«Արթուն ենք» շարժման գործիչ Էդգար Ղազարյանը ԱԺ հանձնաժողովների հետ քաղաքացիների ընդունելության շրջանակներում նախապես հերթագրվել էր Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հայտարարած այսօրվա հանդիպմանը, սակայն հանձնաժողովի ներկայացուցիչը հրաժարվել է ընդունել եւ լսել նրան:
Այս առիթով պարոն Ղազարյանը Aravot.am-ին պատմեց. «Ընդունելությունը պետք է սկսվեր ժամը 11:00-ին: Սակայն մինչեւ իմ գնալը մոտավորապես ժամը 10:15-ի շրջանում ինձ զանգահարեց ԱԺ պատասխանատու աշխատակիցը եւ հայտնեց, որ ընդունելությունն անցկացնելու է հանձնաժողովի անդամ Կարեն Սարուխանյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, որն, ի դեպ, այդ կուսակցության Շիրակի մարզային կազմակերպության խորհրդի նախագահն է, այն հայտնի Կարեն Սարուխանյանը, որին ըստ մամուլի հրապարակումների՝ Նիկոլ Փաշինյանը մինչեւ ընտրություններում թեկնածու առաջադրելը, ուղարկել էր լաբորատոր հետազոտության եւ նրա մազի միջից հայտնաբերվել էր թմրանյութի պարունակություն: Իսկ դրանից առաջ նա սկանդալային միջադեպի հերոս էր դարձել Գյումրի քաղաքում, որտեղ ձերբակալվել էր նրա քեռորդին: Այսինքն, խոսքը, թերեւս, միայն դրանով հանրությանը հայտնի պատգամավորի մասին է: Եվ նա հրաժարվեց ինձ ընդունելուց:
Այնուամենայնիվ, ես ժամը 11:00-ին գնացի ԱԺ ընդունարան ականատես լինելու՝ կա՞ն, արդյոք, ուրիշ քաղաքացիներ: Կային: Եվ ընդունելությունն ընթանում էր: Ես միեւնույն է, գնում եմ, որպեսզի այնպես չստացվի, որ պատճառաբանեն, թե զանգել էինք, բայց եթե գայիր, կընդունեինք: Ինձ այդպես էլ չհրավիրեցին:
Ես նախապես խնդրել էի նաեւ, որ եթե հնարավորություն լինի՝ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից պատգամավորներ գային, որպեսզի ինձ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերեն ընդունելությունը կայանալու հարցում: Ցավոք, ընդունարանում ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ նույնպես չկային: Այսինքն, ես այդ առումով կրկին մենակ մնացի խնդիրների հետ, չնայած, մեկ օր առաջ ԱԺ-ում Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ ընդունելությունը կայացել է:
Կարդացեք նաև
Ես դիմել եմ պարոն Աբրահամյանին, որպեսզի նա իմ խնդրանքը փոխանցի նաեւ հանձնաժողովի անդամներին: Այսինքն, անվստահության, իմպիչմենտի հարցը, ինչպես նաեւ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի հաշվետվության հետ կապված խնդիրները դարձնի հանձնաժողովի հաջորդ նիստի օրակարգային հարց: Խնդրել եմ նաեւ, որ հնարավորության դեպքում ինձ նույնպես հրավիրեն հանձնաժողովի այդ նիստին: Եվ պարոն Աբրահամյանը խոստացել է, որ իմ խնդրանքը կփոխանցի հանձնաժողովին»:
Էդգար Ղազարյանը եկել է այն համոզման, որ եթե գալիս են ոչ ՔՊ-ական պատգամավորներ, իր ընդունելությունը կայանում է: Եթե ՔՊ-ից է, կապ չունի՝ ԱԺ փոխնախագահ է, հանձնաժողովի նախագահ կամ հանձնաժողովի սովորական անդամ, ընդունելությունը չի կայանում: «Այսինքն, վստահ կարող ենք պնդել, որ իրենք ունեն խմբակցությունով միասնական դիրքորոշում: Դա խտրականություն է, քրեական օրենսգրքով նկարագրված հանցագործություն. խտրականության ցուցաբերում՝ պայմանավորված տարբեր հանգամանքներով, այդ թվում՝ քաղաքական հայացքով, աշխարհայացքով: Իսկ որ սա քաղաքական հայացքներով պայմանավորված խտրականություն է, ակնհայտ է: Իրենք էլ են խոստովանել:
Ես Հայաստանի ՄԻՊ գրասենյակ էլ էի դիմել: ԱԺ աշխատակազմը մի գրություն է գրել ՄԻՊ-ին այդ թեմայով, որում ասում են, որ, օրինակ, Ռուբեն Ռուբինյանը, Հակոբ Արշակյանը չեն ընդունել որպես քաղաքական գործիչ: Այսինքն, ընդգծում են, որ ընդունելության չարժանացնելու պատճառը իմ քաղաքական հայացքներն են:
Ես բոլոր դեպքերով արդեն 24 դիմում ներկայացրել եմ դատախազություն: Այնտեղ վարույթներ չեն նախաձեռնել: Բողոքարկում եմ դատարանների բոլոր ատյաններ: Հիմա վերաքննիչում էլ կան գործեր: Եվ հուրախություն ինձ, երկու օր առաջ առաջին ատյանից մի հուսադրող որոշում եմ ստացել. դատարանը բավարարել է իմ միջնորդությունը եւ Քննչական կոմիտեին պարտավորեցրել է վարույթ նախաձեռնել: Խոսքը Ռուբեն Ռուբինյանի՝ ընդունելության չարժանացնելու փաստերից մեկի մասին է»,-տեղեկացրեց հասարակական-քաղաքական գործիչը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