Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի՛ հավատացեք, թե ԱՄՆ-ը, հատկապես՝ Դոնալդ Թրամփի օրոք, ինչ-որ կերպ ձեզ կփրկի ձեր հարևաններից. նրանք ձեզ կմտցնեն լուրջ խնդիրների մեջ». Ջեֆրի Սաքս

Օգոստոս 11,2025 18:30

«168.am». Ամերիկացի տնտեսագետ, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Սաքսի կարծիքով՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից Հարավային Կովկասում իրականացվող գործողություններն ապակայունացնող են:

«Ես ոչ մի համակրանք չունեմ Եվրոպայի և ԱՄՆ-ի գործողությունների հանդեպ, որովհետև սա տարածաշրջան է, որը գտնվում է մի շարք հզոր պետությունների միջև՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Ծոցի երկրների, և այստեղ պետք է զգուշավորություն ցուցաբերել։ Սա Եվրոպա չէ․ աշխարհագրորեն սա Ասիա է, և Եվրոպան պետք է հեռանա այստեղից։

Խոսքն այն մասին չէ, որ Հարավային Կովկասը պետք է վատ հարաբերություններ ունենա Եվրոպայի կամ այլոց հետ, այլ այն, որ այս երեք խոցելի երկրների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) ներքին քաղաքականության մեջ միջամտելը, այն էլ՝ նման բարդ տարածաշրջանում, պետք է արվի ամենախորը հարգանքով և զգուշությամբ, որպեսզի դրանք չդառնան հաջորդ Ուկրաինան։ Ուկրաինան այրվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի հիմարության պատճառով, և նրանք փորձում են նույնն անել Հարավային Կովկասում։ Ի՞նչ գործ ունի Ադրբեջանը Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ՝ աջակցելով Իսրայելին և նրա հարձակումներին Իրանի դեմ։ Կատակ ե՞ք անում։ Սա անհավատալի է։ Եվ սա հենց Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ, Central Intelligence Agency, CIA,- հեղ.) աշխատանքն է՝ այդ «հանճարները», որոնք պատրաստ են ապակայունացնել այս տարածաշրջանը և ստեղծել հսկայական ճգնաժամ»,- Neutrality Studies-ի հետ զրույցում ասել է նա:

Հարցին՝ իսկ իր կարծիքով՝ նույնիսկ Ադրբեջանում այս ամենը ԿՀՎ-ի ձեռքի գո՞րծն է, որպեսզի օգտագործի երկիրն Իրանի դեմ, թե՞ դա տեղային՝ երկրի ներսում ծնված քաղաքականություն է, Ջեֆրի Սաքսը պատասխանեց.

«Ցանկացած տեղային նախաձեռնություն կսկսեր այսպես․ մենք գտնվում ենք Հարավային Կովկասում, մենք մի շարք ուժերի միջև ենք, ավելի լավ է միասին մնանք, որովհետև մեր տնտեսական և անվտանգության ապագան դրանում է։ Մենք չպետք է թշնամանանք մեր հարևանների հետ, այլ պետք է գտնենք ուղի՝ դառնալու իսկական «Միջին միջանցք», որը կապում է Ասիան և Եվրոպան, և «Հյուսիս-Հարավ միջանցք», որը կապում է Ռուսաստանը և Մերձավոր Արևելքը։ Եվ պետք է հեռու մնանք մեծ տերությունների քաղաքականությունից, որպեսզի չմտնենք Իսրայելի պատերազմների մեջ։ Ամոթ Իսրայելին։ Բայց, իհարկե, Իսրայելն ինքնուրույն չէր կարող անել սա․ սա «Մոսադն» է, ԿՀՎ–ն և Եվրոպան, որոնք խաղում են այս խաղը՝ այս ծայրահեղ պայթյունավտանգ տարածաշրջանում»:

Պրոֆեսոր Սաքսը սկեպտիկորեն է վերաբերվում Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին, որոնք, ըստ  նրա՝ խաղեր են խաղում.

«Կամ գուցե նույնիսկ սա էլ ճիշտ ձևակերպում չէ, որովհետև նրանք օգտագործվում են ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից՝ աշխարհաքաղաքական տարբեր նպատակների համար, որոնք ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ Հայաստանի շահերին չեն համապատասխանում։ Սա ԿՀՎ-ի երկարամյա գործելակերպն է՝ միջամտել Ռուսաստանի սահմանային տարածքներում, և հիմա՝ նաև Իրանի սահմանների շուրջ։ Եվ դա է հիմա տեղի ունենում։

Դա չափազանց վտանգավոր է։ Արևմուտքը, այսպես կոչված, գալիս է և հեքիաթներ է պատմում նման երկրներին, ինչպես արեց Ուկրաինայի դեպքում։ Եթե ավելի ճշգրիտ ասեմ՝ այն տապալեց Ուկրաինայի կառավարությանը, որպեսզի 2014թ․ փետրվարին իշխանության բերված իր իսկ վարչակարգին հեքիաթներ պատմի։ Բայց բանն այդ չէ․ Արևմուտքը գալիս է ու հեքիաթ է պատմում՝ «մենք ձեզ կփրկենք»։ Իսկ ես Հարավային Կովկասի իմ ընկերներին ասում եմ՝ նայեք քարտեզին. ԱՄՆ-ը բոլորովին էլ չի հետաքրքրվում Հարավային Կովկասով, այլ խաղեր է խաղում։

Զգուշացե՛ք։ Բրյուսելը, որը լիովին կոմպետենտ չէ և ի վիճակի չէ որևէ օգտակար բան անել… Ցավով եմ ասում, որովհետև ժամանակին ես ԵՄ-ի մեծ կողմնակից էի, բայց Եվրոպական միությունը Հարավային Կովկասին չի պատկանում, որը նույնիսկ Եվրոպա չէ: Մեծ Կովկասյան լեռների գլխավոր լեռնաշղթան է Եվրոպայի և Ասիայի սահմանագիծը։ Ուստի, զգո՛ւյշ եղեք, որ ձեզ չօգտագործեն։ Ուշադրություն դարձրեք ձեր  հարևաններին։ Ձեր հարևաններն են՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Սաուդյան Արաբիա և այլք։ Ահա թե ինչը պետք է կարևոր լինի ձեզ համար։

Մի՛ հավատացեք, թե ԱՄՆ-ը, հատկապես՝ Դոնալդ Թրամփի օրոք, ինչ-որ կերպ ձեզ կփրկի ձեր հարևաններից։ Նրանք ձեզ կմտցնեն լուրջ խնդիրների մեջ։ Բրյուսելի այս կարողությունը զարմանալի է։ Բայց կարելի է ասել, որ Բրյուսելն ԱՄՆ-ի վասալի դերն է խաղում։ Բրյուսելն իրականում չի ներկայացնում Եվրոպան կամ առնվազն՝ եվրոպական շահերը, այն ներկայացնում է ԱՄՆ-ի շահերը։ Ահա թե ինչու և՛ ՆԱՏՕ-ն, և՛ Եվրահանձնաժողովը տեղակայված են նույն վայրում։ Նրանք խաղեր են խաղում։ Հարավային Կովկասը տասնամյակներ շարունակ եղել է նման խաղերի հարթակ»:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031