Ֆասթ Բանկը վերսկսել է գործակցությունն «Արարատ» ֆուտբոլային ակումբի հետ և հանդես է գալիս որպես ակումբի տիտղոսային հովանավոր։ Հպարտության խորհրդանիշ դարձած «Արարատ-73»-ը բարձր նշաձող է սահմանել հայկական ակումբային ֆուտբոլի համար, և այսօր ակումբն ու Ֆասթ Բանկը միավորել են ուժերը՝ նոր վերընթաց գրանցելու համար։
Ֆասթ Բանկի մանրածախ բիզնեսի կառավարման տնօրեն, տնօրինության անդամ Տիգրան Սարգսյանն ասել է․ «Մեզ համար հպարտություն է վերսկսել գործընկերությունն ակումբի հետ, որը գրել է հայկական սպորտի ամենափառահեղ էջերը: Ֆասթ Բանկի համար միևնույն ժամանակ կարևոր է լինել ակումբի կողքին ոչ միայն նվաճումները նշելիս, այլև իսկական պայքարի և նոր նպատակների ձևավորման շրջանում»:
«Արարատը» հաջողություններ է գրանցել նաև անկախ Հայաստանի պատմության մեջ՝ մեկ անգամ դառնալով չեմպիոն և սուպերգավաթակիր։ Այսօր պորտուգալացի գլխավոր մարզիչ Ռիկարդո Դիոնիսիոյի գլխավորությամբ թիմը փնտրում է նոր տակտիկական լուծումներ, ցուցաբերում համառություն և քայլ առ քայլ շարժվում դեպի նոր հաղթանակներ։
«Շատ ուրախ ենք, որ Ֆասթ Բանկը ևս մեկ անգամ հանդիսանալու է մեր տիտղոսային հովանավորը: Այս համագործակցությունը շատ կարևոր քայլ է մեր ակումբի զարգացման և ռազմավարության շրջանակներում: Մենք շատ ենք կարևորում այն և կարծում ենք, որ այն նոր հնարավորություններ կստեղծի ինչպես մեր ակումբի, այնպես էլ մեր երկրպագուների համար», – նշել է «Արարատ» ՖԱ գործադիր տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանը։
Կարդացեք նաև
Հավելենք, որ Ֆասթ Բանկում կարևորում են ֆուտբոլի զարգացումն ու առաջընթացը՝ հետևողական ներդրումներ կատարելով այս ոլորտում։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։


















































