքիստական շարժումներին

Թեհրանը բազմիցս ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ դեմ է տարածաշրջանում «երրորդ ուժերի ներկայությանը», ինչպես նաեւ Բաքվի պահանջած «Զանգեզուրի միջանցքին»: Իրանական կողմը շարունակում է այդ թեման թեժ պահել:

«Զանգեզուրի միջանցքի» նախագիծն ուղղակի սպառնալիք է Իրանի ազգային անվտանգությանը եւ տարածաշրջանային կապերին, օրերս հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին: Ըստ իրանական Tasnim լրատվական գործակալության՝ նա հավելել է. «Առաջարկվող «Զանգեզուրի միջանցքը» ԱՄՆ-ի եւ Իսրայելի ռեժիմի կողմից ղեկավարվող աշխարհաքաղաքական ծրագիր է՝ Իրանի ազգային անվտանգությունն ու ռազմավարական կապերը խաթարելու համար։ Այն նպատակ ունի խզել Իրանի ցամաքային կապերը Կովկասի հետ եւ ցամաքային շրջափակում սահմանել ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի վրա հարավից»։

Վելայաթին հավելել է, որ ԱՄՆ-ն եւ Իսրայելը ձգտում են թուլացնել իրանական ինքնության հիմքերը։ Նա պարզաբանել է, որ «Զանգեզուրի միջանցքի» նման ծրագրերը ծառայում են որպես քողարկում ավելի մեծ աշխարհաքաղաքական նախագծերի համար. «Այս նախագիծը միայն տարածաշրջանային տրանսպորտի մասին չէ. այն Ամերիկայի աշխարհաքաղաքական ճնշման շարունակությունն է»։

Իրանի հոգեւոր առաջնորդի գլխավոր խորհրդականը, որը շուրջ 16 տարի զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը, համոզված է՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» նախագծին աջակցում են ոչ միայն ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ը, նպատակ ունենալով Ուկրաինայից ճնշումը տեղափոխել Կովկաս, այլեւ «այդ նախագծին աջակցում են նաեւ որոշ պանթուրքիստական շարժումներ»:

Այպիսով, պաշտոնական Թեհրանը «Զանգեզուրի միջանցքի» շահառու է մատնանշում նաեւ պանթուրքիստական շարժումներին: Խոսելով Ադրբեջանի եւ Թուրքիայի առաջ քաշած «Զանգեզուրի միջանցք» նախագծի աշխարհաքաղաքական նպատակների մասին, Իրանի հոգեւոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Վելայաթին ընդգծում է՝ Թեհրանն ի սկզբանե հստակ ու վճռական կերպով ընդդիմացել է այս քայլերին եւ նույնիսկ «սահմանին ուժեր է տեղակայել եւ իրականացնում է կանխարգելիչ զորավարժություններ՝ ցույց տալու համար, որ Իրանի համար ազգային անվտանգությունը կարմիր գիծ է»:

Բաքվից արձագանքեցին Վելայաթիի այդ հայտարարություններին՝ իշխանամետ վերլուծաբանների շուրթերով հակադարձելով, թե «պանթուրքիզմի» մասին խոսելով Թեհրանը ի ցույց է դնում իր վախերը: Իսկ վախը, ըստ ադրբեջանցի վերլուծաբանների, պայմանավորված է նրանով, որ Իրանի այն շրջաններում, որտեղ ավելի քան 30 միլիոն թուրք-ադրբեջանցիներ են ապրում, ձեւավորվում է թուրքական պետության աշխարհիկ մոդելը: Ինչ վերաբերում է Թեհրանից հնչող զգուշացումներին՝ Ադրբեջանի հետ սահմանին պարբերաբար իրականացվող զորավարժությունների տեսքով, ապա Բաքվից հակադարձել են, թե Ադրբեջանի օդուժը վերահսկում է Իրանի հետ ամբողջ սահմանը՝ Արաքս գետով, Ջաբրայիլից մինչեւ Նախիջեւան: Ըստ ադրբեջանցի իշխանամետ վերլուծաբանների՝ Թեհրանը իրականում ճնշման որեւէ գործիք չունի՝ ցուցադրական հռետորաբանությունից բացի, եւ ռազմական այս սպառնալիքներն ընդամենը թատերական ներկայացում են:

Պաշտոնական Թեհրանի անհանգստությունն ակնհայտ է, նրանք ապացուցում են, որ ոչ մի կերպ մոռացության չեն մատնելու այդ թեման, չնայած այն հանգամանքին, որ շեշտում են հարեւանների հետ հարաբերությունները խորացնելու հրամայականը:

