Լրահոս
Աշնան երկինքը
Օրվա լրահոսը

Արդյունքում նախատեսվում է ունենալ արտահանման աճ՝ մոտ 1.7 անգամ. կառավարությունը հաստատել է ՀՀ արտահանման խթանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագիրը

Հուլիս 31,2025 15:27

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: 

Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության արտահանման խթանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագիրը և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին որոշումը: Ինչպես նշել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որոշումն  ունենալու է առանցքային նշանակություն երկրի տնտեսական զարգացման երկարաժամկետ տեսլականի իրագործման համար: Ըստ նախարարի՝  ռազմավարությամբ  քայլեր է ձեռնարկվում  կայուն աճ ապահովող արտահանման կառուցվածք ձևավորելու համար, որն հիմնված կլինի բարձր ավելացված արժեքի, տեխնոլոգիական առաջընթացի, որակի և ապրանքների և ծառայությունների մրցունակության բարձրացման վրա:

Գևորգ Պապոյանը նշել է, որ վերջին տարիներին արձանագրվել է արտահանման զգալի աճ, որը, սակայն, հիմնականում պայմանավորված է արտաքին, հաճախ նաև ժամանակավոր գործոններով և չի արտացոլում մեր տնտեսության արտահանման ամբողջական ներուժը: Միաժամանակ, արտահանման շուկաների կենտրոնացվածության բարձր աստիճանը շարունակում է մնալ էական մարտահրավեր մեր տնտեսության համար՝ սահմանափակելով մեր հնարավորությունները համաշխարհային շուկաներում դիրքավորվելու առումով: «Ռազմավարությունը պատասխանում է նաև այդ հիմնախնդիրներին, որոնց բախվում են մեր տեղական արտադրողները արտահանման շղթայի տարբեր փուլերում՝ սկսած շուկայի հասանելիությունից մինչև որակի ենթակառուցվածքների հաճախ ոչ բավարար կամ անբավարար լինելը: Մեր նպատակն է ձևավորել քաղաքականություն, որը կստեղծի կանխատեսելի և աջակցող միջավայր արտահանման գործընթացների անխոչընդոտ և մեծ ծավալներով կազմակերպման համար»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ ռազմավարության հիմքում ընկած է համապարփակ վերլուծական աշխատանք:

Ռազմավարությունը բաղկացած է 5 ռազմավարական հենասյուներից և դրանց իրականացմանն ուղղված 50-ից ավելի միջոցառումներից: Ռազմավարական նպատակներ են՝ արտահանմանը նպաստող և մրցունակ միջավայրի ապահովում, ենթակառուցվածքների զարգացում և լոգիստիկ հասանելիության ապահովում, արտահանողների և նրանց կարողությունների զարգացում, արտահանման շուկաների ընդլայնում, արտահանման խթանում և ֆինանսավորում: Ռազմավարական նպատակներն ապահովող միջոցառումներն իրենց հերթին բաժանվում են երկու խմբի՝ ընդհանուր և ապրանքային միտվածության: Ըստ Գևորգ Պապոյանի՝ ընդհանուր միջոցառումները վերաբերում են բոլոր ապրանք և ծառայություններ արտահանողներին, իսկ ապրանքային միտվածության միջոցառումները՝ համապարփակ և բազմաշերտ հետազոտության արդյունքում ընտրված ուղենշային 25 ապրանքային խմբերի արտահանմանը:

Նախարարի խոսքով՝ ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ունենալ տեղական արտահանման աճ մոտ 1.7 անգամ. թվային, դոլարային արտահայտմամբ՝ 16.9 մլրդ ամերիկյան դոլար, որտեղ ծառայությունների արտահանումը կանխատեսվում է հասցնել 10.3-ի, իսկ ապրանքների և տեղական արտահանումը՝ տարեկան 6.6 միլիարդի: Ծրագրի իրականացման համար նախատեսվում է ծախսել շուրջ 98 մլրդ ՀՀ դրամ կամ այսօրվա փոխարժեքով՝ ավելի քան 250 մլն ԱՄՆ դոլար: «Համոզված ենք, որ ռազմավարության իրականացումն էապես կխթանի արտահանման կայուն զարգացումը, կնպաստի տնտեսության արտադրողականության բարձրացմանը, կստեղծի նոր աշխատատեղեր, կդարձնի ՀՀ-ն ավելի հուսալի և մրցունակ գործընկեր միջազգային շուկաներում»,- ասել է Էկոնոմիկայի նախարարը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է ընդունված որոշումը և այդ համատեքստում ընդգծել գործարար համայնքի հետ համագործակցության անհրաժեշտությունը՝ ռազմավարությամբ  սահմանված թիրախներին հասնելու համար:

