Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԳՆ թվայնացման օրակարգի առանցքում քաղաքացուն պարզ և հարմարավետ ծառայությունների մատուցումն է. Արմեն Ղազարյան

Օգոստոս 04,2026 18:35 Share

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը մասնակցել է «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառմանը, որը համախմբել էր տարբեր երկրների ստարտափների հիմնադիրների, ոլորտային փորձագետների, տեխնոլոգիական ընկերությունների, ինչպես նաև պետական հատվածի ներկայացուցիչների։

Արմեն Ղազարյանը տեխնոլոգիական համայնքին է ներկայացրել Ներքին գործերի նախարարության թվայնացման օրակարգը, իրականացվող բարեփոխումները և տեխնոլոգիական ոլորտի հետ համագործակցության հնարավորությունները։

Նախարարի տեղակալն անդրադարձել է անձը հաստատող փաստաթղթերի նոր՝ կենսաչափական համակարգի ներդրմանը՝ նշելով, որ այն պետական ծառայությունների թվային վերափոխման կարևոր բաղադրիչներից է։ Նոր համակարգը հնարավորություն կտա բարձրացնել անձի նույնականացման հուսալիությունը, ապահովել տվյալների պաշտպանության ժամանակակից չափանիշներ և քաղաքացիներին մատուցվող ծառայությունները դարձնել առավել անվտանգ, արագ ու հասանելի։

Արմեն Ղազարյանը անդրադարձել է նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման ակտիվ երկխոսությանը՝ ընդգծելով, որ կենսաչափական փաստաթղթերի ամբողջական և միջազգային չափանիշներին համապատասխանող համակարգի առկայությունը վիզաների ազատականացման գործընթացի կարևոր նախապայմաններից է։

Արմեն Ղազարյանը ներկայացրել է նաև Բնակչության պետական ռեգիստրի վերափոխման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Նա նշել է, որ ռեգիստրը դառնալու է բնակչության վերաբերյալ հավաստի թվային տվյալների մեկ միասնական շտեմարան և փոխգործելիություն է ապահովելու պետական այլ թվային համակարգերի հետ։

ՆԳ նախարարի տեղակալի խոսքով՝ ՆԳՆ թվայնացման օրակարգի նպատակն է ոչ միայն գործող ծառայությունները տեղափոխել թվային միջավայր, այլև վերանայել դրանց տրամադրման ամբողջ գործընթացը՝ ծառայությունները դարձնելով քաղաքացու համար առավել պարզ և հարմարավետ։

«Seaside Startup Summit Armenia 2026»-ն անցկացվել է ՀՀ կառավարության հովանու ներքո և համախմբել շուրջ 2000 մասնակցի՝ ավելի քան 50 երկրից։ Սամմիթի շրջանակում կազմակերպվել է նաև «Government Day» խորագրով միջոցառում, որի նպատակը պետական կառույցների ոլորտային խնդիրների և դրանց համար առաջարկվող թվային լուծումների ներկայացումն էր։

 

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31