ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում այսօր գրել է. «1․ ՔՌ–ի եւ ՍՍ–ի վերջին օրերի հայտարարությունները վերահաստատում են այն, որ Ղարաբաղի հարցը հայտնի ուժերի ձեռքին եղել է թոկ Հայաստանի Հանրապետությունը «մոտակա ծառից» կապելու համար։ Ժողովուրդների իրավունքները, պատմական արդարությունը եւ նման եզրույթները եղել են ընդամենը հիմնական նպատակը ծխածածկելու համար։
2․ Բանակցային բոլոր գործընթացներն ու առաջարկները եղել են թոկը կարճացնելու մասին (короткий поводок): Մինչեւ տարվա վերջ բանակցային թղթերը կհրապարակվեն եւ դա ավելի տեսանելի կդառնա։
3.«Պատերազմը կանգնեցնելու» բոլոր առաջարկները եղել են թոկը կարճացնելու մասին (այս թեմային բազմիցս հրապարակային անդրադարձել եմ)։
4․ Թոկը կարճացնելու այս պրոցեսի վերջնանպատակը եղել է Հայաստանի պետականությանը վերջ դնելը։
Կարդացեք նաև
5․ Այդ սցենարում Ղարաբաղի կոնֆլիկտը պետք է ավարտվեր միայն ու միայն Հայաստանի պետականության կորստով։
6․ Հայաստանի Հանրապետությունը մեր նահատակների կյանքի գնով, Հայաստանի Հանրապետության եւ Ղարաբաղի մեր ժողովրդի պատմական ինտուիցիայի շնորհիվ կարողացել է դուրս գալ այդ սցենարից։
7․ ՔՌ–ն եւ ՍՍ–ն առաջարկում են վերադառնալ այդ սցենարին, որն ի սկզբանե գրվել եւ իրագործվել է «Լենին, պարտիա, Գորբաչով» կարգախոսի եւ մեծ հավանականությամբ ՊԱԿ (КГБ) հովանու ներքո։
8.Ու քանի որ ակնհայտորեն սրանց հնարավորությունները զրոյական են, փորձ է արվում ձեւավորել «երիտլենինպարտիագորբաչովականների կոհորտա» հին КГБ–ականների հովանու ներքո։
9․ Սպասվող արդյունքը՝ 0+0=0:
Հ․Գ․ Ղարաբաղի մեր ժողովուրդը Կառավարության աջակցությամբ պետք է տնավորվի Հայաստանի Հանրապետությունում։ Ճիշտ է, սա ծավալուն, բարդ եւ մեծ ռեսուրսներ պահանջող ծրագիր է, բայց այն մենք շարունակելու ենք իրագործել»:
«Ալիևին ինչի չես պատասխանում նույն եռանդով»,- արձագանքել է օգտատերերից մեկը:
Մեկ այլ օգտատեր գրել է. «Ստացվում է, որ եթե պատերազմ չլիներ, ու մենք պարտվեինք էդ պատերազմում, մենք կորցնելու էինք պետականությունը, իսկ պատերազմ ո՞վ սկսեց` Ալիևը, ստացվում է. որ Ալիևի շնորհիվ մենք ունենք պետականություն։
Հետաքրքիր է, ի՞նչ կլիներ մեր պետականության հետ, եթե մենք հաղթեինք էդ պատերազմում:
Աբսուրդ»:
Րաֆֆի Ասլանյանի արձագանքն է. «Այսինքն, նման տրամաբանությունից ստացվում է, որ դու էլ, Արցախը հանձնելով, հայտնի ուժերի թոկը փոխարինեցիր Ալիևի ու Էրդողանի թոկով, որով կապել են ոչ թե «մոտակա ծառին», այլ «իրենց ձեռքից»…
Մեկ այլ օգտատեր էլ գրել է. «Այնպիսի տպավորություն է, որ կարծես կինոյի ռեժիսորը դուք լինեք՝ ծանոթ եք բոլոր սցենարներին:
Պատրանք մի՛ ստեղծեք, թե ամեն ինչ գիտեք կամ դուք այդ կինոյի «ուժեղ տղան եք», ով եկավ ու «փրկեց» բոլորիս: Ձեր ներկայությունը միայն արհավիրքներ է բերել հայ ազգին. այդ փաստն արդեն ապացուցված է:
Բա՞ թուրքահպատակության, անգլոթուրքական հատուկ ծառայությունների հովանու ներքո գործելու, Արցախը ու ՀՀ ինքնիշխան տարածքները թշնամուն զիջելու, եկեղեցին կազմաքանդելու սցենարն ինչո՞վ է ավարտվելու»:


















