Համաձայնագիրը կնպաստի ԵԱՏՄ-ի, այդ թվում՝ ՀՀ-ի մաքսային տարանցման պոտենցիալի մեծացմանը

Գործադիրը հավանություն է տվել 2024 թ. դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Համաձայնագիրը սահմանում է միության և երրորդ կողմի միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեության հիմնական սկզբունքները՝ տարանցման միասնական էլեկտրոնային հայտարարագրի կիրառում, մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության կատարման ընդհանուր ապահովման կիրառում և այլն:

Ինչպես նշել է  ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, փաստաթղթով հնարավորություն է ընձեռվում, որպեսզի երրորդ երկրներն այդ համակարգին միանան: Համաձայնագիրը կիրառվելու է, երբ ապրանքները տարանցիկ փոխադրվեն ԵԱՏՄ և համակարգի կողմ հանդիսացող երկրների տարածքով: «Ընդ որում՝ ներկայումս՝ տարանցիկ փոխադրման ժամանակ, յուրաքանչյուր կողմի տարածքում ներկայացվում է տարանցման մաքսային հայտարարագիր՝ սահմանված ձևաչափով, այսինքն՝ ԵԱՏՄ ձևաչափով և համապատասխան երկրի ձևաչափով: Այս միասնական տարանցման համակարգը թույլ է տալու մաքսային տարանցման հայտարարագիրը ներկայացնել 1 անգամ: Այսինքն՝ արտաքին առևտրով զբաղվող սուբյեկտները մեկ անգամ են հանդիպելու այդ գործընթացին, և դա ճանաչվելու է ԵԱՏՄ-ի և համապատասխան երկրների միջև»,- ասել է ՊԵԿ նախագահը:

ԵԱՏՄ-ի և երրորդ երկրների միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեությունը հիմնվելու է 5 հիմնական կարգավորումների վրա, որոնք միտված են առևտրի դյուրինացմանը և արտաքին առևտրով զբաղվող սուբյեկտների գործունեության հեշտացմանը:

Էդուարդ Հակոբյանի խոսքով՝  առանցքային մաքսային ընթացակարգերը ևս տեղի կունենան մեկ անգամ փոխճանաչվելու միջոցով, որը կդյուրինացնի արտաքին առևտրով զբաղվող սուբյեկտների գործունեությունը և մաքսային մարմինների հետ առնչություն ունենալու ժամանակահատվածը:  Այս համակարգին երրորդ երկրների միացումը հնարավոր է, եթե երրորդ երկիրն ընդունի ԵԱՏՄ ամբողջ օրենսդրության կամ իրավական ակտերի պահանջները: «Սրանով մեծանում է միության տարանցման պոտենցիալը և միության անդամների, այդ թվում՝ ՀՀ-ի տարանցման պոտենցիալը: Բայց տարանցման պոտենցիալը ՀՀ-ի դեպքում կարող է մեծանալ, եթե հարևան երկրները, տվյալ դեպքում՝ Իրանը, միանան այս համակարգին. դա հնարավորություն կտա մաքսային ընթացակարգերը միասնականացնել, և մեկ անգամ Իրանում տարանցման հայտարարագիր բացելու դեպքում դա կճանաչվի ԵԱՏՄ համակարգում: Միաժամանակ նախնական տեղեկատվություն կստացվի մեզ մոտ, և փոխադրողներն այլևս երկու անգամ նույն պրոցեսներով անցնելու կարիք չեն ունենա, և սրանով առևտրի դյուրինացում կլինի ինչպես ԵԱՏՄ ամբողջ մասշտաբով արտաքին առևտրով զբաղվողների, այդպես էլ ՀՀ արտաքին առևտրով զբաղվողների համար»,– ասել է ՊԵԿ նախագահը:

Կհստակեցվեն ոստիկանության և փրկարարական ծառայողների համար կարգապահական տույժերը և խրախուսանքները 

