«Էական հանգամանք է հենց սահմանին առավել մեծ քանակությամբ թմրամիջոցների հայտնաբերումը։ Վերջին տարիների վիճակագրությունը, եթե նայենք, ապա այն տարեցտարի աճում է։ Սա, ընդհանուր առմամբ, համաշխարհային թրենդ է, և սա կարող ենք նաև իրավապահ համագործակցության առավել լավ լինելու հանգամանքով պայմանավորել։ Այստեղ, օբյեկտիվորեն, լատենտայնության հանգամանք կա։ Չենք կարող ասել՝ թմրամիջոցների հայտնաբերումը լավ աշխատանքի արդյո՞ւնք է, թե՞ ապօրինի շրջանառությունն է շատացել»,– ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը՝ հավելելով, որ Հայաստանում վերջին շրջանում աճող վիճակագրություն ունենք թմրամիջոցների հայտնաբերումների առումով։
Պատճառն, ըստ փոխնախարարի, այն է, որ վերջին երկու տարիներին ոստիկանության շեշտադրումը եղել է առավել մեծ քանակությամբ՝ սահմանի վրա հայտնաբերումներին աջակցելը և կանխարգելելը։
Փոխնախարարը պատասխանում էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի դիտարկմանը։ Ըստ ընդդիմադիր պատգամավորի, Երեւանում հայտնի «Վերոնիկայի» մանկապարտեզը, որի տնօրենն իր ժամանակին եղել է Արմեն Ղազարյանի տատիկը, եւ որը որ պետականացվել է արդեն երեք տարի, վերածվել է «թմրամիջոցների շրջանառության որջի»։
Կարդացեք նաև
Մեսրոպ Մանուկյանը հիշեցրեց՝ իր՝ Երեւանի ավագանու անդամի գործունեության ընթացքում բազմիցս է անդրադարձել կրթական հաստատություններում թմրամիջոցների շրջանառության սպառնալիք ներկայացնող մասշտաբներին։ Առհասարակ, հանրապետությունում թմրամիջոցների մանրածախ շրջանառությունը ըստ ընդդիմադիր պատգամավորի, մեծ խնդիր է։
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից միջազգային վերահսկելի մատակարարման կազմակերպման և իրականացման կարգի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին հարցին․ այն վերաբերվում է թմրամիջոցների շրջանառության վերահսկողությանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ




















