Նկատենք, որ վերջին օրերին Թեհրանը ակտիվ շփումներ է ունեցել հայկական կողմի հետ: Հուլիսի 17-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց էր ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ: Նրանք քննարկել էին Հայաստան-Իրան երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր: «Ընդգծել եմ ՀՀ դիրքորոշումը տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում՝ հիմնված տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ իրավազորության վրա։ Ա.Ա.Ահմադիանը վերահաստատել է ԻԻՀ դիրքորոշումն ապաշրջափակման հարցում եւ աջակցություն հայտնել ՀՀ դիրքորոշմանը: Քննարկել ենք նաեւ տարածաշրջանային վերջին զարգացումները, ինչի շրջանակներում երկուստեք կարեւորել ենք տարածաշրջանում անվտանգության եւ կայունության պահպանման հրամայականը», հայտնեց Արմեն Գրիգորյանը: Ավելի ուշ Թեհրանը մանրամասներ էր հայտնել Արմեն Գրիգորյան-Ալի Աքբար Ահմադիան հեռախոսազրույցից: Ըստ այդմ՝ իրացի պաշտոնյան վերահաստատել էր՝ «Իրանը դեմ է տարածաշրջանի աշխարհաքաղաքական լանդշաֆտի ցանկացած փոփոխությանը»:

Հուլիսի 18-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունեց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին: Ըստ կառավարության տարածած մամլո հաղորդագրության` նրանք քննարկել էին տարածաշրջանային վերջին զարգացումները, կարեւորել էին տարածաշրջանում երկարատեւ խաղաղության եւ կայունության հաստատման անհրաժեշտությունը, մտքեր էին փոխանակել տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարների շուրջ:

Իսկ հուլիսի 19-ին Սյունիքի ճանապարհի շուրջ ակտիվացած քննարկումների ֆոնին հեռախոսազրույց ունեցան Նիկոլ Փաշինյանն ու Մասուդ Փեզեշքիանը: Պաշտոնական Երեւանի փոխանցմամբ՝ նրանք քննարկել են երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգին վերաբերող հարցեր։ Վարչապետի գրասենյակից հայտնում էին, որ Փաշինյանը Իրանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:

Հիշեցնենք, որ Փաշինյանը վերջին ասուլիսում հաստատել էր, որ ապաշրջափակման քննարկվող հիմնական տարբերակը ամերիկյան առաջարկն է, բայցեւ հավելել էր, որ վերջնական համաձայնություն Սյունիքով անցնող ճանապարհի շուրջ, որն Ադրբեջանն անվանում է «Զանգեզուրի միջանցք», չկա: Պաշտոնական Երեւանի տարածած հաղորդագրությունում մանրամասներ չկային. պարզ չէր, թե արդյոք անդրադարձ եղել է ամերիկյան առաջարկին եւ ինչ տեսակետ է հայտնել Իրանի նախագահը: Պարզ չէր նաեւ, թե ում նախաձեռնությամբ էր կայացել հեռախոսազրույցը:

Այս հեռախոսազրույցից օրեր անց Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային կրկնեց «միջանցքի» հարցում Իրանի դիրքորոշումը: «Մեր դիրքորոշումը հստակ է, եւ մենք այն բազմիցս հայտարարել ենք։ Մենք աջակցում ենք տարածաշրջանի երկրների միջեւ հարաբերությունների ընդլայնմանը։ Միաժամանակ մենք միշտ ընդգծել ենք, որ այդ երթուղիների ստեղծումը ոչ մի կերպ չպետք է խաթարի որեւէ երկրի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանները կամ փոփոխություն առաջացնի տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունում»։

Իսկ հուլիսի 28-ին Իրանի ԱԳՆ խոսնակը կոչ արեց Հայաստանին եւ Ադրբեջանին արագացնել եւ ավարտել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը։ «Կան երկու կարեւոր հարցեր. առաջինը՝ խաղաղություն եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հակասությունների կարգավորում, որին մենք աջակցում ենք եւ կողմ ենք խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացի արագացմանը։ Մենք խրախուսում ենք երկու երկրներին շարունակել այս գործընթացը։ Ինչ վերաբերում է տարանցիկ ուղիներին՝ մենք միշտ աջակցել ենք հաղորդակցման ուղիների զարգացմանը՝ որպես տնտեսական զարգացման կարեւոր բաղադրիչ։ Մենք կողմ ենք այս գործընթացին, բայց մի բան հստակ նշել ենք՝ այդ զարգացումները չպետք է հանգեցնեն տարածաշրջանի աշխարհաքաղաքական կառուցվածքի փոփոխությանը։ Մեկ այլ կարեւոր հանգամանք է արտատարածաշրջանային խաղացողների ներգրավման հարցը, ինչը մենք նպաստավոր չենք համարում տարածաշրջանի զարգացման եւ անվտանգության համար։ Այս հարցի շուրջ ընդհանուր պատկերացում գոյություն ունի։ Որոշ տեղեկություններ՝ կապված այդպիսի կողմերի մասնակցության հետ, արդեն իսկ հերքվել են առնչվող դերակատարների կողմից»։

Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքի» գործարկման լուրերին՝ Բաղային նշել է, որ Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին արտաքին ուժերի մասնակցության մասին լուրերը հերքվել են տարածաշրջանի երկրների կողմից. «Նախ՝ այն, ինչ քննարկվում է, կապ չունի իրական գործընթացների հետ, քանի որ ներգրավված երկրները դա արդեն իսկ հերքել են, եւ դրանք ընդամենը լրատվամիջոցների հրապարակումներ են։ Բայց նույնիսկ անկախ այդ տեղեկություններից՝ երրորդ կողմերի միջամտությունը լիովին աննպաստ է տարածաշրջանի համար։ Մենք համոզված ենք, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն հենց տարածաշրջանի երկրների կողմից»։

Խոսելով արտաքին միջամտության մասին՝ Թեհրանը, ըստ ամենայնի, նկատի ունի ճանապարհների ապաշրջափակման ամերիկյան տարբերակը: Հիշեցնենք, որ իշխանական պատգամավոր Արման Եղոյանն էլ իր հերթին հայտարարել էր, որ հայկական կողմը մերժել է Սյունիքով անցող ճանապարհը վարձակալելու ամերիկյան առաջարկը: Սակայն պարզ չէ, թե մերժելով Սյունիքով անցնող ճանապարհի վարձակալության առաջարկը, արդյո՞ք Վաշինգտոնի հետ քննարկումները շարունակվում են այլ առաջարկների շուրջ:

Ինչեւէ, օրեր առաջ Լեռնային Ղարաբաղում կայացած մեդիաֆորումի շրջանակներում իրանական Mehr գործակալությանը տված հարցազրույցում Ալիեւը խոսել էր Ադրբեջանի եւ Իրանի միջեւ հարաբերությունների «շատ բարձր» մակարդակի մասին։ «Թեհրանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունները շարունակվում են շատ լավ մակարդակով, Իրանի հետ մեր հարաբերությունները հիանալի են, եւ այդ հարաբերությունները կշարունակվեն»։ Նա հիշեցրել էր, որ վերջերս Ստեփանակերտում ընդունել էին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին, որը նա «դրական իրադարձություն» էր անվանել։

Թեհրանն էլ հրապարակավ կարեւորում է Բաքվի հետ հարաբերությունների խորացումը: Օրերս Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդգծել է հարեւան երկրների, այդ թվում՝ Թուրքիայի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Աֆղանստանի, Պակիստանի եւ Պարսից ծոցի ափամերձ պետությունների հետ հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը։ Փեզեշքիանը ելույթ է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարարություն կատարած անսպասելի այցի ժամանակ: Իրանական IRNA լրատվականը մեջբերել էր Փեզեշքիանի խոսքերը, համաձայն որոնց նա նշել է, որ հարեւան երկրների հետ հարաբերությունների բարելավումը կարող է հանգեցնել մեծ նվաճումների։ Նա կոչ է արել դիվանագետներին՝ ավելի նախաձեռնողական մոտեցում ցուցաբերել իրենց ջանքերում։ Նախագահը նկատել է, որ Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին ընդգծել է՝ իրանցիները պետք է պատրաստ լինեն պաշտպանել իրենց երկիրը՝ միաժամանակ օրակարգում ներառելով դիվանագիտությունը՝ հավելելով, որ եթե այս ազգը ապրում է խաղաղության մեջ, դա շատ ավելի լավ է, քան պատերազմի մեջ ներգրավված լինելը։

Իրանի նախագահը նաեւ շեշտել է, որ Իսլամական Հանրապետությունը կընդլայնի իր հարաբերություններն այն երկրների հետ, որոնց հետ ունի համապատասխան փոխգործակցություն, մասնավորապես՝ BRICS-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության եւ Եվրասիական տնտեսական միության անդամների հետ։ Նա ընդգծել է, որ Իրանը կհամակարգի իր գործողություններն այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը եւ այլ գործընկերներ եւ կշարունակի գործընթացը եվրոպական եւ այլ երկրների հետ՝ հիմնվելով իմաստության, արժանապատվության եւ նպատակահարմարության վրա։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.07.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031