Կառավարության հավանությանն է արժանացել «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի և հարակից օրենքների նախագծերը:

Նախագծերի փաթեթի ընդունմամբ ոստիկանության և փրկարարական ծառայողների համար կհստակեցվեն կարգապահական տույժերը և խրախուսանքները, որոնք սահմանված են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով, ոստիկանության ծառայողների և փրկարարական ծառայողների մասով ծառայողական քննությունների անցկացման հարաբերությունները կկարգավորվեն «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքով։ Բացի այդ, նախագծերի փաթեթի ընդունմամբ Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում կընդլայնվի ղեկավար անձանց շրջանակը, ովքեր կկիրառեն համապատասխան խրախուսանքի և կարգապահական տույժի տեսակներ։ Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կապահովվի նաև նախարարության ոստիկանության կազմում գործող, սակայն իր բնույթով ոչ ոստիկանական գործառույթ իրականացնող Ինֆորմացիոն կենտրոնի տեղափոխումը նախարարություն։ Օրինագծերի  փաթեթով առաջարկվում է, մասնավորապես՝ ոստիկանության ծառայողների և փրկարարական ծառայողների համար հստակեցնել կարգապահական տույժերը և խրախուսանքները ու ապահովել միասնական մոտեցում՝ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի դրույթները տարածելով նշված ծառայությունների վրա, իսկ ոլորտային օրենքներով սահմանել միայն այդ ծառայություններին բնորոշ կարգավորումները։ Նախատեսվում է ոստիկանության ծառայողների և փրկարարական ծառայողների հիմնական իրավունքների, պարտականությունների և նրանց նկատմամբ կիրառվող սահմանափակումների շրջանակի կապակցությամբ ապահովել միասնական մոտեցում՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի դրույթները տարածելով նշված ծառայությունների վրա և «Ոստիկանությունում ծառայության մասին» ու «Փրկարար ծառայության մասին» օրենքներում սահմանել միայն այդ ծառայություններին բնորոշ՝ ծառայողների իրավունքները, պարտականությունները և նրանց նկատմամբ կիրառվող սահմանափակումները: Առաջարկվում է ամրագրել ոստիկանության ծառայողների և փրկարարական ծառայողների բարեվարքության համակարգը, յուրաքանչյուր ծառայության համար ստեղծել առանձին էթիկայի հանձնաժողովներ և սահմանել համապատասխան ծառայողների բարեվարքության խախտումների քննության առանձնահատկությունները: Նախագծով առաջարկվում է նաև ոստիկանության ծառայողների և փրկարարական ծառայողների նկատմամբ իրականացվող ծառայողական քննությունների անցկացման համար ամրագրել միասնական մոտեցում և այդ գործընթացի ընթացակարգային հարաբերությունները կարգավորել «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքով: Միջազգային լավագույն փորձի հաշվառմամբ՝ Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում նախատեսվում է ընդլայնել ղեկավար անձանց շրջանակը, ովքեր կկիրառեն համապատասխան խրախուսանքի և կարգապահական տույժի տեսակներ: Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայության գրավչությունը բարձրացնելու նպատակով նախատեսվել են կարգավորումներ, որոնց համաձայն՝ ատեստավորման արդյունքներով տրվող հավելավճարին զուգահեռ ոստիկանության և փրկարարական ծառայողները կստանան օրենքով նախատեսված լրավճար և հավելումներ:

 Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում խոզաբուծարան կհիմնվի

Կառավարությունն ընդունել է ««Իջևանյան բեկոն» ՍՊԸ-ի ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մայիսյան գյուղում խոզաբուծարանի հիմնման ներդրումային ծրագրին հավանություն տալու, ծրագրի իրականացման նպատակով առանց մրցույթի հողամաս վարձակալության իրավունքով տրամադրելուն և հողամասեր ուղղակի վաճառքի ձևով օտարելուն համաձայնություն տալու, ուղղակի վաճառքի ձևով օտարման պայմանագրի հիմնական պայմանները սահմանելու մասին» որոշում:  Ներդրումային ծրագրով ընկերությունը նախատեսում է 110 կգ կենդանի քաշով ապրանքային խոզերի արտադրություն: Ներդրումային ծրագրի ամբողջ ծավալը կազմում է 2 091 192 203 դրամ: Ըստ հիմնավորման՝ Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող վերոնշյալ հողամասերն այս պահին վերածվել են աղբանոցի և ներդրումային ծրագրի իրականացումը կխթանի համայնք-մասնավոր հատված համագործակցությունը, կվերացնի ստեղծված աղբանոցը և գործունեության արդյունքում առաջացած գոմաղբը կօգտագործվի հողերի բարելավման նպատակով։ Ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում համայնքում կստեղծվի շուրջ 49 նոր աշխատատեղ։

