«Մենք այսօր ստորագրել ենք ֆինանսական աջակցություն Հայաստանին, որն ավելացնելու է, բացելու է լրացուցիչ 140 միլիոն եվրոյի աջակցություն ՀՀ-ի համար։ Այս միջոցներն, ի թիվս այլ ուղղությունների, կնպաստեն այն բարեփոխումներին, որոնք անհրաժեշտ են վիզաների ազատականացման գործընթացում առաջընթաց գրանցելու համար։ Սրանք կարևոր են ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ ակտիվ երկխոսության փուլում, ինչը վկայում է մեր հարաբերությունների խորության մասին»,-ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։
Ըստ ԵՄ հանձնակատարի՝ սա կարևոր տարի է նաև հայկական ժողովրդավարության համար․ «Հունիսին ՀՀ-ում կկայանան ընտրություններ։ Եվրոպայի տարբեր երկրներում մենք ամեն օր տեսնում ենք, թե ինչպես են չարամիտ դերակատարները փորձում խաթարել ժողովրդավարական գործընթացները կիբեր հարձակումների, ապատեղեկատվության և այլ միջոցներով։ Եվրոպան այստեղ է աջակցելու ՀՀ-ին հիբրիդային սպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարում, որ հայերը, ՀՀ քաղաքացիները կարողանան ազատ ու արդար պայմաններում քվեարկել և ինքնուրույն որոշել իրենց երկրի ապագան»։
Նա փաստեց՝ իր նախորդ այցից ուղիղ վեց ամիս անց է Հայաստան ժամանել և հայտնեց՝ էլի վերադառնալու է․ «Ուրախ եմ վերադառնալ, քանի որ իմ սեփական աչքով կարող եմ տեսնել՝ ինչպես են ՀՀ-ում տեղի ունենում փոխակերպման գործընթացները։ Վերջին այցիցս հետո աշխարհաքաղաքական զարգացումները ևս մեկ անգամ ցույց տվեցին, թե որքան կարևոր է մեր գործընկերությունը Հարավային Կովկասում, թե որքան կարևոր է ունենալ վստահելի գործընկերներ ու բարեկամներ։ Հենց այդպես ենք ընկալում մենք ՀՀ-ին։ Շնորհակալություն տարածաշրջանից եվրոպացի քաղաքացիներին տարհանման գործում ՀՀ-ի ցուցաբերած աջակցության համար»։
Կարդացեք նաև
Ըստ Մարթա Կոսի՝ հյուսիսում և հարավում ընթացող պատերազմների պայմաններում Հարավային Կովկասով անցնող առևտրային ուղիները դառնում են առավել կարևոր, քան երբևէ․ «Փոխվարչապետ Գրիգորյանի հետ միասին դիտարկել ենք, թե որտեղ կարող ենք բարելավել ենթակառուցվածքները Եվրոպայի և Ասիայի միջև փոխադրումների ժամանակ մեր ծախսերը նվազեցնելու համար։ 2022-ից ի վեր այս ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալը քառապատկվել է։ Սակայն մեր համագործակցության շրջանակը սահմանափակված չէ միայն առևտրով և տնտեսությամբ։ Ես դիտարկում եմ սա նաև՝ որպես խաղաղությանը նպաստող ներդրում։ ՀՀ-ն և Ադրբեջանը կարևոր քայլեր են ձեռնարկել խաղաղության և կայունության ուղղությամբ։ Եվրոպան ցանկանում է աջակցել ներդրումներին տարածաշրջանային կապակցման ուղղությամբ՝ նպաստելով կայուն խաղաղությանը, անվտանգությանը և բարեկեցությանը։ ԵՄ-ն այդպես է կառուցվել՝ հենց խաղաղության ու բարեկեցության, կայուն զարգացման վրա։ Սահմանային անցակետերի բացումը, կամուրջները և ճանապարհների բացումը կարող է միավորել ինչպես մարդկանց, այնպես էլ նվազեցնել հակամարտության ռիսկը։ Եվրոպան իր պատմությունից գիտի, թե դա ինչքան կարևոր է»։
Մարթա Կոսը վստահեցրեց՝ ԵՄ-ն աջակցում է ՀՀ տնտեսական աճին և հայտնեց՝ 2024-ի ապրիլին դիմակայունության և աճի ծրագրի իրականացումից ի վեր ԵՄ-ն աջակցություն է տրամադրել արդեն 7000 ձեռնարկությունների, նպաստել 20 հազար աշխատատեղերի ստեղծմանը, կառուցվել են դպրոցներ, ներդրումներ են կատարվում նաև սոցիալական ոլորտում, կրթական համակարգի արդիականացման համար, 70 միլիոն եվրոյի աջակցություն է տրամադրվել ԼՂ-ից տեղահանված հայերի ինտեգրման համար։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































