Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիշինգային հարձակման նոր փորձը թիրախավորել է հայկական լրատվամիջոցի խմբագրին. CyberHUB

Հունվար 19,2026 17:08

CyberHUB.am-ի հետ կապ է հաստատել հայկական լրատվամիջոցի ավագ խմբագիրը, որը ստացել էր Signal-ի վերաբերյալ անհետաձգելի անվտանգության ծանուցում։ Հաղորդագրությունում պնդվում էր, որ խմբագրի հաշվին արտասահմանից նոր սարք է կապվել և կոչ է արվում անհապաղ միջոցներ ձեռնարկել կապը «չեղարկելու» համար։

Առաջին հայացքից հաղորդագրությունը ճշմարտանման տեսք ուներ, տպավորություն էր ստեղծվում, որ անհրաժեշտ է անհապաղ արձագանքել։ Հաքերները ներկայացել էին որպես “Signal Security Support Chatbot” և ներառել էին կոնկրետ սարքի մոդել, աշխարհագրական դիրք Ուկրաինայում և IP հասցե։ Հաղորդագրությունը ստացողի մոտ տպավորություն էր ստեղծվում, որ ինչ–որ մեկը մուտք է գործել օգտահաշիվ և անհրաժեշտ է արագ գործել ու կասեցնել հարձակումը։

Իրականում՝ հենց այս հաղորդագրությունն էր հարձակում՝ դա ֆիշինգի փորձ էր։

Այս միջադեպը հատկապես մտահոգիչ է դարձնում այն, որ ստացողը պատահականորեն չի ընտրվել։

Խմբագիրը նախկինում բազմիցս թիրախավորվել է Signal-ի հետ կապված ֆիշինգային հաղորդագրությունների կողմից և նախկինում նրա հեռախոսում հայտնաբերել էինք նաև լրտեսական ծրագիր։

Այս համատեքստում սա ավելի շատ նմանվոր է թիրախավորված հարձակման, այլ ոչ թե պատահական գրոհի։

Հաղորդագրությունն ինքնին կասկածելի է։ Սիգնալը հայտարարել է, որ անվտանգության չատբոտեր չի գործարկում և որ օգտատերերի հետ կապի մեջ չի մտնում։ Սիգնալը նաև զգուշացրել է, որ օգտահաշիվների մասին տեղեկատվություն չի փոխանցում «անկոչ» մասնավոր հաղորդագրությունների տեսքով: Մեր հրապարակած էկրանապատկերում կարող եք տեսնել, որ Signal–ի ինտերֆեյսը արդեն իսկ զգուշացնում է, որ ինչ–որ բան այնպես չէ՝ երևում է, որ ստացված հաղորդագրությունը անծանոթից է, այսպես ասած՝ «անկոչ» գրառում է։ Այլ կերպ ասած՝ երևում է, որ սա վստահելի աղբյուրից չէ:

Այս դեպքը հիշեցնում է, որ անվտանգ հաղորդագրությունների հարթակները ավելի ու ավելի հաճախ են օգտագործվում որպես հարձակման ուղղություն, այլ ոչ թե անվտանգ ապաստարաններ:

Այն փաստը, որ օգտատերերը վստահում են Signal-ին, այդօրինակ հարթակները գրավիչ է դարձնում հարձակվողների համար։ Առավել ևս նկատի ունենալով այն, որ հենց Signal–ը առավել շատ օգտագործվում է պետական, բիզնես ոլորտի մարդկանց, ինչպես նաև լրագրողների, փորձագետների, իրավապաշտպանների կողմից։

CyberHUB.AM-ը կոչ է անում լրագրողներին, իրավապաշտպաններին՝ առցանց հարթակներում «անվտանգության ահազանգերին» վերաբերվել թերհավատությամբ, նույնիսկ երբ դրանք տեխնիկապես գրագետ և ճիշտ ձևակերպված են թվում։

Մենք կշարունակենք արձանագրել և վերլուծել լրագրողների և իրավապաշտպանների դեմ ուղղված թիրախային թվային հարձակումները: Եթե դուք կամ ձեր կազմակերպությունը հանդիպել եք նմանատիպ միջադեպերի, խնդրում ենք տեղեկացրեք մեզ այդ մասին՝ մեր կայքում հասանելի կապի միջոցներով։

CyberHUB.AM

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031