 

Կառավարության մեկ այլ որոշմամբ  «Յունիվերսալ Քլոզրս» ՓԲԸ-ն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող սարքավորումները նախատեսում է օգտագործել ալյումինե կափարիչների արտադրության համար՝ իրականացնելով ընդհանուր շուրջ 2 մլրդ դրամի ներդրում, որից 1.4 մլրդ դրամը սարքավորումների (ներառում է նաև ներմուծվող ապրանքների արժեքը) 373 մլն դրամը արտադրական նոր մասնաշենքի վերակառուցման, 158.4 մլն դրամը հումքի ձեռքբերման և 61.7 մլն դրամը պահեստամասերի, գործիքների և ծախսանյութերի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 33 աշխատատեղ 414 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2026 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թվաքանակը հասցնել մինչև 40-ի՝ 468 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 269.6 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 18 մլն դրամ։

Գործադիր որոշմամբ «Միտռատեքս» ՍՊԸ-ն կներառվի «Էկոս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ատրավմատիկ ասեղների և ատրավմատիկ վիրաբուժական կարի նյութի արտադրություն իրականացնելու համար։

Համալրվել է «Մինչև 2026 թ. կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզներ և նախակրթարաններ»-ի ծրագրում  ընդգրկված մանկապարտեզների և նախակրթարանների ցանկը 

Կառավարությունը համալրել է «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզներ և նախակրթարաններ»-ի ծրագրում  ընդգրկված մանկապարտեզների և նախակրթարանների ցանկը: Որոշմամբ   առաջարկվում է գործող կարգում լրացումներ կատարել 400-րդ կետից հետո լրացնել նոր 401-490 կետերով: Ըստ հիմնավորման՝ արդյունքում հստակեցվում է ցանկում ընդգրկված նախադպրոցական ուսումնական հաստատություններում շինարարական միջամտության անհրաժեշտությունը՝ հիմնվելով իրականացվող պարբերական ուսումնասիրությունների վրա: Ինչպես նաև ցանկը համալրվում է նոր հաստատություններով՝ նպաստելով նախադպրոցական ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրի արդյունավետության բարձրացմանը: Արդյունքում՝ բնակավայրերը կունենան ժամանակակից շենքային պայմաններ` ապահովված համապատասխան ենթակառուցվածքներով և գույքով, կբարելավվեն շենքերի և կոմունալ ենթակառուցվածքների ֆիզիկական վիճակը, կբարեկարգվեն բակային տարածքները:

Մեղրիում գտնվող պետական գույքը կօտարվի դասական աճուրդով

Կառավարությունն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշում, որով առաջարկվում է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող՝  Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Մ. Օհանջանյան փողոց 4/1 հասցեում գտնվող՝ շուկայական արժեքին մոտարկված 68 927 673 ՀՀ դրամ կադաստրային արժեքով գույքն օտարել դասական աճուրդով: Որոշմամբ՝ գնորդը պարտավորվում է վճարել նաև գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը՝ 526 464 ՀՀ դրամը:

Կառավարությունը շարունակում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրումը

Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:  Ըստ այդմ՝ զինծառայողի ընտանիքին ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցությունը՝ 300.000 դրամն առաջարկվում է  տրամադրել  մինչև 2025 թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ: Հիմնավորման համաձայն՝ հուլիսի 26-ի դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեն  21 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքներ:

Կառավարությունը գումար է հատկացրել Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աստվածաբանական և ձեռագրագիտական բացառիկ արժեք հանդիսացող ձեռագիրը գնելու և Մատենադարան տեղափոխելու համար

