Լրահոս
Օրվա լրահոսը

Այդպիսի պոստեր կան` մենք անցնում ենք ադրբեջանցիների միջով, իրենք՝ մեր. Արմեն Խաչատրյան. «Հրապարակ»

Նոյեմբեր 25,2025 10:32

Հարցազրույց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անդամ, ՔՊ-ական Արմեն Խաչատրյանի հետ

– Պայմանագրային հիմունքներով ծառայող անձը վերջերս հարցազրույց էր տվել ու ասել, որ Սեւ լճի դիրք բարձրանալուց հայ զինվորներին ադրբեջանցիները ստուգում են, նոր են թողնում, թույլ են տալիս ընդամենը 2 օրվա սնունդ տանել իրենց հետ, ու որ այս մասին գիտեն ՊՆ-ում։ Ինքնիշխան պետությունում այդպե՞ս է կարգը` թշնամու թրի տակո՞վ պետք է անցնեն հայկական դիրք բարձրացող հայ զինվորները։

– Եթե նման բան է ասել, պետք է ստուգվի, թե ով է ասել եւ ինչու է նման հայտարարություն արել, եւ որտեղ է հրամանատարական կազմը, Ես հետամուտ եմ եղել, որ ճշտենք։ թե ով եւ ինչու է նման բան ասել, ու պարտադիր պետք է պարզվեն հանգամանքները։ Ինձ համար շատ զարմանալի է, որ ինչ-որ մի կամավոր նման հայտարարություն է անում։

– Բայց, փաստորեն, դա անհավանական բան չէ, հակառակ դեպքում հերքումների տարափ կլիներ:

– Թե այնտեղ սահմանային ինչ իրավիճակ է, ում պոստը որի միջով է անցնում, այդպիսի պոստեր կան, մենք անցնում ենք ադրբեջանցիների միջով, իրենք՝ մեր։

– Մեր տարածքները վերադարձնելու փոխարեն Ադրբեջանը նոր տարածքային նկրտումների մասին են բարձրաձայնում, դուք հավատո՞ւմ եք, որ ինքնակամ կհեռանան օկուպացրած տարածքներից…

– Այո, ես ոչ միայն հավատում եմ, այլեւ դա պարտադիր է, մեր տարածքները մինչեւ վերջին սանտիմետրը պետք է մեզ վերադարձվեն։

– Անցնենք 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աղմուկ հանած զեկույցին․ Դուք քանի տարի աշխատել եք այդ հանձնաժողովում, ո՞նց եք վերաբերվում, որ այն ժամկետանց համարելու պատրվակով չհրապարակվեց։ Ոմանց կարծիքով, քաղաքական որոշում է կայացվել՝ նախընտրական շրջանում իշխանությանը չթիրախավորելու նպատակով։

– Ժամկետների խնդիր կար, բայց իմ կարծիքն այն է, որ այս զեկույցն անպայման պետք է ներկայացվի, թեեւ հիմա բոլոր պատգամավորները հնարավորություն ունեն՝ գնան ծանոթանան, կարդան, որեւէ խնդիր չկա, բայց կարծում եմ՝ ինչ-որ ֆորմատով ԱԺ դահլիճում այն պետք է ներկայացվի պատգամավորներին, եւ պատասխանեն նրանց հարցերին, թեկուզ՝ գաղտնի ֆորմատով։ Դա պատմական փաստաթուղթ է եւ մնալու է արխիվում, ո՛չ կկորի, ո՛չ կցնդի։

– Եթե դա դրվեր քննարկման, լայն տարածում կգտներ, իսկ գաղտնի բաժնում պատգամավորները եթե անգամ ծանոթանում են, իրավունք չունեն այդ մասին խոսել։ Եվ հետո՝ ապրիլյանի զեկույցի ժամկետներն էլ էին խախտված, բայց դա ձեզ պետք էր, Արարատ Միրզոյանը, անտեսելով ժամկետի խնդիրը, հրապարակեց, իսկ 44-օրյայի զեկույցը ձեր դեմ ինքնախոստովանական ցուցմունք է լինելու: Բացի դա, հիմա հերքում եք, որ Արցախը մերն է եղել, բայց զեկույցով ստիպված եք լինելու ցույց տալ, թե ինչեր եք արել, որ մեր Արցախում հաղթենք։

– Զեկույցի հրապարակումը քաղաքական առումով, կոպիտ ասած, իշխանությանն է ձեռնտու։

– Ինչո՞ւ` ընդդիմությո՞ւնն է պատերազմը պարտվել։

– Դե, տեսեք, եթե այնտեղ փաստեր լինեին, որ իշխանության համար շատ վատ իրողություններ կառաջացնեն, ընդդիմությունն այդ մասին արդեն բարձրաձայնած կլիներ, որովհետեւ մտնում եւ ծանոթանում են զեկույցին։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930