Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխող ուժի միլիոնները․ ովքեր են կանգնած ՔՊ-ի խոշոր նվիրատվությունների հետևում. factor.am

Մայիս 15,2026 23:13 Share

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2025 թվականին ստացել է 416․7 մլն դրամ նվիրատվություն 3 անգամ ավելի շատ, քան 2024 թվականին։ Ընդ որում՝ այս գումարի 29%-ը՝ 121 մլն դրամ, նվիրատվություն է գործարարների և նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից։

Ընդհանուր առմամբ 2025 թվականի ընթացքում կուսակցությանը կատարվել է 1688 նվիրատվություն։ Ընդ որում՝ դրանցից 44-ը եղել է 2․5 մլն դրամի չափով, 2-ը՝ 3 մլն դրամի, 2-ը՝ 4 մլն դրամի, 11-ը՝ 5 մլն դրամի, 1-ը՝ 7․5 մլն դրամի, և 1-ը՝ 8 մլն դրամի չափով։ Նույն անձից օրենքով թույլատրելի առավելագույն՝ 1 տարվա ընթացքում 10 մլն դրամի չափով 1 նվիրատվություն է եղել, սակայն մաս-մաս՝ 2․5 մլն+7․5 մլն դրամ։

Իսկ ովքե՞ր են իշխող կուսակցությանը խոշոր նվիրատվություն կատարած անձինք։

Factor.am–ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2025-ին ՔՊ-ի խոշոր նվիրատուների շարքում շատ են գործարարներն ու իշխանությունների հետ փոխկապակցված անձինք։

Պարտապան նվիրատուն

«Օրդ գրուպ» ՍՊԸ-ի սեփականատեր Սամվել Օրդուխանյանը 2025-ի ընթացքում ՔՊ-ին նվիրաբերել է օրենքով առավելագույն թույլատրելի չափը՝ 10 մլն դրամ, որից 2․5 մլն-ը՝ փետրվարին, և 7․5 մլն-ը՝ նոյեմբերին։ «Օրդ գրուպ» ընկերությունը Երևանում մի քանի բազմաֆունկցիոնալ համալիր է կառուցել և կառուցում, նաև հավակնում է շահագործել Կարմիրսարի կրաքարային մերգելների հանքավայրը, որի նախագիծը Վեդի համայնքի ավագանու նիստի ժամանակ անցած տարի ակտիվ պաշտպանում էր համայնքի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գարիկ Սարգսյանը։ Սամվել Օրդուխանյանի հայրը՝ Լևոն Օրդուխանյանը, անցած տարի Երևանի քաղաքապետարանի հանդեպ հարյուրավոր միլիոնների պարտավորություններ է ունեցել։ ԴԱՀԿ-ն մի քանի արգելանք է դրել նրա ունեցվածքի վրա, որոնցից մեկը՝ 825 մլն դրամի․ այն մարվել է միայն 2026-ի հունվարի 9-ին։ Ստացվում է, որ ընտանիքում նման խոշոր պարտքի առկայության պայմաններում Օրդուխանյանները ֆինանսավորել են իշխող ուժին։

Սուքիասյանների շրջապատի 52 միլիոնը

52 մլն դրամ կամ ամբողջ նվիրատվությունների գումարի մոտ 12․5 %-ը նվիրաբերել են ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի անդամները և նրանց պատկանող ընկերությունների աշխատակիցները՝ ընդհանուր 11 հոգի, մասնավորապես՝ Սուքիասյան եղբայրների զավակները՝ Ալբերտ Սուքիասյան Խաչատուրի, Մերի Սուքիասյան Սարիբեկի, Արիկ Սուքիասյան Ռոբերտի և Խաչատուր Սուքիասյան Էդուարդի, ինչպես նաև՝ Սուքիասյանների ընկերությունների ղեկավարները։ Ընդ որում, ինչպես երևում է թվերից, երիտասարդ Սուքիասյանները և աշխատակիցներն իշխող ուժին նվիրաբերել են յուրաքանչյուրը 5 մլն դրամ։ Ավելին՝ այս ամբողջ գումարը ՔՊ-ին փոխանցվել է հիմնականում 3 օրում՝ 2025-ի հոկտեմբերի 14-16-ը։ Միայն «Սիլ կապիտալ» ընկերության տնօրեն Հայկ Բաղրամյանն է փոխանցել 5500 դոլար՝ մարտին (հեղ․՝ համարժեք է 2 մլն 166 հազար դրամի)։ Այդ ժամանակ ՔՊ-ն հայտարարել էր դրամահավաք Գյումրիի, Փարաքարի և Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների և կուսակցության ընթացիկ գործունեության կարիքների համար։

Անհայտ մեծահարուստը

Սուքիասյանների կատարած փոխանցումների նույն օրը՝ 2025-ի հոկտեմբերի 14-ին, ՔՊ-ն ստացել է միանվագ ամենամեծ ծավալի՝ 8 մլն դրամ նվիրատվություն։ Նվիրատուն Արթուր Արտակի Գրիգորյանն է։ Այս անունով քաղաքացիները Հայաստանի ընտրողների ռեգիստրում 5-ն են։ Սակայն նրանցից որևէ մեկը խոշոր գործարար չէ․ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում ընկերության նման սեփականատեր կամ տնօրեն գրանցված չէ։ Նրանց գույքի ուսումնասիրությամբ պարզել ենք, որ ոչ մեկը մեծ գույքի սեփականատեր չէ։

Factor.am-ը դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ պարզելու՝ արդյո՞ք նվիրատուն ունի համարժեք եկամուտներ և որևէ խախտում չկա։ Հանձնաժողովից պատասխանել են, որ ոչ բոլոր նվիրատվություններն են պարտադիր ստուգման ենթակա, սակայն Արթուր Գրիգորյանի այս նվիրատվությունը ներառված է պարտադիր ստուգման ցանկում․ «Դրա շրջանակում նաև նվիրատուի եկամտի հետ է համադրություն իրականացվում, արդյո՞ք օրինական եկամուտներով հիմնավորվում է նվիրատվություն կատարելը, թե՞ ոչ»։

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031