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 93,000 հազար դրամ կհատկացվի ԿԳՄՍ նախարարությանը՝ Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աստվածաբանական և ձեռագրագիտական բացառիկ արժեք հանդիսացող ձեռագիրը գնելու և Մատենադարան տեղափոխելու համար: Ըստ հիմնավորման՝ Մատենադարանը նախաձեռնել է քննական բնագրի կազմության աշխատանքները, և սույն մատյանը էապես նպաստելու է նաև գիտական հետազոտության լիարժեքությանը և ժամանակակից էկումենիկ երկխոսության ընթացքում հայ եկեղեցու ամուր դիրքավորմանը: Ձեռագիրը նաև կդառնա տարաբնույթ ուսումնասիրությունների կարևոր աղբյուր, քանի որ այս ժամանակաշրջանից պահպանված հայերեն ձեռագրերի քանակը սակավաթիվ է, և յուրաքանչյուր ձեռագրական միավոր բացառիկ նշանակություն ունի: Հիմնավորման համաձայն՝ ամիսներ առաջ INLIBRIS Gilhofer Nfg ավստրիական հին և հազվագյուտ գրքերի ու ձեռագրերի մասնագիտացված ընկերությունը աճուրդի էր ներկայացրել բացառիկ աստվածաբանական և ձեռագրագիտական արժեք՝ 12-րդ դարի մեծագույն գործիչ Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աշխատությունը (ձեռագիրը թվագրվում է 13-րդ դարով): Բանակցությունները ձեռագրի արժեքի շուրջ տևել են ամիսներ: Արդյունքում՝ արժեքը նվազեցվել է՝ հասնելով 200,000 եվրոյի, որը ՀՀ դրամով կազմում է շուրջ 93,000 հազար դրամ: Այն պայմանավորված է նաև սեփականատերերի՝ ձեռագիրը Մատենադարանին հանձնելու մեծ ցանկությամբ:

Օրենսդրական  նախաձեռնություններ 

Գործադիրը հավանություն է տվել «Պետական տուրքի և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» օրենքի նախագծին: Օրինագծի  ընդունումը և հետևաբար՝ ոլորտում գործունեություն ծավալող ֆիզիկական անձանց 2015-2019թթ․ պետական տուրքի պարտավորությունների համար գոյացած ապառքի համաներումը նպատակ է հետապնդում խրախուսել անհատապես ուղևորափոխադրումների ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց՝ օրենքի շրջանակում ծառայություններ մատուցելու, մասնավորապես՝ պետական տուրքի պարտավորությունները կատարելու և  2024 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտած՝  մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման ոլորտում օրենսդրական նախաձեռնությունների վերջնական արդյունքներին հասնելու ռիսկերը չեզոքացնելու և ավարտին հասցնել համար: Ըստ հիմնավորման՝ թեթև մարդատար ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների ծառայությունների մատուցման շուկան ավելի քան 90 տոկոսով կենտրոնացած է ուղևորափոխադրումների պատվերներ ընդունող և փոխանցող էլեկտրոնային հարթակներում։ Հարթակներից դուրս ուղևորափոխադրումների ծառայությունների մատուցման պատվերների բացակայության հետևանքով ֆիզիկական անձինք սույն ծառայությունը մատուցում են հարթակներում գրանցվելու միջոցով, հետևաբար՝ անխուսափելիորեն կատարելով պետական տուրքի վճարման պարտականությունները, որը մինչև 2026 թվականի հունվարի 1-ը աճման միտումով կազմելու է  յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի մինչև 5 տոկոսը։

Կառավարությունը հավանություն է տվել «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագծին: Օրինագծով  առաջարկվում է ՀՀ պետական այլ մարմիններում կոչումով ծառայության ստաժը հաշվարկել Պրոբացիայի ծառայությունում հերթական կոչում շնորհելու համար ծառայության ստաժը հաշվարկելիս, ինչպես նաև Պրոբացիայի ծառայողների, որպես խրախուսանք հնարավորություն ընձեռնել շնորհելու զբաղեցրած պաշտոնի համապատասխան կոչումից 1 աստիճանով ավելի բարձր կոչում, բացառությամբ` արդարադատության գնդապետի կոչումից բարձր կոչումների։ Օրենքի նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռվի Պրոբացիայի ծառայությունում աշխատանքի ներգրավել առավել փորձառու և բանիմաց մասնագետների, ինչպես նաև կանխել ծառայողների արտահոսքն այլ ծառայություններ, որտեղ կոչումով ծառայության ստաժը հաշվարկվում է։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031