Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե եթե իրենք չընտրվեն, սեպտեմբերին պատերազմ կլինի։ «Քաղաքական տեսլականի, քաղաքական դիրքորոշման մասին է խոսքը։ Եթե դուք դա կենտրոնացնում եք Նիկոլ Փաշինյանի անձի շուրջ, թող դա լինի այդպես, եւ Նիկոլ Փաշինյանը թող համարվի խաղաղության խորհրդանիշ, ես դրան դեմ չեմ»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Հարցին, թե հստակ տեղեկությո՞ւն ունեն պատերազմի մասին, նա պատասխանեց, որ քաղաքական գործիչները նաեւ կարողանում են քաղաքական վերլուծություն անել, դրա իրավունքն ունեն։ «Եվ վարչապետը՝ որպես առաջին քաղաքական գործիչներից մեկը Հայաստանում, դրա իրավունքն ունի։ Դա գնահատական է, երկրի վարչապետը, ունենալով ինֆորմացիա, տիրապետելով ամբողջ պրոցեսներին, կարող է նաեւ նման կանխատեսում անել։ Ի դեպ, ասեմ՝ քաղաքական դաշտի ներկայացուցիչների կողմից էլ է նման բան բարձրաձայնվել եւ բարձրաձայնվել է ամեն տարի։ Մեր պատգամավորներն ԱԺ ամբիոնից խաղաղության պարագայում էին ասում՝ պատերազմ է, ինչո՞ւ եք զարմանում»,- նշեց նա։
Դիտարկմանը, որ մարդկանց մոտ խուճապ է առաջանում նման հայտարարություններով, ինչպե՞ս են իրենց հետ հանդիպումներում արձագանքում այս հայտարարություններին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ասում են՝ սրանց էջը շուտ արեք, փակեք, պրծնենք մենք էս խոսակցությունից։ Էս են ասում մարդիկ մեզ։ Բա մարդիկ ինչո՞ւ են մեզ ասում՝ շնորհակալություն խաղաղության համար, մարդկանց երեխաները չեն մահանում, մարդն ավելի քիչ անհանգիստ է, երբ իր երեխան զորակոչվում է բանակ»։
Հարցին՝ սա վերլուծություն է, թե՞ հստակ տեղեկություն ունեն, գիտեն, որ պատերազմ է լինելու, ժողովրդին նախօրոք պատրաստո՞ւմ են, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ Նիկոլ Փաշինյանը վերլուծություն է արել։ «ՀՀ-ում կա երկու բեւեռ՝ մեկը դա հարեւանների նկատմամբ պահանջներ ներկայացնող բեւեռն է, օրինակ, Ռոբերտ Քոչարյանը, որն իր ասուլիսում ասում է՝ այսօրվա իրավիճակում սահմանափակվել 29 743 քկմ-ի մեջ, ուտոպիա է, խոսում են պահանջատիրության մասին։ Մարդիկ, ովքեր ՔՊ-ին դեմ են, դուրս էր եկել, ասում էր՝ Նախիջեւանն եմ ուզում, Կիլիկիան եմ ուզում եւ Ղարաբաղն եմ ուզում։ Էդ խոսույթը պատերազմի մասին է։ Ռոբերտ Քոչարյանն իր երազանքներով թող գնա իրենց տանը կիսվի, բայց երբ էսօր պառլամենտում գտնվող ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նման բան է ասում, ակնհայտ է, չէ՞ որ հանրությունը նման խոսակցության մեջ է հայտնվել ու հայտնվում է։ Եթե դուք նկատի ունեք, որ տենց տվյալներ կան,որ սեպտեմբերի էսինչ օրը էսինչ բան է լինելու, բնական է՝ նման տվյալներ չկան»,- ասաց Ալեն Սիմոնյանը;
Կարդացեք նաև
Հարցին, եթե իրավիճակ փոխվի, Ադրբեջանը թուլանա, Հայաստանը չպե՞տք է այլ քաղաքականություն վարի, դա են ասում ընդդիմադիրները, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Իհարկե, ոչ, երբեք, ոչ Թուրքիայի պարագայում, ոչ Ադրբեջանի։ Էս ի՞նչ եք խոսում դուք, իսկ եթե հիմա Ադրբեջանը մեր թուլացած վիճակից օգտվի եւ մտնի, մի հատ պուճուրիկ Երեւան քաղաք թողնի՞։ Այդ ձեր հարցը վրդովեցնող է, ՀՀ-ն երբեք չպետք է հարեւանների նկատմամբ ունենա տարածքներ պահանջներ եւ չունի։ Եթե Քոչարյանը տենց բան է ասել, խայտառակություն է»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































